Եկեղեցու վրա մատ մի՛ թափ տվեք
Նմանատիպ
Նախորդ համարում անդրադարձել էինք եկեղեցի-պետություն հարաբերություններին, նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին, մեղմ ասած, ծանր օրեր է ապրում: Անդրադառնալով Գեղարքունյաց թեմի Մաքենյաց վանքում տեղի ունեցած սրբապղծությանը (մի քանի անձինք իրենց իրավունք էին վերապահել օծման արարողություն իրականացնել)՝ ընդգծել էինք. «Դժվար է բացատրել իրավապահների ու առհասարակ իշխանությունների այսչափ հարևանցի վերաբերմունքը, ասես իրենց շահերից է բխում, որ եկեղեցու դեմ անընդհատ դավեր նյութվեն, եկեղեցին պառակտելու փորձեր արվեն»:
Մեր հրապարակումից բառացիորեն օրեր անց ասվածի ճշմարտացիությունը հաստատեց անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լոսանջելեսյան ասուլիսի ժամանակ: Հանդիպմանը ներկաներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես պետք է կարգավորվեն եկեղեցի-պետություն հարաբերությունները, Փաշինյանը կարծես մատ թափ տվեց հոգևոր դասի ներկայացուցիչների վրա՝ ասելով. «Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք: ՈՒժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով»։
Դարեր ի վեր ազգին միավորող կառույցի հետ նման տոնով խոսելու իրավունք ունե՞ր արդյոք Նիկոլ Փաշինյանը, աղանդավորների, ամենատարբեր փորձությունների դեմ պայքարի դուրս ելած հոգևոր հայրերի վրա մուննաթ գալով` ի՞նչ էր ուզում հասկացնել: Չլինի՞ ուզում են, որ եկեղեցական ամեն մի արարողության ժամանակ ու աղոթքներում հոգևորականները պարտադիր օգտագործեն «թավիշ» և «քայլ արա» բառերը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, կառավարության կողմից վերահսկվող ՊՈԱԿ-ի հայտնի «ֆեյքաբանակին» էլ օրեր առաջ հրահանգված է եղել հնարավոր բոլոր ձևերով քննադատել ու քարկոծել ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին՝ պատճառաբանությամբ, թե ինչու գործարարի ու նրա տիկնոջ դիմանկարը պետք է փակցված լինի կաթողիկոսի նստավայրում: Մի կողմ թողնելով երևույթի ճիշտ կամ սխալ լինելը՝ նշենք միայն, որ վերանորոգված շենքի բացմանը ներկա էին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Սամվել Կարապետյանը, ու եթե ինչ-որ բան վարչապետի սրտով չէր, ապա Կարապետյանի ականջին անձամբ կարող էր շշնջալ այդ մասին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում