ԵՊՀ-ն թավշյա փորձարկումների հարթակ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երևանի Պետական Համալսարանից ստացվող նորությունները շարունակում են ապշեցնել։ Երեկ ուսանողների նախաձեռնությամբ և գիտխորհրդի անդամների ⅓-ի պահանջով նիստ էր հրավիրվել, որի ընթացքում մարդիկ ուզում էին խոսել բուհի ներսում առկա խնդիրների և ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների մասին։ Ռեկտորը տապալեց, ամեն ինչ արեց, որ նիստի օրակարգը չհաստատվի։ Եվ դա այն դեպքում, երբ նիստը հրավիրվել էր արդեն իսկ առաջ բերած օրակարգով։
Արհամարհանքի ու ատելության այն հոսքերը, որ բխում էին ռեկտորի ժպ Գեղամ Գևորգյանից, պարզապես աներևակայելի էին։ Անկեղծ ասած՝ մտքումս երանի էի տալիս գիտխորհրդի անդամ այն ուսանողների համբերությանը, որոնք, ելնելով իրենց տարիքից և բուհի հանդեպ տածած հարգանքից, կարողանում էին զսպել իրենց և նույն Գեղամ Գևորգյանի ոճով չէին պատասխանում նրան. «Արա, այ հոպար, դու սուս»։ Մինչդեռ արժանի էր…
Բայց այն, որ Մայր բուհի նոր ղեկավարությունն այդչափ արհամարհում է ԵՊՀ Գիտական Խորհրդի անդամներին, անթաքույց լպիրշությամբ ազատվում է համալսարանում մեծ վաստակ ունեցող կադրերից, փոխարենը նշանակելով նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի կադրերին, այլևս բարոյականության ոչ մի սահմաններում չի տեղավորվում։ Հիշատակված եռյակը՝ Արայիկ Հարությունյանը, Գևորգ Մուրադյանն ու Գեղամ Գևորգյանը, կարծել են, որ բուհն իրենց հորական տունն է և ինչ ուզեն, կարող են անել։
Մամուլում արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԵՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները գրավել են իրավապահների ուշադրությունը։ Մի հետաքրքիր դեպք էլ երեկ Գիտական խորհրդի անդամներից մեկը պատմեց։ Պարզվում է՝ ԵՊՀ ղեկավարությունը որոշել է բուհի 100-ամյակի խնջույքը «Ռենեսանս»՝ համեմատաբար էժան ռեստորանից տեղափոխել «Ֆլորենս» ռեստորանային համալիր, որտեղ գները շատ ավելի բարձր են։ «Ֆլորենսը», ինչպես հայտնի է, պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին։ Իսկ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ներկայիս նախագահ Գևորգ Մուրադյանը Կարեն Կարապետյանի օգնականն էր։ Գիտխորհրդի անդամներին հետաքրքիր էր՝ այս հարցում կա՞ կոռուպցիոն ռիսկ, թե՞ ոչ։ Հովանավորչություն կա, թե՞ ոչ։ Նմանատիպ հարցադրումներ են հնչում նաև ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայի վերաբերյալ…
Բայց սա ամենը չէ։ Բուհի մի շարք աշխատակիցներ այսօր դատական հայցեր են ներկայացրել իրենց գործատուների դեմ՝ պահանջելով վերջ դնել վերջին ամիսներին սկիզբ առած ապօրինությունների ընթացքին։ Խնդիրը՝ հովանավորչությունն է ու «թավշյա» իշխանությունների կողմից սեփական մարդկանց ԵՊՀ-ում պատասխանատու պաշտոնների նշանակելն է։ Այսպես, քիչ առաջ Facebook սոցիալական ցանցում կարդում էի ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի գրառումը բուհի նորանշանակ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի մասին, որը նախարար Արայիկ Հարությունյանի համակուրսեցին է։ «Այս տղան հայերեն գրում է տառասխալներով, անգլերեն ու ռուսերեն ընդհանրապես չգիտի, ոչինչ չի հասկանում լրատվությունից և PR-ից, ղեկավարում է ԵՊՀ ճապոներենի, կորեերենի և չինարենի կենտրոնները, բայց այդ լեզուներից ոչ մեկը չգիտի, ունի փառահեղ անցյալ…», – գրում է Էմին-Տերյանը։
Օրենքի և ԵՊՀ ներքին կանոնադրության խայտառակ անտեսման պարագայում մոտ երկու ամիս առաջ ռեկտորի ժպ-ն և Հոգաբարձուների խորհրդի նախագահը փակել են նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։ Կենտրոնի աշխատակիցները բողոքարկել են ԵՊՀ ղեկավարության այս որոշումը դատարանում՝ հասնելով այդ որոշման կասեցման։ Բայց դրանով խնդիրները համալսարանում, իհարկե, չեն ավարտվում։ Ցավոք, Մայր բուհից ամեն օր են նոր ահագնացող ապօրինությունների ու կամայականությունների մասին լուրեր ստացվում։ Մինչդեռ, հենց այս տարի, երբ ԵՊՀ-ն տոնում է իր հիմնադրման 100-ամյակը, բուհի ղեկավարները պարզապես պարտավոր էին մնալ գոնե թե ամենաչնչին հարգանքի և օրիանականության սահմաններում։ Քաղաքական հովանավորչությունը, կուլիսային կեղտոտ պայմանավորվածությունները, կամայականություններն ու ինքնաիրավչությունը օր օրի ուտում են Մայր բուհը՝ թշնամանքի ու ատելության նոր չափաբաժիններ ներարկելով այս անգամ արդեն կրթական և գիտական ոլորտ։ Հետևանքները, կարծում եմ, ակնհայտ են բոլորի համար։ Ուստի, վերոնշյալ եռյակի գործունեությունն անհապաղ պետք է կասեցնել։ ԵՊՀ-ն թավշյա փորձարկումների հարթակ չէ։ Այն մեր Մայր բուհն է, մեր կրթօջախը, մեր ժողովրդի բարօրության հիմնական երաշխավորներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում