Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կոռեկտ չէ. Արմեն Գևորգյան

Արդարադատության նախարարությունից ներկայացրել են իրենց պարզաբանումները, բայց դրանք Վերահսկիչ պալատը չի ընդունել կամ նրանց պարզաբանումների հետ ՎՊ-ն չի համաձայնել: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՎՊ 2012-ի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը’ պատասխանելով ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի հարցին:

«Իրականությունն այն է, որ որևէ հավելագրում կամ չկատարված ծավալի դիմաց գումար չի վճարվել: Պայմանագրերը, որ հաստատվում էին կառավարության կողմից մեկ մլն դոլար արժողությամբ և ավել, ենթադրվում էր, որ մենք ֆիքսում ենք գինը այդ մրցույթի արդյունքների: Բայց մրցույթից դուրս բազմաթիվ ծավալային աշխատանքներ են եղել, որոնք համաձայնեցվել են վարկառու կազմակերպության հետ և իրականացվել են: Հետևաբար, մի բան կարող եմ հստակ ասել’ այդ 222 մլն-ը փաստացի կատարված աշխատանքների վճարվել է: Այսինքն, այդտեղ խնդիրներ չկա: Ուրիշ բան, որ բաժակը նայելուց կարելի է դիտել կիսադատարկ, կամ կիսով չափ լցված», – Panorama.am-ի փոխանցմամբ` հայտարարել է Արմեն Գևորգյանը:

Մեկ այլ աղբյուր` Aravot.am-ը  գրում է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարց է ուղղել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: 

Հարցին թե կառավարությունը չի՞ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում չարաշահումներ թույլ տված պաշտոնյաների պատիժը խստացնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար` Արմեն Գեւորգյանը պատասխանել է, որ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կոռեկտ չէ, քանի որ ՎՊ-ն կոչված է վերահսկել կառավարության գործունեությունը.

«Ես կառաջարկեի, որպեսզի այս վերջին տարիների խնդիրներին լուծումներ տրվեն պատգամավորների կողմից, եւ կառավարությունն իր հերթին միանա այդ աշխատանքներին: Բայց չեմ կարծում, որ կառավարությունը պետք է նախաձեռնի դա»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ հորդորել է հրապարակել այն ընկերությունների եւ անձանց անունները, ովքեր նախքան շինարարության ոլորտում մրցույթների անցկացումը՝ արդեն հաղթած են համարվում, ինչպես ՎՊ-ն էր բացահայտել:

«Ես, ցավոք սրտի, ի վիճակի չեմ լինելու բոլոր ոլորտների հետ կապված տեղեկություններ ներկայացնել: Եթե անձանց և կոնկրետ կազմակերպությունների անուններ են պետք, կարող ենք ճշտել և հրապարակել»,- պատասխանել է Արմեն Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ մամուլում մի շարք հրապարակումներ եղան, համաձայն որոնց փոխվարչապետի անունը նույնպես առնչվում է շինարարական կազմակերպությունների հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում