Գիտաժողով` նվիրված Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշատակին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում երեկ տեղի է ունեցել գիտաժողով՝ երջանկահիշատակ Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման առիթով:
«Երջանկահիշատակ Գարեգին Ա. հայրապետը նվիրյալ ու շնորհալի ծառան էր Տեր Հիսուս Քրիստոսի, ով աստվածպարգև իր կյանքը ի սպաս բերեց Կենաց Խոսքի քարոզությանը մեր ժողովրդի կյանքում: Իր աշխատություններից մեկում նա այսպես է բնորոշում հավատքի մասին իր ընկալումը. «Հաւատքը արժէք ունի, երբ մեր կեանքում կը ներգործէ: Հաւատքը տեսութիւն չէ, գաղափար չէ, զարդ ու յարդարանք չէ, պարագայական խօսք չէ, չորացած, ձևականացած աւանդութիւն չէ: Կեանք է, ապրում»: Մեկ այլ հոդվածում էլ նշում է. «Հաւատալ և ապրիլ բառերը հոմանիշներ են»:
Հոգելույս Գարեգին Ա Կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը իր հավատքի արտահայտությունն էր: Նա հովվական գավազանն իր ձեռքն էր վերցրել, որովհետև հավատում էր Բարձրյալի սպասավոր լինելու՝ իր վերնային կոչմանը: Նա աղոթում ու գործում էր, քարոզում ու ստեղծագործում, հովվական խնամք մատուցում հավատացյալներին, կրթում աշակերտի՝ ծառայության միջոցով իր հավատքին մարմին հաղորդելով: Բարեհիշատակ Հայրապետը, իր իսկ խոսքերով, ապրում էր, որովհետև հավատում էր: Նա շուրջ կես դար իր կարելին ներդրեց մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, ջանաց մեր ժողովրդի կյանքում Քրիստոսի լույսը առատացնել, Տիրոջ պատգամների ու պատվիրանների հանդէպ հավատարմությունը զորացնել, ձգտեց իր խոսքով ու իր անձնական օրինակով հավատքը կյանքի վերածելու գիտակցությունը ձևավորել:
Լուսահոգի Հայրապետը հովվական, կրթական ու աստվածաբանական մեծ ու հարուստ ժառանգությամբ ամրագրեց իր անունը եկեղեցական արդի պատմության մեջ»,- Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ իր ելույթի խոսքում ասել է Գարեգին Երկրորդ Հայրապետը։
Ապա ներկաները դիտել են «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսը» փաստավավերագրական ֆիլմը:
Հանդիսության ընթացքում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը ազգային մեծ բարերար Հայկ Տիտիզյանին է փոխանցել դեռևս 2015 թվականին նրան շնորհված «Ասպետ Սուրբ Էջմիածնի» Հայրապետական շքանշանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով և նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի և աստվածահաճո ծառայությունների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում