Գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան օրն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան օրն է։ Նա հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է: Նա իր ստեղծագործությամբ հարել է իմպրեսիոնիզմին, տուրք տվել սիմվոլիզմին, սակայն նախընտրել է աշխարհի ռեալիստական ճանաչողությունը:
Ե. Փադևոսյանը ծնվել է 1870 թվականին Վաղարշապատում։ 1879-1894 թվականներին սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894-1895 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել է Մոսկվա։ 1896 թվականին Թադևոսյանը մասնակցել է «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին, 1898 թվականին Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում նրա «Կեսօրյա ճաշ» (1896 թվական) և «Քարոզ ուղղադավաններին» (1896) կտավներն արժանացել են մրցանակների։ 1898 թվականին իր ուսուցչի՝ ռուս նկարիչ Վասիլի Պոլենովի հետ մեկնել է Պաղեստին, գրեթե ամեն տարի ճամփորդել Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներում (մինչև 1914 թվականը), Ռուսաստանում և Հայաստանում, ստեղծել մի շարք գործեր։
Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչականգործեր, խճանկարներ, մանրաքանդակներ։ Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը։ Նրա որոշ գործերում («Դեպի պանդխտություն», 1895, «Երկրպագություն խաչին», 1901, և այլն) զգացվում է Վարդգես Սուրենյանցի արվեստի ազդեցությունը։
Թադևոսյանը մի շարք գործերում անդրադարձել է հայերի կոտորածների ու պանդխտության թեմաներին, հայ ժողովրդի անցյալին և ավանդույթներին, նաև ստեղծել է հին հայկական հուշարձանները պատկերող բազմաթիվ բնանկարներ։
«…Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական…»,- Եղիշե Թաևդոսյանի մասին ասել է Մարտիրոս Սարյանը։
Թադևոսյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական և այլ թանգարաններում։
Ե. Թադևոսյանը մահացել է 1936 թ. Թիֆլիսում։
Թադևոսյանի մահվան կապակցությամբ նշանավոր նկարիչ և արվեստաբան Ի. է. Գրաբարը գրել է. «Հայաստանը և նրա հետ մեկտեղ ողջ Սովետական Միությունը՝ ի դեմս Թադևոսյանի, կորցրեց եվրոպական մասշտաբի մի վարպետի»:
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 145-ամյակին։
«Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է»,- համոզված է եղել Եղիշե Թադևոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում