Ավարտվեց «Թատերական Գավառ» փառատոնը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 16-23-ը Գավառ քաղաքում անցկացվեց «Թատերական Գավառ» փառատոնը, որի ընթացքում Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի լեփլեցուն դահլիճում ներկայացումներով հանդես եկան մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր մարզերի տասը թատրոններ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ փառատոնի վերջին օրը «Արծվաբույն» ներկայացմամբ հանդես եկավ Գ. Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը:
Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանի հավաստմամբ՝ մեկշաբաթյա փառատոնը հանդիսատեսի պակաս չունեցավ, թատերասեր հասարակությունը վայելեց հայ ժամանակակից եւ դասական դրամատուրգների մի շարք ստեղծագործություններ: «Լեփլեցուն դահլիճը եւ ջերմ ծափահարությունները փաստում են, որ թատերական փառատոնը Գավառում կայացավ: Թատրոնները Գավառի հանդիսատեսից ստացան անկրկնելի տպավորություններ, եւ ես համոզված եմ, որ մենք ճիշտ վարվեցինք, որ այս փառատոնը Գավառում կազմակերպեցինք»,- նշեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Թատերական շաբաթն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ նման միջոցառումները Գավառում վերականգնում են թատրոնի հանդեպ ունեցած երբեմնի սերն ու հետաքրքրությունը: «Այո, իսկապես «Թատերական Գավառ» փառատոնը կայացավ, և քննարկումները, որ մենք անցկացրել ենք փառատոնի կազմակերպման հետ կապված, իրականություն դարձան: Ես ուզում եմ մեր մարզի բնակչության անունից շնորհակալություն հայտնել այն բոլոր թատրոնների ղեկավարներին և դերասաններին, ովքեր փառատոնի ընթացքում հանդես են եկել ներկայացումներով: Շնորհակալություն Թատերական գործիչների միությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Գավառի թատրոնի աշխատակիցներին և տնօրինությանը, որոնց համատեղ ջանքերի արդյունքում կայացավ թատերական շաբաթը: Այս մեկ շաբաթը ավելի ամրապնդեց թատերական մշակույթի հիմքերը Գավառում: Մեր հանդիսատեսը կսպասի ձեզ»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի եւ «Թատերական Գավառ» փառատոնը կազմակերպելու համար Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին եւ փառատոնին մասնակից բոլոր թատերական կոլեկտիվներին:
Փառատոնի անցկացումը լավագույնս կազմակերպելու համար ՀՀ թատերական գործիչների միության նախագահը միության շնորհակալագրով խրախուսեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանին եւ թատրոնի մի շարք աշխատակիցների՝ ներկայացումների ընթացքում կոլեկտիվներին տեխնիկական սպասարկման հարցերում աջակցելու համար:
Փառատոնի կազմակերպմանն աջակցելու նպատակով Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը թատրոնի պատվոգիր շնորհեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին եւ «Թատերական Գավառ» փառատոնի հովանավորներ Հրայր եւ Աննա Հովնանյաններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում