Համաձայն չենք այն կարծիքների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում լայնածավալ փոշիացում. Արմեն Գևորգյան

Խնդիրները միայն 2012 թվականին չեն արձանագրվել, դրանք արմատացած են տասնամյակների ընթացքում, իսկ վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվել օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Այսօր Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում շարունակվող ՎՊ 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

«Ներկայումս մեր օրենսդրությունը գուցե ամենակատարյալը չէ, բայց նվազագույնի է հասցնում ռիսկերը: Չենք կարող համաձայնել այստեղ հնչած այն կարծիքների ու գնահատականների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում լայնածավալ փոշիացում և բյուջետային գործընթացները իրականացվում են կոռուպցիոն դրսևորումներով: Ամենևին հնարավոր չէ հանգել նման գնահատականի նաև Վերահսկիչ պալատի 2012 թվականի ամփոփիչ հաշվետվության տեքստից»,- Panorama.am-ի փոխանցմամբ հայտարարել է Արմեն Գևորգյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ հաշվետվությամբ ներկայացված բոլոր տեղեկությունները «մեկ առ մեկ ուսումնասիրվել են և քննարկվել մանրամասն»: Կան կոնկրետ մոտեցումներ, որոշումներ և դրանց իրականացման ընթացքը գտնվում է կառավարության անմիջական վերահսկողության ներքո:ՎՊ հաշվետվություններում արձանագրված թերությունների և խնդիրների վերաբերյալ շահագրգիռ պետական մարմինների բոլոր պարզաբանումները տեղադրված են կառավարության կայքէջում»,- նշել է Գևորգյանը նաև վստահեցրել, որ բոլոր ՎՊ հաշվետվության վերաբերյալ խորհրդարանի նախորդ նիստում հնչած հարցադրումները կառավարության քննարկման առարկա կդառնան:

«ՎՊ հաշվետվությունում արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ ձեռնարկվում են, այլ հարց է, որ ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն՝ գումարների վերականգնում, թերությունների շտկում, տուգանքներ։ Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը նույնպես գործող օրենսդրության կատարելագործման հարց է»,- մեկ այլ աղբյուրի`  Aravot.am-ի փոխանցմամբ  ասել է Գեւորգյանը:

 Փոխվարչապետն ասել է նաեւ, որ լիարժեք չի իրագործվում ՎՊ-ի այն իրավասությունը, որ առավել ցցուն դեպքերը պետք է դատախազութուն ուղարկվեն: Նա նշել է,  որ խորհրդարանական քննարկումների ընթացքում կառավարությանը հնարավորություն չի տրվում իր տեսակետն արտահայտել ու ստացվում է միակողմանի մեղադրանք, մինչդեռ ՎՊ-ի եւ կառավարության միջեւ մշտական քննարկումներ են տեղի ունենում չարաշահումների վերաբերյալ եւ համապատասխան քայլեր ձեռնարկվում:

«Կոնկրետ շինարարական ծրագրերի ընթացքում արձանագրված խնդիրները համատարած բնույթ չեն կրում, դրանք կոնկրետ խնդիրներ են»,-ասել է Արմեն Գեւորգյանը’ հավելելով, որ դրանք իրենց հանգուցալուծումն են գտնում պայմանագրային հիմունքներով:

Այսինքն, կապալառուն որոշակի ժամանակահատվածում ստանձնում է թերացումները վերացնելու պարտավորություն: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Արմեն Գեւորգյանի, շինարարական ծրագրերը համապատասխան են պայմանագրային չափանիշներին:

Քանի որ Գյումրու տեխնոպարկի մասին շատ շահարկումներ են եղել խորհրդարանում` Արմեն Գեւորգյանն նշել է, որ դա փուլային ծրագիր է եւ մանրամասն ներկայացրեց արդեն կատարված ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին’հավաստիացնելով, որ ծրագիրը դեռեւս կառավարության ուշադրության կենտրոնում է:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում