Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունը, Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպում են «Ճանաչիր Չինաստանը» խորագրով մրցույթ-վիկտորինա:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը և «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:
Մրցույթ-վիկտորինան կազմակերպվում է ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ:
ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը նշեց, որ կազմակերպչական և տեխնիկական շատ մեծ աշխատանք է իրականացվել:
«Կարծում եմ, որ շատ լայնածավալ և հետաքրքրիր թեմաներ ենք շոշափել մեր մրցույթ-վիկտորինայում: Հարցեր կան Չինաստանի մշակույթի, տնտեսության, քաղաքականության, պատմության և շատ այլ ոլորտների վերաբերյալ»,- ասաց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը և ներկայացրեց իրենց երկրի 70-ամյա պատմությունից հատվածներ՝ շոշափելով գրեթե բոլոր բնագավառները:
Նա նշեց, որ մրցույթի ավարտից հետո 2-ական մասնակից կզբաղեցնի 2-րդ տեղը և պարգևատրումը կլինի համակարգիչ, 5 մասնակից կզբաղեցնի 3-րդ տեղը և կստանա սմարթֆոն, 10 անձ էլ կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը և կշահի լիցքավորման սարք: 5-րդ տեղը զբաղեցնողներին կտրվեն խրախուսական մրցանակներ:
Գլխավոր մրցանակը կլինի ուղևորություն դեպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Ներկայացնելով china70.am կայքը՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ասաց, որ մրցույթին չեն կարող մասնակցել ՉԺՀ դեսպանության, Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտի և «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցները:
«Մրցույթ-վիկտորինային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում, ապա սեղմել «Սկսել մրցույթը» կոճակը, ինչից հետո կբացվի 30 հարց: Հարցերին պատասխանելու համար տրվելու է նաև անսահմանափակ ժամանակ, քանի որ դրանց մեջ կան դժվար և հատուկ գիտելիքի իմացություն: Հաղթող կճանաչվի, սակայն, այն անձը, ով ամենակարճ ժամանակում և ճիշտ կպատասխանի բոլոր հարցերին»,- նշեց Անանյանը և հավելեց, որ մեկ օգտատերը կարող է մասնակցել ընդամենը 1 անգամ:
Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը նշեց, որ կազմակերպելով նմանատիպ մրցույթ-վիկտորինա՝ իրենք նպատակ են ունեցել մեծացնել Չինաստանի նկատմամբ հետաքրքրվածությունը:
«Մեր մամուլում և կայքերում, ցավոք, քիչ է խոսվում ժամանակակից Չինաստանի մասին: Մենք հույս ունենք, որ Չինաստանում երբևէ կգործեն կայքեր, որտեղ կներկայացվի Հայաստանի պատմությունն ու մշակույթը»,- նշեց Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենը:
Նա ընդգծեց, որ բոլոր հարցերի պատասխանները համացանցում կան:
Մրցույթ-վիկտորինայի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 23-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում