ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մեծապես կարևորել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հանդիպումների և խորհրդակցությունների պարբերական անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի և դրա կիրարկման ուղղությամբ գործնական քայլերին։
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են միմյանց դիրքորոշումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն գործընթացի և օրակարգային հարցերի շուրջ:
Նախարար Մնացականյանը վերահաստատել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են՝ ընդգծելով, որ խաղաղության գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը։ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը նաև մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման հարցերի շուրջ` նշելով, որ ներքին լսարանի համար ադրբեջանական իշխանությունների կողմից արվող ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ժողովուրդների խաղաղության նախապատրաստման հանձնառության իրականացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում