Սա ոչ թե քաղաքական քննարկում է, այլ՝ ՎՊ հաշվետվության. Ա. Գևորգյանը` Ն Փաշինյանին

ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, ասել է, որ եթե իրենք ընդունեն Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումները, ապա կառավարությունը պետք է փաստացի հրաժարական տա, իսկ եթե չեն ընդունում, ապա կառավարությունը շարունակելու է պետական ունեցվածքի զանգվածային փոշիացումը:

Aysor.am-ի փոխանցմամբ` Ն. Փաշինյանը նկատել է, որ եթե Կառավարությունը հերքում է ՎՊ-ի հաշվետվությունը, դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ, սեպտեմբերի 15-ին կառավարության հայտնի նիստի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը «ատկատների» մասին խոսել ավելի կոպիտ և նշել, թե «գլխից պետք է բռնել մեծերին»: «Եթե հերքում եք ՎՊ-ի հաշվետվությունը, պետք է հերքեք նաև Սերժ Սարգսյանի ասածները»,- մասնավորապես ասել է  Ն. Փաշինյանը:

Փաշինյանը նկատել է նաև, որ «Ա. Գևորգյանը Toyota ընկերության սեփականատեր է», և հենց այդ ընկերությունից են հիմանականում գնում պետական կառույցների մեքենաները. «Ստացվում է, որ դուք շահույթ եք ստանում, որը ատկատի ձևերից է»:

Ի պատասխան Ա. Գևորգյանը նշել է, որ բազմիցս մամուլում հայտարարել է, որ ընկերության սեփականատեր չէ, և պետք չէ մի հարցը կապել մյուսի հետ. «Եթե ես չեմ սխալվում, պետական համակարգում մեքենաներ միայն այդ ներկայացուցչությունից չէ, որ գնում են, այլև՝ այլ ընկերություններից ևս»:

Ինչ վերաբերում է կոնկրետ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին, ապա փոխվարչապետը նկատել է, որ սա ոչ թե քաղաքական քննարկում է, այլ՝ ՎՊ հաշվետվության:

«Իմ ասածները կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել: ՎՊ հաշվետվությանը ես ամփոփիչ գնահատական կամ հերքում չեմ ներկայացրել իմ ելույթում: Ես ներկայացրել եմ մեր մեկնաբանությունները այն դրվագների վերաբերյալ, որոնք արտացոլված են ՎՊ հաշվետվությունում»,- ասել Ա. Գևորգյանը:

Արձագանքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ նույնիսկ «վիկիլիքսյան» փաստաթղթերում Ա. Գևորգյանը ներկայացված է որպես Toyota ընկերության 1.3-ի սեփականատեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում