Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Երևանի Հրազդան մարզադաշտի, Գյումրու օդանավակայանի, Մարզահամերգային համալիրի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի 85-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ նրա կյանքի և գործունեության ամենահետաքրքիր դրվագներն ամփոփող «Արարման ուղին» գրքի շնորհանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նույն օրը բացվեց հեղինակի ստեղծած շենքերի ու շինությունների նախագծերը ներկայացնող ցուցահանդեսը:
Մուշեղյանին շնորհավորելու և նրա կատարած լուրջ աշխատանքն արժևորելու էին եկել ճարտարապետի ընկերները, հարազատները, գործընկերներն ու հետաքրքրասերները:
«Մուշեղյանը հրաշալի մասնագետ է, լավ քաղաքացի, որին չափազանց հարգում եմ: 85-ամյակն էական չէ, կարևոր է, որ նա մշտապես մեծ պահանջարկ է ունեցել: Ի խորոց սրտի լավագույնն եմ մաղթում»,-նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Գրքի հեղինակ Անուշ Տեր-Մինասյանը, կարևորելով Մուշեղյանի բազմածավալ աշխատանքը, հիշեցրեց, որ նա բազմաթիվ տիտղոսների և կոչումների է արժանացել: «Երբ խոսում ենք Մուշեղյանի մասին, խոսում ենք մի ամբողջ դարաշրջանի մասին: Ճարտարապետը նորարական մոտեցմամբ է կառուցել յուրաքանչյուր շենք, բայցև պահպանել է ազգային ավանդույթները» ,-ասաց նա:
«Հայրս մշեցի էր, պապս՝ Մշո Առաքելոց եկեղեցու առաջնորդը: Հայրս ասել է, որ ցանկանում է՝ ես հանրությանը պիտանի անձնավորություն լինեմ: Կարծում եմ՝ նրա ցանկությունն իրականացել է»,-ասաց Գուրգեն Մուշեղյանը:
Ճարտարապետը շեշտեց, որ իր գործունեության ընթացքում մշտապես աջակցել են ընկերները, գործընկերները, որոնց հետ երկար ճանապարհ է անցել:
Նա ընդգծեց, որ մարդը երբեք չպետք է կորցնի հավատը մարդկանց նկատմամբ, պետք է մնա մարդ, հարգի իր միջավայրը, որովհետև միայն միջավայրում է կայանում մարդ անձնավորությունը, քաղաքացին:
Անդրադառնալով «Արարման ուղին» գրքին ճարտարապետն ասաց, որ քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը յուրաքանչյուր ազգի պատմությունն են և հուշերը: «Աշխատենք խնամքով վերաբերվել մեր մշակույթին, պահպանել այն ու փոխանցել սերունդներին: Անհրաժեշտ է հարգել անցյալն ու չփակել ապագայի ճանապարհը»,-եզրափակեց Մուշեղյանը:
Գուրգեն Մուշեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: Եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետը, այնուհետև` Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
Մուշեղյանի ղեկավարությամբ 1991-1995 թվականներին կազմվել են ՀՀ քաղաքների վճարովի հողօգտագործման, սեյսմիկ գոտիներում քաղաքաշինության համակարգերի կայունության ու հուսալիության նախագծեր, Երևանի 2006-2020 թվականների գլխավոր հատակագիծը։ Համահեղինակ է «Քաղաքային հողօգտագործումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում