Նորայր Գրիգորյան․ Հրաժեշտ գետնախորշերին
23/09/2019 19:21
Նմանատիպ
Գետնախորշերում տաղավարները
զարդարուն կյանք են, հանդերձյալ տարածք,
երկնքի անտես քավարանները
մահ են սփռում ու մահվան հայացք:
Երեկ համբարձվեց մուրացիկը ծեր,
տե՛ս, ի՜նչ ասպետ էր ջահել նկարում,
կյանքը իր դեմքին շարել էր գծեր,
հետո շպրտել մահվան շուկայում:
Այստեղ մեռած է լույսը ամոքիչ,
և սփոփանքը դարձել է օղին,
չկա հանբերանք, ու չկա Փրկիչ,
խաչակնքում են օղի տվողին:
Գնալու տեղը երկինքն է միայն,
ու՞մ կվստահեն բառերը վերջին.
գուցե անձրևին, փաթիլներում ձյան
նրանց վախվորած ձայները կհնչեն..
– Գետնախորշերում տաղավարները
զարդարուն կյանք են, հանդերձյալ տարածք,
երկնքի անտես քավարանները
մահ են սփռում ու մահվան հայացք: