Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է
Նմանատիպ
«ԶԱստուած փնտռելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը եւ իմ Հայրենիքը, եւխոնարհուեցի ճակատագրին առջեւ»
(ՎԱԶԳԵՆ Ա)
Կաթողիկոս Ամենայն Հայոց 1908 թվականի սեպտեմբերի 20-ը սովորական մի օր էր:
Աստծու մի պարզ առավոտ էր բացվում: Բայց այդ պարզ առավոտը բեթղեհեմյան աստղի նման ավետիս էր պարգևելու ոչ միայն մի պարզ, արհեստավորի ընտանիքի, այլ ողջ Հայ Եկեղեցուն: Ահա այսպես բեթղեհեմյան մանուկի պատմությունը յուրովի կրկնվում է տարբեր ժամանակներում՝ շարունակելով ջերմացնել մարդկանց հավատքը:
1908 թվականի սեպտեմբերի 20-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, արհեստավորի բարեպաշտ ընտանիքում, Աբրահամ և Սիրանույշ նորապսակները բախտավորվում են Լևոն-Կարապետ Պալճյանի ծնունդով: Որոշ տարիներ անց, 1913 թվականին պալճյանների ընտանիքը այցելում է Կ.Պոլիս: Չորս տարեկան փոքրիկ Լևոն-Կարապետը հաճախում է Կետիկ-փաշայի ազգային մանկապարտեզը: Լևոն-Կարապետի մայրը դառնում է իր զավակի առաջին ուսուցիչը, որն իր մայրական անխարդախ կաթի հետ իր զավակին կրթում է մայրենի լեզվի, ազգային սրբությունների և Հայ Եկեղեցու անզուգական հավատքի նկատմամբ նվիրումի ոգով:
1914 թվականի գարնանը Լևոն-Կարապետն իր ծնողների հետ վերադառնում է Ռումինիա, ուր հաճախում է տեղի հայկական ազգային մանկապարտեզը, մինչև 1916 թվականը:
1916 թվականի ձմռանից, առաջին համաշխարհային պատերազմի մեջ Ռումինիայի մասնակցության պատճառով տեղի հայության նկատմամբ սպասվող վտանգից դրդված Պալճյան ընտանիքը տեղափոխվում է Օդեսա քաղաք, մինչև 1919 թվական: Դեպի Եգիպտոս փախուստին նմանվող դժվարին օրեր էին, հանապազորյա հացի խնդրով մտահոգ օրեր:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի առաջին իսկ շրջանում Պալճյան ընտանիքը վերադառնում է Ռումինիա:
Պատանի Լևոնն իր նախնական, միջնակարգ և բարձրագույն կրթությունն ստանում է Բուխարեստի նախ հայկական, ապա գերմանական ու պետական ուսումնական հաստատություններում:
1928 թվականին Լևոն-Կարապետը ավարտում է միջնակարգ վարժարանի առևտրական ճյուղը և ստանում վկայական՝ միաժամանակ հաճախելով վարժարանին կից հայոց լեզվի և գրականության դասընթացներին:
1929 թվականից սկսյալ նա օգնական ուսուցչի և քարտուղարի պաշտոն է ստանձնում Բուխարեստի հայկական վարժարանում՝ միաժամանակ շարունակելով իր ուսումը:
1931 թվականին Լևոն-Կարապետ Պալճյանն ընդունվում է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը՝ մասնագիտություն ընտրելով մանկավարժությունը, հոգեբանությունն ու հասարակական գիտությունները:
Այս շրչանում նա աչքի է ընկնում որպես Բուխարեստի հայ ուսանողների միության գործոն անդամներից մեկը՝ պոլսահայ մտավորական Հ. Ճ. Սիրունու ղեկավարության ներքո հետևելով նաև գրաբարի դասընթացների:
1936 թվականին նա ավարտում է պետական համալսարանը: 1937 թվականին ավարտում նաև համալսարանի գործնական մանկավարժություն բաժինը:
1937-1942 թվականներին Լևոն Պալճյանը աչքի ընկնելով Բուխարեստի հայ ուսանողական միության մեջ, միաժամանակ մտերմանում և սերտ կապեր է հաստատում Ռումինիայի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հուսիկ արքեպսկ. Զոհրապյանի հետ՝ առավել սևեռելով իր հետաքրքրությունը դեպի Հայ Եկեղեցին:
1942 թվականին, Հուսիկ արքեպսկ. Զոհրապյանի վախճանվելուց հետո, երբ թեմական աթոռը թափուր էր մնացել, իր հայապահպանմանն ուղղված ջանքերի մեջ աչքի ընկնելով համայնքի կյանքում, համալսարանավարտ ուսուցիչը ռումինահայության կողմից ընտրվում է որպես արժանի հաջորդ:
Աստուծո կանչով և իր ժողովրդի ընտրությամբ, 1943 թվականի սեպտեմբերի 30-ին Լևոն-Կարապետ Պալճյանն Աթենքում, Տուրղուդի-Ֆիքսի հայկական ս. Կարապետ եկեղեցում, Հունաստանի հայոց առաջնորդ գերաշնորհ Տ. Կարապետ արքեպիսկ. Մազլումյանի ձեռքով ձեռնադրվում է քահանա՝ վերանվանվելով Վազգեն՝ ստանալով նաև վարդապետական աստիճան: Հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Պալճյանն այսպիսով մեկ օրում բարձրանում է աշխարհական վիճակից մինչև վարդապետության:
Վազգեն վարդապետը, 40-օրյա պահեցողության շրջանից հետո, նոյեմբերի 28-ին, Բուխարեստի ս. Հրեշտակապետաց եկեղեցում, ծովածավալ բազմության առջև իր անդրանիկ պատարագն է մատուցում: Նույն օրը թեմական պատգամավորական ժողովը նրան միաձայն ընտրում է թեմի առաջնորդական տեղապահ: Դեկտեմբերի 1-ին պետական հրովարտակով Ռումինիայի կառավարությունը հաստատում է նրա ընտրությունը:
Վազգեն վարդապետի առաջնորդական տարիների հիմնական ու գլխավոր գործունեությունը քարոզչությունն ու հովվությունն է եղել:
1945 թվականին ս. Էջմիածնում նա մասնակցում է ազգային-եկեղեցական ժողովին:
1948 թվականին ռումինահայ թեմի պատգամավորական ժողովը Վազգեն վարդապետին ընտրում է առաջնորդ, իսկ Գևորգ Զ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նույն թվականին, մայիսի 23-ին, կիրակի օրը ս. Էջմիածնի Մայր Տաճարում, իր հայրապետական օրհնությամբ Վազգեն վարդապետին շնորհում է ծայրագունության աստիճան:
1951 թվականի հուլիսի 8-ին Գևորգ Զ կաթողիկոսը, ռումինահայ ազգային-եկեղեցական իշխանությունների և ժողովրդի միաձայն վկայությամբ, Վազգեն ծայրագույն վարդապետին շնորհում է եպիսկոպոսական աստիճան:
1954 թվականին Գևորգ Զ երջանկահիշատակ կաթողիկոսի թաղման տխուր առիթով Վազգեն սրբազանը գլխավորում է ռումինահայ թեմի պատգամավորների խմբին: Նույն թվականի հունիսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, եպիսկոպոսական ժողովում Վազգեն սրբազանը ընտրվում է գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
1955 թվականի սեպտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովի երկրորդ նիստում, ամսույս 30-ին, հանդիսավոր պայմանների ներքո Վազգեն եպիսկ. Պալճյանը ընտրվում և դառնում է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսը, այլևս՝ Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց:
1955 թվականի հոկտեմբերի 2-ին, կիրակի օրը, վեհաշուք հանդիսությամբ, Մայր Տաճարում կատարվում է նորընտիր հայրապետի կաթողիկոսական ձեռնադրությունն ու օծումը: Այնուհետև, հոկտեմբերի 8-ին, ազգընտիր հայրապետը կատարում է սրբալույս մյուռոնի օրհնությունը: Դեկտեմբերի 1-ին Վեհափառ Հայրապետը գրում է իր օրհնաբաշխ անդրանիկ կոնդակը, որը միաժամանակ նրա ապագա գործունեության և ծրագրերի ամփոփ խտացումն էր:
1956 թվականի փետրվար-մայիս ամիսները վեհափառ հոր հովվապետական այցելությամբ իրադարձություն դարձան սփյուռքահայության ազգային-եկեղեցական կյանքում: Նորին Վեհափառության շնորհաբաշխ այցի նպատակն էր նաև առավել մոտիկից ծանոթանալ սփյուռքահայության ազգային-եկեղեցական կյանքին՝ ամրապնդելով նրանց հավատքը սբ. Էջմիածնի հանդեպ: Հովվապետական այս այցելության ընթացքում վեհափառն եղավ նաև Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանում՝ մասնակցելով կաթողիկոսական ընտրության և օծման հանդիսություններին:
1957 թվականի հունվար ամսին, շնորհիվ վեհափառ հոր, Մայր Աթոռին է վերադարձվում Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով կառուցված նոր վեհարանի շենքը:
1957 թվականին Վեհափառ Հայրապետն այցելում է նաև մայր հայրենիքի և սովետ միության հայկական թեմեր:
Վազգեն վեհափառի հայրապետական գործունեությանց մի զգալի մասն է կազմում նպատակաուղղված կերպով փորձել հնարավորինս վերանորոգել սրբավայրերը: Այս կապակցությամբ նա 1957–ին հրավիրում է յոթ հոգանոց ճարտարապետների հանձնաժողով: Վերանորոգչական աշխատանքներ են կատարվում մայրավանքում, սբ. Հռիփսիմյանց վանքում, ինչպես նաև Շողակաթում, Օշականում, Տաթևում, Հաղարծինում, Հառիճում, Բջնիում, Խոր Վիրապում, Գեղարդում և այլուր:
Վերանորոգվում են նաև Եղեգնաձորի սբ. Խաչ վանքը, Երևանի սբ. Սարգիս, սբ. Հովհաննես, զորավոր սբ. Աստվածածին եկեղեցիները, Գյումրիի սբ. Աստվածածին եկեղեցին:
Նույն թվականին վեհափառը հովվապետական այցելությամբ լինում է Նոր-Նախիջևանում և Հարավային Ռոսաստանում, այցելում է Թբիլիսի, Ադրբեջանի հայոց թեմեր, ի մասնավորի Վեհափառ հայրապետն իր հայրապետական խոսքը փոխանցում է Բաքվի առաջնորդանիստ եկեղեցում, Կիրովաբադի հայկական եկեղեցում: Այնուհետև սեպտեմբերի 25-ին վեհափառն ուղևորվում է Ստեփանակերտ և Շուշի, Գանձասարի ու Ամարասի վանքերը:
1957 – 1959 թվականների ընթացքում վեհափառը վեց եպիսկոպոսական ձեռնադրություն է կատարում սփյուռքի թեմերի համար:
1960 թվականին Նորին Սրբությունն այցելությամբ մեկնում է հյուսիսային և հարավային Ամերիկա, ապա՝ Ֆրանսիա: Վեհափառն այցելում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի և Փարիզի հայկական եկեղեցական կենտրոններ:
1961 թվականին Վազգեն վեհափառն այցելում է Իստամբուլ՝ մխիթարելու մի ժողովրդի, որը հարյուրամյակներ չէր տեսել հայոց հայրապետի ներկայությունը իրենց քաղաքում: Կ.Պոլսո Գարեգին պատրիարքի մահից հետո վեհափառ հոր այցելությունը մեծ մխիթարանք էր թուրքիայում ապրող հայության համար:
1962 թվականին Վեհափառի նախաձեռնությամբ հայ եկեղեցին դառնում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ:
Նույն թվականի սեպտեմբերի 30-ին Վազգեն վեհափառի նախագահությամբ գումարվում է Ազգային-եկեղեցական ժողով, որի ընթացքում քննարկվում են տարրաբնույթ խնդիրներ, ի մասնավորի վեհափառը ներկայացնում է յոթնամյա գործունեության իր զեկուցումը, քննարկվում է Հայ Եկեղեցու կանոնագրքի մշակման հարցը, Հայ Եկեղեցու միասնության ամրապնդման հարցը, կատարվում է Գերագույն Հոգևոր Խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովների ընտրությունները և քննարկվում են Մայր Աթոռի առաջիկա շինարարական գործունեության ծրագրերը:
1963 –ին հովվապետական այցելություն Երոսաղեմի հայոց պատրիարքություն և Լոնդոնի, Եգիպտոսի, հնդկաստանի հայկական թեմեր: Պատմական հանդիպում միևնույն օրը Երուսաղեմ ժամանած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա – ի հետ:
1965 թվականին վեհափառը լինում է Ադիս-Աբեբայում (Եթովպիա)՝ մասնակցելու Արևելյան Ուղղափառ հինգ եկեղեցիների պետերի համաժողովին: Այնուհետև այցելում է Կահիրեի, Փարիզի, Լոնդոնի հայկական համայնքները:
1970 թվականը նշանավորվում է վեհափառ հոր ուղևորությամբ Հռոմ՝ հանդիպելու Նորին Սրբություն Պողոս Զ Պապի հետ: Մայիսի 12-ին երկու քահանայապետերը «համատեղ հայտարարություն» են ստորագրում՝ նվիրված խաղաղության պաշտպանությանը:
Վեհափառ հոր գահակալության շրջանում փոփոխություններ են կատարվում նաև թեմական կառույցներում: Հատկապես նշելի է նորաբաց թեմերի հանգամանքը, որով նկատելի է Նորին Վեհափառության վերաբերմունքն ու սևեռուն ուշադրությունը աշխարհի տարբեր մասերում ձևավորվող նոր հայկական համայնքների նկատմամբ: Այս մղումով վեհափառն անմիջապես նախաձեռնում է այդ տարածաշրջաններում ստեղծել հոգևոր կենտրոններ և թեմական վիճակներ: Այսպես 1958 թվականին հայրապետական կոնդակով կազմավորվում է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակությունը, 1968 թվականին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը, 1974-ին՝ Անգլիայի թեմը, 1984 թվականին Վեհափառը կոնդակով ծանուցում է Կանադայի հայկական նոր թեմի բացումը, նույն տարում կազմավորվում են նաև Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի թեմերը, 1989 թվականին Արցախի շուրջ ծավալված խնդիրներով մտահոգ վեհափառը հայրապետական կոնդակով համարձակորեն վավերացնում և վերաբացում է Արցախի պատմական թեմը: 1991-ին վեհափառ հոր վճռագրով բացվում է Ուկրանիայի թեմը: 1992 թվականին բացվում է Գերմանիայի թեմը:
Նույն տարում հայրապետական կոնդակով բացվում է նաև Շվեցարիայի թեմը:
Վեհափառն իր օգնության ձեռքն էր միշտ մեկնում ոչ միայն աշխարհով մեկ տարագրված հայերին, այլև օտարներին: Այսպես մեջբերենք միայն երկու օրինակ. 1986-ին Չերնոբիլի ատոմակայանի աղետալի հետևանքները վերացնելու համար Նորին Վեհափառունը հարյուր հիսուն հազար ռուբլի է տրամադրում, այնուհետև ևս հարյուր հազար ռուբլի 1987 թվականի Վրաստանում եղած տարերային աղետից տուժածների համար:
Վեհափառ հոր հայրապետության տարիները, հակառակ սովետմիության ճնշիչ քաղաքականության, բեղուն են եղել, ավելին, Նորին Վեհափառությունն իր ճկուն գործելակերպով կարողացավ պահել հայ եկեղեցին իր բարձունքի վրա: Հատկանշական է նրա գործունեությունը միջեկեղեցական հարաբերություններում, բազմիցս հանդիպումներն ու այցելությունները քույր եկեղեցիների առաջնորդներին, և իհարկե վեհափառ հոր չդադարող հովվապետական այցելությունները, չխնայվող ջանքերը ջերմացնելու հարաբերությունները ոչ միայն Էջմիածին-Անթիլիաս հարաբերություններում, այլև արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի մյուս անդամների հետ: Աշխարհին հուզող պատերազմական ծանր իրադարձությունների շրջանում միշտ կարելի էր աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող կոնֆերանսներում լսել խաղաղության և սիրո նրա ջերմ հորդորը: Անխոնջ հայրապետը, լինելով Հայ Եկեղեցու առաջին դեմքը, այն աշխարհին ներկայացնելով իր բարձր դիրքում, շարունակում էր մնալ իր պարզության մեջ՝ պարտաճանաչորեն դասավանդելով Հոգևոր ճեմարանի սաներին՝ վերջիններիս համար էլ Հայ Եկեղեցու առաջնորդն ու հայրապետը լինելուց զատ մնալով հայր և ուսուցիչ:
Նա ամեն տեղ էր. չնայած ժամանակի արգելքներին, մտահոգ էր եկեղեցաշինությամբ, Էջմիածին ամսագրի և այլ հոգևոր գրականության հրատարակությամբ, իր խոսքն ու միտքը սևեռված էին եկեղեցու միության, աշխարհի խաղաղության և քրիստոնեական եղբայրասիրության վրա: Միջեկեղեցական կյանքից երբեք չբացակայելով վեհափառը միշտ իր ժողովրդին հուզով հարցերի մեջ և կենտրոնում էր: Հատկապես սովետմիության անկման շրջանում, երբ վատթարանում էր Հայաստանի տնտեսությունը, անխոնջ հայրապետն իրեն չէր խնայում՝ օգնության միջոցներ հայթայթելով և մտահոգվելով իր հայրենակիցների օրվա հացի խնդրով, իսկ Մայր Աթոռի սրահներում, տարբեր առիթներով պատմում էր դրվագներ իր մանկության նեղ օրերից՝ գոտեպնդելով ժամանակի դժվարություններից ընկճվածներին: Այդպիսի առիթներից էր 1991 թվականի դեկտեմբերի 31-ի նոր տարվա գիշերը: Մտահոգ վեհափառն այդ գիշեր պատմում էր.
— Մենք 1916-ի ձմռանը հասանք Օդեսա: Խստաշունչ ձմեռ էր: «Սիբիրյան ձմեռ» ասում էր մայրս: Եվ հիշում եմ, մի փոքրիկ սենյակ ճարեցինք Օդեսայի ծայրամասերում: Մեկ բակ էր, և բակում փոքրիկ տնակներ կային՝ մեկ-մեկ հարկյա: Բնակիչների մեծ մասը ռուսներ էին: Նրանք բոլորն էլ չքավոր մարդիկ էին գրեթե: Մենք մեկ սենյակի մեջ էինք, ո՛չ էլեկտրական լույս կար, ո՛չ ջեռուցում, բակում միայն աղբյուր կար և բոլորն օգտվում էին այդ ջրից:
Ավանդաբար Կաղանդի գիշերը, գոնե մեր կողմերը, իմ ծնողներս ասում էին, որ սեղանի վրա գոնե յոթ տեսակ կերակուր պետք է լինի: Մայրս ջանք էր թափում, որ յոթ տեսակ լինի, վերջապես յոթ տեսակ եղավ, հաշվելով ջուրը և հացը և այն փոքրիկ թխվածքի նման բանը, որ ռուս դրացին տվել էր, գիտենալով, որ մենք չքավոր մարդիկ ենք: Գիտեմ, որ մայրս լոբի էր խաշել, սպիտակ լոբի, սոխ կար սեղանի վրա, մի քանի ձու և մի քիչ էլ ընկույզ, մնացածն էլ՝ հացը, ջուրը և այդ թխվածքը:
Այդպիսի պայմաններում ուրեմն մենք անցկացրինք 1916 թ. Դեկտեմբերի 31-ը: Ես իմ հիշողությունը, առաջին անգամ լինելով, հրապարակավ հայտնեցի, խորհելով, որ ինչ-որ նմանություն կա այդ Կաղանդի և այս Կաղանդի միջև: Ես ցավով պետք է մտածեմ, որ հավանաբար այսօր Հայաստանում և Արցախում մեծ թվով մեր հարազատները կան, որոնք յոթ տեսակ կերակուր չունեն իրենց սեղանի վրա: Բայց մենք այն ատեն ոչ ուրախացանք և ոչ էլ տխրեցինք, «Փառք Աստուծո, — ասացինք,- որ այս էլ ունենք, ապահով հողի վրա նստած ենք, թուրքերը չկան, և մենք կարողանում ենք խաղաղ մեր սեղանի շուրջ, ինչ որ կա ճաշակել»:
Ահավասիկ այս մխիթարությունը մենք հիմա էլ ունենք, ընդհանրապես, բայց պետք է հիշենք այս պահուն ոչ միայն սեղանի յոթ տեսակ կերակուր չունեցողներին, այլ պետք է հիշենք նաև այն քաջամարտիկներին, ֆիդայիներին, որոնք զենքն ուսին հենց այս պահուն պաշտպանում են մեր սահմանները և պաշտպանում են չքնաղ երկիրը մեր Արցախի:
Ահա այս պայմաններում ապրում ենք մենք իբրև ժողովուրդ. չենք վհատվում, չենք հուսահատվում և չպետք է հուսահատվենք:
Հաջորդող ամիսներին իսկ վեհափառը հայրենիքի հանդեպ իր անհուն սերն ապացուցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների մեջ ջատագովելով եկեղեցու բոլոր թեմերի և նվիրապետական աթոռների մասնակցությունը:
Վեհափառը շարունակում էր նախանձախնդրությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Խոսքի ազատության օրենքի ընդունումից հետո, մտահոգվելով Հայաստանում օրեցօր աճող տարբեր կրոնական ուղղությունների գործունեությամբ, Վազգեն Ա – ը և Գարեգին Բ – ը համատեղ հայրական իրենց ընդարձակ խոսքն են ուղղում հայ ժողովրդին՝ հորդորելով չխաբվել օտարամուտ շինծու և խաբեպատիր գործիչների կեղծ առաքելությամբ, այլ հավատարիմ մնալ առաքելահիմն ու քրիստոսահաստատ իրենց եկեղեցուն և արմատներին:
1991 թվականի ապրիլի 30-ին, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա – ը ընտրվում է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:
Որպես ժողովրդականություն վայելող հեղինակություն, համազգային զարթոնքի փորձություններով լի տարիներին նա իմաստուն հորդորներով շրջահայաց գործողությունների է կոչում իր հոտին, ամենայն կարեկցությամբ աջակցություն ապահովում բազմահազար հայ փախստականներին, գոտեպնդում Լեռնային Ղարաբաղի ազատամարտի զինվորներին: Նրա հայրական օրհնությամբ կնքվեց Հայաստանի անկախության հանրաքվեի վավերագիրը, նրա հայրական օրհնությամբ իրենց առաքելությունը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը և խորհրդարանը: Վեհափառ Հայրապետը մեծագույն ավանդ ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում: Եվ ի գնահատումն ազգային և հոգևոր արժեքների պահպանության և զարգացման գործում դրսևորած անձնուրաց նվիրումի ու մատուցած բացառիկ ծառայությունների, 1994 թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումն ու Հայրենիքի առաջին շքանշանը շնորվում է Նորին Վեհափառությանը:
1994 թ. օգոստոսի 18-ին, հինգշաբթի օրը, առավոտյան ժամը 07.15-ին, Երևանի հայրապետական իր առանձնատանը, 86-ամյա հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, վախճանվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Սէր ոչ երբէք անկանի»
Այս նշանաբանով ապրեց ու գործեց վեհափառը՝ իր ժողովրդի սրտում մնալով սիրված հայրապետ:
Վահան Զաքարյան
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում