Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին

Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին

Ներշնչանքի հայտնությունը

Ներշնչանքի հայտնությունը տեսիլք է հանկարծահայտ,
Կյանքը` կարճ:
Այդպես քեզ սիրո հրեշտակներն էին այցելում
Ու փաղաքշում քնի մեջ` կուրծքդ բաց:

Ներշնչանքի հայտնությունը սիրո հայտնություն է,
Որն այցելում է գիշերով
Մերկությամբ մանկական,
Ու դու փորձում ես զուգել նրան
Շղարշներով բառերի,
Որ երբ չքանա լուսանալիս,
Քեզ մնա ստվերը իր
Թեկուզ և նկարված բառերով:

* * *

Թե հարցնես հիմա` ինչու եմ արտասվում,
Պատասխանը մեկն է`
Հոգիս լվանում է դեմքը, դա իրեն պետք է,
Որ ճանաչի ինքն իրեն, երբ աչքերն են մաքուր:

Թե հարցնես` ինչու եմ երերում քայլելիս,
Պատասխանը մեկն է`
Փորձիր ճանաչել ինձ, երերում եմ ներսում
Կուտակված ծանրությունից,
Որոնց մեծ մասը չի պատկանում ինձ:

Թե հարցնես` ինչու են ժպիտներս տարտամ,
Պատասխանը պարզ է`
Գուցե անսովոր է քիչ,
Ժպիտներս ծնվում են անմեղ շփոթությունից,
Երբ չգիտեմ, թե որտեղ է միջնորմը բաժանումի,
Չքացող տրտմությունը ծնվող երջանկությունից:

Իսկ հիմա, երբ երգերս ծնվում են,
Ես պարզապես չքանում եմ
Երանությունից:

* * *

Երգի մեջ այս
Հանգիստ եմ ուզում թողնել ինձ,
Չխոսել, չխորհել, չտրտնջալ,
Չծանրացնել տողերը`

Բեռնաթափումով ձախողված ճակատագրիս:
Երգի մեջ այսօր
Հանգիստ եմ թղնում ինձ,
Աշխարհ կա ինձանից դուրս ու կյանք,
Եվ այն ընթանում է ու կընթանա
Ինձ հետ ու նաև առանց ինձ:

Երգի մեջ այս
Տողերս բաց են ու կյանքը ներհոսում է
Անկախ իմ կամքից,
Գրիչս հյուրընկալ սպասարկում է
Օրվա անցուդարձը`սովորական կամ քիչ անսովոր,
Կյանքը հորդում է իմ շուրջ
Ու ոտքերս թրջվել են`
Ազատված մեռած անշարժությունից:

Երգի մեջ երևի այսօր
Հանգիստ թողնեմ ինձ,
Չհորդեմ, չտրտնջամ,
Չկրկնեմ եղած-չեղածը` թե նոր, թե հին:

Երգը շրջել է պարունակությունը գրպանների
Ու անցյալս թափ տվել քամիներին,
Էջը ճերմակ ժպիտով կանչում է,
Եվ ժամացույցի որովայնը կվարցե
Թիկթակում է քունքերիս հարթությունը,
Լռություն է աղերսում բացառիկ,
Ուր ոչինչ չկա ու պարապուրդ է,
Ու ես մի նոր կյանք պիտի վերսկսեմ,
Պահ տամ հնից այնպես հոգնած
Ու նորից քիչ վախեցնող էջերին:

Երգերս ոտնահետքերիս ձանձրույթն էին,
Ու հիմա շրջադարձի պահը հասուն
Գրչիս պատվախնդրության թելադրանքն է,
Որ հաշտեցնում է քունքերիս լարումը
Կվարցե որովայնի լռությունս խաթարող
Ժամացույցի համառության թիկթակումից,
Ու երգս ու ժամանակը` հաշտված
Գնում են գտնելու իմ նոր տարբերակը
Առանց ինձ:

* * *

Կողքիս ես, բայց ես ննջելիս
Գրկում եմ ստվերդ վաղեմի,
Որն արդեն չի կրում քեզ:

Ես խեցի եմ` միջուկը պարպված,
Ու կեղևս սնամեջ հիշողությունների տարա է,
Ուր ցավախառն ափսոսանքով
Պատսպարվում են մնացորդները մեր,
Որ ոչ ինձ է գոհացնում հիմա, ոչ էլ քեզ:

Մինչ ճակատագիրը ժպիտով դաժան
Քարկապել, շղթայել է մեզ
Հանդիսավոր զմռսված կապանքով`
Կնքված արքայական պատժի հրովարտակի պես:

Երեկվա ընծան պատիժ է այսօր
Թե ՛ ինձ, և թե ՛ քեզ,
Ժամանակը ձգվող ճամփա է ասես,
Ու ես չքանալ եմ ուզում
Տեսադաշտից, ուր մարդիկ
Միասին են տեսնում ինձ ու քեզ,
Բանտից բանտ տարվող,
Ներաշխարհը քերված,
Խեցին քարշ տվող մեղավորի պես,
Ու անմեղությունն իմ մեռած
Զուր տեղը գրկած` փորձում եմ քարշ տալ ինձ հետ…

* * *

Ամեն բան ամբողջական էր,
Կորուստներ չկային,
Երբ աղը թափվեց
Իմ տան սեղանին,
Հիմա հատուկենտ է
Տանն իմ ամեն բան,
Ասես եղեռնի միջով են անցել
Իրերն իմ սիրած, կիսաջարդ ու կաղ:

Խաթարվեց ամեն բան,
Ու դժոխքը դարանակալ
Քիթը մտցրեց ներսն իմ կյանքի կտավի,
Հիմա ժամերին այս հոգեվերհառնումի,
Հրաշքով փրկված զորավար ասես,
Ես շրջանցում եմ կորուստները նոր ու հին,
Բույնը թալանված թռչնի պես
Հավաքում, մեկտեղում եմ շիվերը առողջ
Ու կյանքը վերսկսում է մահվան մեջ.
Մինչ ես փորձում եմ ճիգով մի վերջին
Հավաքել ինձ ու մնալ ինքս ինձ հետ`
Մահվան դեմ հանդիման գնացող
Թագուհու պես…

* * *

Երևակայությունս վերք է բորբոքված,
Մազարմատներս են անգամ ցավից տնքում,
Ախ, թե անքնության գութը շարժվեր,
Հաշտություն գտներ մարմինս անկողնում:

Ի՞նչ են կորցրել հուշերը ցավոտ,
Ինչու՞ են պաշարել սարն ու ձորը մտքիս,
Ես քանի՞ անգամ լուսաբացը ողջունեմ`
Դժկամ ծուլությամբ քնատ աչքերիս:

Ուրուների պես մեկ գորշ ու մեկ ճերմակ
Պատկերները սահեցին պաստառին մտքիս,
Ինձ անքուն գիշերից մի կես երգ մնաց
Օրապակաս մանկան պես`
Թողնված Աստծո հույսին:

Աղբյուր՝ Andin.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում