Հայաստանում ելույթ ունեցավ համաշխարհային մեծության դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին

Հայաստանում ելույթ ունեցավ համաշխարհային մեծության դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am:  «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երևանյան բեմում հանդես եկավ աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը` ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին։ Երաժիշտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրեց Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգային երեկոյի ընթացքում նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց նաև Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը։

Նիկոլայ Լուգանսկին հիշում է, որ Հայաստանում առաջին անգամ եղել է 1980-ական թվականներին, երբ աշակերտ էր, և մեր երկիր էր ժամանել որպես պատանի երաժիշտ։
Նիկոլայ Լուգանսկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ հանդես է եկել 2018թ. գարնանը Մալթայում։ «Շատ հաճելի էր նվագախմբի հետ ելույթ ունենալը։ Երիտասարդ երաժիշտներ են, էներգիայով, էնտուզիազմով լի»,- ասում է դաշնակահարը։

Նա նշեց, որ համերգի ծրագիրը համատեղ են ընտրել՝ դիրիժոր Սմբատյանի հետ։ Քննարկել են մի շարք տարբերակներ, ի վերջո, ընտրությունը կանգ է առել Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի վրա։ Երաժիշտը նկատում է, որ իրեն շատ հոգեհարազատ է Պրոկոֆևի երաժշտությունը, այն շատ խորն է՝ լի աներևակայելի էներգիայով։

Հիշեցնենք, որ «Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում