Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը: Սա համաշխարհային քաղաքականության կարևոր իրադարձություններից է, որտեղ տարբեր երկրների առաջնորդներ են հավաքվում, քննարկում թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային կարևորություն ուենցող կարևոր հարցեր:
Այս տարի նույնպես Հայաստանի ղեկավարը կմասնակցի նստաշրջանին և ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից: Սա կլինի Նիկոլ Փաշինյանի թվով երկրորդ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նախքան առաջիկա իրադարձություններին անդրադառնալը, վերհիշենք, թե ինչ համատեքստ ուներ վարչապետի անցած տարվա այցը Նյու Յորք, և ինչ շեշտադրումներ կային նրա առաջին ելույթում:
73-րդ նստաշրջանի հայկական համատեքստը և վարչապետի ելույթի հիմանկան կետերը
Անցած տարի սեպտեմբերի 23-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող «Իմ քայլը» դաշինքը վստահ հաղթանակ տարավ: Սա Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական առաջին ընտրությունն էր, որից նա հաղթանակած դուրս եկավ:
Սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Գլխավոր ասամբլեայում, որն այդ կառույցում նրա առաջին ելույթն էր որպես ՀՀ վարչապետ: Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի ներքին և արտաքին հիմնական օրագարգերին: Խոսելով Թավշյա հեղափոխության հաղթանակի մասին՝ նա ընգծեց Հայաստանում ժողովրդավարական փոխոխությունների կարևությունը, քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վարչապետը շեշտեց, որ Հայաստանը հեղափոխութունից հետո արտաքին դաշտում չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունը և հավատարիմ է մնալու ստանձնած պարտավորութւոներին: Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մատնանշվեց երկու կարևոր կետ. հայկական կողմ(երի) համար առաջնային են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը և Արցախի՝ բանակցության սեղան վերադարձը:
Ի՞նչ ակնկալել առաջիկա այցից
Այս տարի Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնում ներքաղաքական լարված շրջանում, որը պայմանավորված է վերջին պաշտոնանկություններով և Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով: Եթե անցած տարի Փաշինյանը իր հերթական հաջողությունից հետո մեկնեց Նյու Յորք, ապա նույնը չենք կարող ասել առաջիկա նստաշրջանի մասին:
Դեռևս հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ հանդիպումներ է ունենալու Գլխավոր անսամբլեայի շրջանակներում՝ բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ արարողակարգային հանդիպումից:
Ելույթի բովանդակությունն ամենայն հավանականությամբ պետք է տարբերվի նախորդից: Նախ ներքին օրակարգի մաս կազմող Թավշյա հեղափոխությունից անցել է մեկ տարի և, ինչպես գործընթացները ցույց տվեցին, արտաքին աշխարհին դրանով «գայթակղել» չհաջողվեց: Սա պայմանավորված է միջազգային հարաբերություններում ներկայումս առկա և առավելապես ԱՄՆ-ի կողմից վարվող պրագմատիկ քաղաքականությամբ, որտեղ ժողովրդավարության տարածումը այլևս առաջնահերթություն չէ, ինչպես նախորդ տարիներին էր: Հետևապես, ակնկալվում է, որ վարչապետը շեշտը պետք է դնի արտաքին քաղաքականության վրա: Մասնավորպես անհրաժեշտ է ընգծել, որ Հայաստանը շարունակելու է խուսափել մեծ տերությունների առճակատմանը որևէ կերպ մասնակցելուց և իր բոլոր գործընկերների հետ լինելու է ազնիվ: Առեվել ևս, որ օրեր անց պաշտոնական Երևանը հյուրանկելելու է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու են Ռուսաստանի և Իրանի նախագահները:
Տարածաշրջանային քաղաքականության համատեքստում՝ կարևոր է անդրադառնալ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերութուններին: Վերջին շրջանում՝ Իրանի շուրջ միջազգային ճնշումների աճին զուգահեռ, կարևոր է ևս մեկ անգամ հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը Իրանի նկատմամբ սանկցիաների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին: Մեծ տերությունների համար Հայաստանի դիրքորոշումը այս հարցում պետք է մշտապես ընկալելի լինի: Նկատենք, որ իր նախորդ ելույթում վարչապետը չէր անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին: Նման բարձր ամբիոնից անհրաժեշտ է հետևողականորեն բարձրաձայնել Հայաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմաների բացելու սահմանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա, ի տարբերություն նախորդ ելույթի, հնարավոր է, որ վարչապետի որոշ շեշտադրումներ փոխվեն, մասնավորպես՝ Արցախի բանակցային սեղան վերադառնալու մասով: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի բանակցային սեղան վերադարձնելու ձգտումները չընդունվեցին միջնորդների կողմից: Սա չի նշանակում, որ այլևս կարիք չկա այդ թեզը պնդելու, սակայն այլ հարց է, թե որքանով է այն արդյունավետ:
Այսպիսով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ աշխարհին ներկայացնելու մեր շահերը և մտահոգությունները աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Գրիգոր ՎԱՂԱՐՇՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում