Տասը բորոտները
Նմանատիպ
Մաս Ա
Տասը բորոտների բժշկության պատմությունն իր մեջ ամփոփում է բազմապիսի ուսուցումներ: Այն պատմությունն է բոլոր դժբախտության ենթարկվածների, այն պատմություն է վշտի և ուրախության, որոնցով կազմվում է մարդկային կյանքը: Ինչի՞ն են ծառայում մեր վրա հասած դժբախտությունները, ինչի՞ն են ծառայում մեզ շնորհված բախտավորությունները: Ահա այս հարցերն են, որ կցանկանայի բացատրել` նյութ ունենալով «Տասը բորոտներ»-ի բժշկության պատմությունը:
Հիսուս՝ Երուսաղեմ գնալու մտադրությամբ, անցնում էր Գալիլեայի և Սամարիայի սահմաններով և երբ մտավ մի գյուղ, պատահեց տասը բորոտների, որոնք հեռվում կանգնած աղաղակում էին և ասում. «Հիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ»: Պատմության շարունակությունից իմանում ենք, որ այս բորոտներից ոմանք կամ գոնե մեկը՝ սամարացի, իսկ մյուսները հրեաներ էին: Սա մանրամասնություն է, որ արժե նշել: Գիտենք, թե ինչ խոր ատելություն էր բաժանում հրեաներին սամարացիներից: Այս ատելության հետևանքով էր, որ Հիսուս քանիցս դժվարությունների հանդիպեց: Այսպես` Նա, գալիլեացի լինելով, մեկ անգամ մերժվեց սամարացիներից և չկարողացավ հյուրընկալվել նրանց գյուղերից մեկում՝ ստիպված լինելով ուրիշ վայր փնտրել գիշերն անցկացնելու համար: Մի ուրիշ անգամ Նա ծարավ լինելով սյուքեմացի մի կնոջից ջուր խնդրեց, և կինը զարմացավ, թե ինչպե՞ս է հրեան համարձակվում խոսել մի սամարացի կնոջ հետ: Այստեղից կարելի է հետևություն անել, որ սամարացիները և հրեաները չէին ուզում համակերպվել` միաբանական կյանքով ապրելու [համար]: Սակայն այս տասը բորոտները, որոնցից ոմանք հրեաներ և ոմանք սամարացիներ էին, ապրում էին միասնաբար, ուտում էին միասնաբար և միասնաբար էլ դիմեցին Հիսուսին` Նրան ներկայացնելով նույն աղաչանքը և նույն խնդրանքը: Ինչո՞ւ [եղավ] այս անսովոր միությունը այն մարդկանց մեջ, որոնք երբեմն իրարից խորշում էին, գարշում և հազիվ էին զիջում՝ նույնիսկ իրար [հետ] խոսք փոխանակելու: Օ՜հ, պատճառը հայտնի է. նրանք ենթարկվել էին սոսկալի մի հիվանդության, որի հետևանքով դիտվում էին որպես Երկնքից անիծվածներ և մարդկանց ընկերակցությունից վտարվածներ: Տասն էլ միևնույն վշտերն էին կրում, միևնույն հուսահատությունն էին զգում և միևնույն բուռն բաղձանքն ունեին բժշկվելու: Լավ ու առողջ եղած ժամանակ թշնամի էին, հիմա՝ դժբախտության մեջ, եղբայր էին դարձել և միացրել էին իրենց ողբալի կյանքերը: Ոչ մի բան արդարև չի կարող այնքան միացնել մարդը մարդուն, որքան վիշտը: Վիշտն է միայն, որ, իբրև միացման կապ, բոլոր մարդկանց իրար է մոտեցնում և մեկ դարձնում: Թերևս ասվի, որ շահերն են, որ մարդկանց միմյանց են մոտեցնում: Սխալ է սա: Շահերը միշտ լինում են տարբեր և միշտ ձգտում են մեզ իրարից բաժանել: Մի սիրտ [մեկ] ուրիշ սրտին կապողը միմիայն վիշտն է: Բոլոր այն հարաբերությունները, որոնք հանրային հանգամանք ունեն, վշտի դուստրերն են: Ի՞նչ է ընկերությունն ըստ էության, ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է ընտանիքը. [սրանք] կազմակերպված միավորումներ են ընդդեմ տառապանքի և վտանգի, որոնք սպառնում են [և ուղղված են] ընդդեմ միայնակ ապրող մարդու: Վիշտը ոչ միայն մղում է մարդկանց իրար մոտենալու` ի պաշտպանություն միմյանց, այլև ավելին է անում. այն նրանց ստիպում է, որպեսզի սիրեն միմյանց: Մեզանից յուրաքանչյուրի հոգու խորքում կա մի բան, որ կոչում ենք համակրություն: Այն, ի տես տառապյալի, մեր մեջ ծնում է գթություն և սեր: Սերը, ուրեմն, դուստրն է վշտի: Եթե, անհնարինը ենթադրելով, դուք կարողանայիք վերացնել աշխարհից աղքատությունը, հիվանդությունը, տառապանքը իր բոլոր կերպերով, դուք մեկընդմիշտ վերացրած կլինեիք սերը, գթությունը, մի բան, որ աշխարհի ամենից թանկագին և մեծ բանն է, և ամենից ավելի այն է, որ մարդու սիրտը Աստծո սրտին է նմանեցնում: Եթե չլինեին Երիքովի ճանապարհի վրա վիրավորվածներ, պիտի չունենայինք անձնվեր սամարացիներ: Եվ ահա, թե ինչու աշխարհում ամենից ստոր և տգեղ նկատված ատելությունը, որ մարդուն իջեցնում է հաճախ անասունների և գազանների մակարդակին, այնքան հաճախ պատված է վշտով: Թող երկու զինվորներ ամբողջ օրը պատերազմեն յուրաքանչյուրն իր հայրենիքի համար, իրենց սիրտը պիտի լցված լինի դառնությամբ և ատելությամբ, բայց թող երկուսն էլ երեկոյան վիրավոր ընկնեն մահացու կերպով, նրանք[իրար] պիտի զգային նորից եղբայրներ սրտակաթ և, օ՜հ, նրանք պիտի ուզեին մեռնել միմյանց բազուկների մեջ:
Ոչ միայն մեղքի հետևանքով իրարից բաժանված և խզված մարդկանց մեջ միացման մի կապ է վիշտը, այլև այն մարդուն միացնում է Աստծուն: Ոչ մի բան այնքան չի կարող հյուսել այդ կապը, որքան վիշտը: Ի՞նչն էր, որ առաջնորդեց այս տասը բորոտներին Հիսուսի մոտ` վիշտը: Ի՞նչն էր, որ նրանց հնազանդության մղեց, որպեսզի գնան՝ բժշկված լինելը հաստատել տալու քահաններին` վիշտը: Դժբախտ բորոտներ, նրանք նրանցից չէին, ովքեր առանձնաշնորհություն ունեին Հիսուսին հետևելու, որովհետև օրենքը այդպիսիններին արգելում էր խառնվել ամբոխին: Նրանք երբեք չէին տեսել Հիսուսի հրաշքները, նրանք երբեք չէին լսել Նրա քարոզները: Նրանք միայն տեղեկություններ էին ստացել Նրա աստվածային զորության և դժբախտների հանդեպ ունեցած կարեկցության մասին: Եվ միայն տեղեկություն ստացած լինելը բավական եղավ, որ նրանք հուսային Հիսուսին, հավատային նրան և հառաչեին Նրա ետևից: Ուշադիր եղեք նրանց այս խնդրանքին, որ չորս բառից է բաղկացած. «Հիսուս, Վարդապետ, ողորմիր մեզ»: Չորս բառ, այո, բայց հավատքը, հարգանքը, հնազանդությունը, սերը, այս բոլորը ի հայտ են գալիս այս աղաչանքով: Այսպես է ամեն անգամ. այն մարդիկ, որոնք տառապում են, միայն նրանք են իրապես աղոթում: Տառապանք. ահա այն միակ բանը, որ մեզ առաջնորդում է դեպի Աստված և միացնում է Նրան: Տառապողն է, որ ըմբռնում է առաքյալի այս խոսքի ճշմարտացիության չափը. «Բազում նեղություններով պետք է մեզ մտնել Աստծո արքայությունը»: Այսպես, եթե կան այնպիսիններ, որոնք Աստծո առաջ ծունկի գալ չգիտեին և որ հիմա դարձել են խոնարհ և հավատարիմ երկրպագուներ, թող ասեն` մի՞թե վտանգի պահին չէ, որ թոթովել են իրենց իրական և ճշմարիտ աղոթքը: Եթե կան այնպիսիններ, որոնք երբեմն ապրում էին ըստ իրենց հայեցողության և ըստ իրենց սրտի ցանկության և որ այժմ իրենց հոգու մեջ բնությունը վերջնականապես պարտված է աստվածային շնորհներին, թող ասեն մեզ, թե փորձության մեջ չէ՞, տառապանքի անկողնի վրա չէ՞, կամ գերեզմանի եզրին չէ՞, որ աստվածային շնորհն իրենց մեջ տարել է այս վսեմ հաղթանակը: Տառապանքն է, որ քրիստոնեական կյանքի մեջ խորտակում է անմիտների հպարտությունը, խռովում է [վախեցնում է] անվախներին, խոնարհեցնում է մեր ամբարտավան գլուխները, որով և խոստովանում ենք մեր պարտությունը և զգում ենք, թե մեծ է Աստծո զորությունը, արդարությունը և սրբությունը: Արցունքը, տառապանքը չե՞ն, որ կռապաշտ քանանուհուն մոտեցրին Քրիստոսին: Նա երբեք չպիտի մտածեր Քրիստոսի [մոտ] գալու մասին, եթե երբևէ սիրտը վիրավորված չլիներ իր դստեր աղեկտուր տանջանքներով: Անառակ որդին չպիտի մտածեր իր հոր տան երջանկության [մասին], եթե երբևէ աստանդական, կարոտ և թշվառ վիճակի չմատնվեր: Հայրոսը չէր դիմի Հիսուսին, եթե արտասվաթոր աչքերով չտեսներ իր դստեր օրհասական տագնապը: Հարցրե՛ք այն անթիվ ժողովրդին, թե ինչն է պատճառը, որ դարեր ի վեր աշակերտում և հետևում են Նրան. կպատասխանեն ձեզ, թե իրենք երբեք չպիտի մերձենային Քրիստոսին և Նրա [մասին] չպիտի երազեին անգամ, եթե երբևէ իրենց սիրտը վշտով խոցված չլիներ և իրենց աչքերը արցունքներով մթագնած չլինեին: Տառապանքը, ուրեմն, սիրտն ու հոգին դաստիարակելու մեծ դեր ունի և առանց վարանելու կարող ենք ասել, որ, ընդհանրապես, ով տառապանքի հարված է ստացել, նա փրկված է համարվում: Սակայն միևնույն ժամանակ ստույգ է, որ տառապանքը կարող է ամենից ներհակ արդյունքներ էլ առաջ բերել: Ս. Օգոստինոսը տառապանքը նմանեցնում է այն ջերմությանը, որ հալեցնում է ոսկին և կարծրացնում է կավը, որ նպաստում է կյանքի բեղմնավորմանը, ինչպես և պատճառ է լինում հոգու և մարմնի հյուծման: Ուրեմն, ամեն ինչ կախված է տառապողի ներքին վիճակից: Այն կարող է ոմանց մեջ ծնել խոնարհության ոգի, ոմանց մեջ՝ հպարտության. ոմանց սիրտը նորոգում է և ոմանցը՝ վատթարացնում: Ոմանց համար լինում է հեզահամբույր հրեշտակ, որ ճշմարիտ կյանքի է առաջնորդում և ոմանց համար լինում է այն դժխեմ դևը, որ մարդուն հոռետեսության է մղում: Ոմանց [համար] զղջման արցունքների նվիրական աղբյուր է լինում և ոմանց [համար] կիզիչ կրակ, որ այրում է և խամրեցնում հոգու խորքում գտնվող ապագայի բոլոր բարոյական ծիլերը. ոմանց [համար] օրհնություն, ոմանց [համար] էլ անեծք է լինում: Այն երկու ավազակները, որոնք Գողգոթայի բարձունքում միևնույն տառապանքին և դատապարտությանն էին ենթարկված Հիսուսի աջ և ձախ կողմերը, մեկը հավատաց, իսկ մյուսը` հայհոյեց, մեկը զղջաց, իսկ մյուսը՝ խոստացավ: Երանի նրանց, որ ստացել են տառապանքի լախտի հարվածները, երանի նրանց, որ վշտի խոցոտումների հետևանքով արտասվում են, երանի Հայրոսներին, երանի բորոտներին …:
Մաս Բ
Տասը բորոտների պատմության վերջին մասը մի տխուր պատկեր է ներկայացնում: Այս բորոտները, որ կարողացան բժշկություն գտնել, երախտապարտ մնալու փոխարեն, բացառությամբ` մեկ հոգու, մյուսները ենթարկվեցին բարեբախտության փորձությանը:
Բորոտները բժշկվա՜ծ…: Ի՜նչ մեծ փոփոխություն: Երեկ մի սարսափելի հիվանդության մատնված չգիտեին [թե] ինչ անել. մի հիվանդություն, որ հյուծում էր և սպառում. ի՜նչ մեծ բերկրություն, ահա այսօր նրանք բժշկված, ուրախ և զվարթ են: Երեկ՝ ամբողջ աշխարհի զզվանքի և խորշումի առարկան էին. ի՜նչ մեծ բերկրություն, ահա այսօր նրանք մարդկանց համակրանքի, բարեկամական քաղցրության, ընտանեկան ուրախության առարկան են: Ի՜նչ մեծ բարիք, ի՜նչ մեծ շնորհ, ի՜նչ մեծ օրհնություն, ի՜նչ մեծ փառք: Անշուշտ, այս տասը բժշկվածները գոնե շնորհապարտ լինելու համար պետք է մտածեին իրենց ազատարարի մոտ գնալ, սակայն ավաղ…: Նկատի՛ առեք, դատե՛ք մարդկային սրտի չարությունը: Այս մարդիկ բժշկվելով միանգամից մտածեցին գնալ տեսնել երկար ժամանակից ի վեր իրենց թողած տունը, գնալ տեսնել իրենց բարեկամներին և ազգականներին: Իրենց ազատումից մեծապես ուրախացած` նրանք մոռացան Նրան, ով իրենց ազատություն պարգևեց և չմտածեցին անգամ շնորհակալություն հայտնել Նրան: Տասից միայն մեկն է, որ իր մեջ կրում է երախտագիտության շատ բնական զգացում. միայն մեկն է մտածում գալ՝ շնորհակալություն հայտնելու: Դժբախտությունը տասի մեջ սպանել էր եսասիրությունը, սակայն բարեբախտությունը կրկին կենդանացրել էր այն: Դժբախտությունը տասին էլ բերել մոտեցրել էր Տիրոջ ոտքերին, սակայն բարեբախտությունը միայն մեկին էր կրկին առաջնորդել Նրա [մոտ]:
Ասում են, թե տաք երկրներում ծառերի տեսակներ կան, որոնց շուքի տակ քնելը ճամփորդին մահ է պատճառում: Ճամփորդը, անգիտակ ծառի մահահոտ բնույթին, տեսնելով նրա տերևախիտ ոստերը, մանավանդ կիզիչ արևի ճառագայթներից ճողոպրած լինելու հույսով մտնում է նրա շուքի տակ, պառկում է և քնում: Այդ քունը աղետաբեր է, որովհետև այլևս չի արթնանա այդ ճամփորդը: Երկրավոր երջանկությունն էլ, նույնիսկ ամենից օրինավոր նկատվածներն այս ծառերի բնույթն ունեն: Մենք ուզում ենք նրանց շուքի տակ հանգչել, քնել, բայց այն լինում է դժնդակ, չարաշուք մի բան. այն մահվան քունն է լինում: Տարօրինակ բան. երջանկության գլխավոր վտանգն ապերախտությունն է: Աստծուց բարիքներ վայելելով` շատ անգամ փորձում ենք մոռանալ երկնավոր բարերարին, ստանալով ամենից գերազանց շնորհները և ամենակատարյալ պարգևները չենք ցանկանում ճանաչել այն ձեռքը, որ դրանք բաշխում է: Մենք ընդհանրապես ապերախտությունը նկատում ենք բոլոր մեղքերի մեջ ամենից դժպիհը, սակայն մենք մեր կարգին միշտ ապերախտ ենք գտնվում Արարչի հանդեպ:
Ո՞ւր են նրանք, ովքեր պետք է երախտապարտ լինեն այստեղ, Աստծո տան մեջ, որովհետև ամեն օր նրանք առատորեն սնվում են Աստծո շնորհած հացից: Ո՞ւր են նրանք, որ, սիրամարգի փետուրներով պճնված, ապահովել են իրենց նյութականը և ապաստարանը: Դժբախտաբար, ես չեմ տեսնում նրանց այստեղ: Նրանց համար այնքան սովորական են դարձել այս բարիքները, որ նրանք վայելում են դրանք` առանց ուշադրություն դարձնելու Նրան, Ով տվողն է այս բոլոր բարիքների: Ո՞ւր են նրանք, ովքեր պիտի երախտապարտ լինեն այստեղ` այս սուրբ Խորանի առջև, բոլոր այն ուրախությունների և ցնծությունների համար, որոնցով կազմված է իրենց գոյությունը: Թերևս նրանցից ոմանք ասեն. «Վարդապե՛տ, ինչո՞ւ ես հարցնում մեր ուր լինելը, մենք մեր երախտագիտությունը հայտնում ենք երեկոյան՝ անկողին մտնելուց առաջ: Օ՜հ, երեկոյան աղոթքի այդ մի քանի բառերը երախտագիտությանը չեն առնչվում, անծանոթի երկյուղն է, որ մղում է քեզ աղոթքի մեկ-երկու բառեր արտաբերելու: Ես ձեր խղճին եմ հարցնում` ձեր այդ աղոթքի մեջ երախտագիտական պարտք կատարելու բնույթ կա՞: Եվ կրկին հարցնում եմ` ո՞ւր են մեր մեջ նրանք, ոովքեր շնորհապարտ պետք է լինեին այստեղ՝ Աստծո տան մեջ:
Երբ Աստծուց շնորհներ ենք ստանում, այդ շնորհները մեզ թվում են շատ բնական, այնպես, որ չենք մտածում հետադարձ ակնարկ նետել մեր նախորդ ցավալի վիճակին և չենք մտածում շնորհակալության մասին: Եվ երբ Աստված մեզանից ետ է առնում դրանք, անշուշտ, մեր ապերախտությունը մեզ զգացնելու համար, օ՜հ, այնժամ ըմբռնում ենք այն բարիքների արժեքը, որ կորցնում ենք մեր ապերախտությամբ և ցավում՝ փոքր-ինչ վայելած և այնքան չարչարված լինելու համար: Ո՜վ դուք, որ ունկնդրում եք ինձ, նմանվում եք այն բարի բորոտին, որ իր երախտագիտությունը հայտնելու համար հատկապես եկավ Հիսուսի ոտքերի առաջ երկրպագելու: Ո՜վ դուք հավատացյալներ, միշտ երախտապա՛րտ եղեք Աստծուն և մտաբերե՛ք բոլոր նրանց, ովքեր ապրում են առանց հույսի և առանց Աստծու, մտաբերե՛ք նրանց, ում երկինքը դատարկ է և ներկան՝ առանց վաղվա…: Դուք, որ երջանիկ եք հավատալու համար, իմացե՛ք միշտ երախտապարտ լինել Աստծուն: Երբ ձեր շուրջը ուրախությունները կտեսնեք, մտաբերե՛ք բոլոր նրանց, ովքեր մահվան անկողնու մեջ հետզհետե իրար ետևից անհետանալու վրա են՝ խոր սգի մեջ թողնելով իրենց սիրելիներին: Այո՛, մտաբերե՛ք այդ տրտում դեմքերը, ցավատանջ սրտերը և երախտապա՛րտ եղեք Աստծուն: Եվ երբ ձմռան սառնամանիք օրերին վերադառնաք ձեր տաքուկ բնակարանը, կամ երբ նստած [լինեք] լիառատ սեղանի շուրջը, դարձյալ մտաբերե՛ք բոլոր նրանց, ովքեր փլված խրճիթում դողում են ցրտից և ովքեր պիտի երջանիկ զգային իրենց, եթե կարողանային հավաքել ձեր սեղանից ընկած փշրանքները. այո՛, նրա՛նց մտաբերեք և երախտապա՛րտ եղեք Աստծուն և ձեր երախտագիտությունը թող լինի այնքան խորը, որքան խորն են և անհատակ Նրա բարություններն ու շնորհները:
Մաս Գ
Դուք թերևս պետք է ասեք` հավատքն է կարևորը և հավատքն է, որ փրկում է մեզ և ոչ թե երախտագիտությունը: Շա՜տ ճիշտ է…: Բայց գիտե՞ք, թե ի՞նչ է հավատքը: Այն բացահայտելուց առաջ նախ ամբողջացնեմ բորոտների պատմությունը: Հիսուս, տեսնելով, որ բարի բորոտը գալով երկրպագեց և շնորհակալ եղավ իրենից, ասաց. «Չէ՞ որ տասն էին բժշկված բորոտները, ուրեմն այն ինն ո՞ւր են: Այս օտարազգուց բացի մյուսները չմտածեցին գալ և փառք տալ Աստծուն,- և ասաց նրան,- Ե՛լ, գնա՛, քո հավատը քեզ փրկեց»:
Քո հավատը քեզ փրկեց…: Կսպասեի՞ք այսպիսի մի հայտարարության: Եվ ո՛վ է նա, ում ասաց, թե քո հավատքը քեզ փրկեց. մի սամարացի: Ինչպիսի՞ մեկն է սամարացի կոչվածը: Հիսուս արդեն պատասխանում է. «մի օտարազգի»: Այո՛, մի օտարազգի, օտար՝ Ուխտին և Կտակին, օտար՝ աստվածային պաշտամունքի մեջ, օտար՝ Ս.Գրքի նկատմամբ, օտար՝ ուղղափառ հավատալիքներից, վերջապես մի ատելի օտար, մի հերետիկոս՝ հրեաների աչքում:
Ի՞նչ ենք հասկանում հավատք ասելով: Մի՞թե առաքելությունն է հավատք ասվածը, կամ մի՞թե ավետարանական վարդապետությունն է հավատքը: Ո՛չ, ո՛չ: Ուղղափառությունը և ավետարանական վարդապետությունը հավատք չեն: Դուք բարեբախտ կզգաք ձեր առաքելական լինելու համար, մանավանդ, երբ այն իր հավատացյալների աչքերի առջև բարձրացնում է Խաչը` իբրև նշան սիրո և անձնվիրության: Բայց սա էլ հավատք կոչվածը չէ:
Տասը բորոտները ճանաչում էին, գիտէին Քրիստոսի գերազանց զորությունը, բայց միայն մեկը ուներ բուն հավատքը: Երբ միայն Քրիստոսի գերբնական զորությունը և աստվածությունն ենք ճանաչում, [դա] չի նշանակում հավատք ունենք: Նրա աստվածությունը ճանաչելով հանդերձ` հարկ է երախտագիտությամբ և սիրով Նրա հետ կապված լինել: Երբ միայն ողջունում ենք Վարդապետի անունը, ինչպես արեցին տասը բորոտները, չի նշանակում հավատք ունենալ: Այլև սամարացու նման հարկ է վերադառնալ Տիրոջ [մոտ] և Նրան նվիրել կյանք, որ Ինքն է տվել:
Իմացական հավա՜տքը… երևակայական հավատք է, որ ամուլ և ունայն հավատք է…: Որպեսզի իմացական հավատքը կենսունակ և կրոնական հավատք լինի, պետք է, որ սրտով կապվենք և սրտով հավատանք Աստծուն: Եվ մենք, որ այստեղ՝ այս սուրբ կամարների տակ ենք հավաքված, այդ փրկարար հավատքով կապվենք ամեն մեկս մեր Փրկչի [հետ] և ասենք. «Ո՜վ Տեր, ահա այստեղ ենք եկել քեզ նվիրվելու այն զգացումով, որով բարի բորոտը քո ոտքերի առջև արտահայտվեց: Ընդունի՛ր մեր երախտագիտությունը, մեր սերը և մեր անձնվիրությունը: Քեզ են ապավինում մեր սրտերը: Մեր գոհաբանությունն ու օրհնության պատարագն ընդունիր Աբելի և Նոյի պատարագի պես: Մեր կյանքը Քեզ է պատկանում ամբողջությամբ և ընդմիշտ»:
Ո՛վ հավատացյալներ, սրտով և հոգով ասե՛ք այս խոսքերը և, անշուշտ, պետք է լսեք ձեր խղճի խորքից Տիրոջ ձայնը, որ ձեզ պիտի ասի. «Արի՛, գնա՛, որովհետև քո հավատքը քեզ փրկեց»: Ամեն:
Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.
Արևելահայերենի փոխադրեց Տիգրան դպիր Մկրտչյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում