Ինգոլֆ Վունդերի դաշնամուրային կատարումները հիացրին հայ երաժշտասերներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես եկավ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ավստրիացի դաշնակահար Ինգոլֆ Վունդերը, որին շատ քննադատներ անվանել են ուղղակի հրաշք։ Երաժիշտը կատարեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ֆերենց Լիստի, Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։
Դաշնակահարն առաջին անգամ էր Հայաստանում, և դա նրա առաջին հանդիպումն էր հայ ունկնդիրների հետ, որոնք շատ ջերմ ընդունեցին երիտասարդ երաժշտին՝ անդադրում ծափերով չթողնելով նրան հեռանալ բեմից։ Համերգային ծրագրում ներկայացվել են դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր։ Ինգոլֆ Վունդերը նկատում է, որ իր համար դասական և ժամանակակից կոմպոզիտորներ տարանջատումը գոյություն չունի։ Իր համար կա երաժշտություն, որն արժեքավոր է կամ ոչ։ Այն, ինչ ինքը նվագում է, ըստ դաշնակահարի, իրեն հոգեհարազատ է։ Նշենք, որ համերգին, որի ընթացքում Ինգոլֆ Վունդերը կատարում էր Շորի «Մանկության հիշողություններ» շարքը, ներկա էր հեղինակը։ Դաշնակահարը խոստովանում է, որ իր համար հաճելի էր տեսնել հեղինակին դահլիճում։
Ի դեպ, Ինգոլֆ Վունդերը սեպտեմբերի 24-ին ԴասԱ ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր Երևանի թիվ 109 ավագ դպրոցում է՝ աշակերտների հետ զրուցելով դասական երաժշտության մասին։ Նա որոշ կատարումներ նվիրեց դպրոցականներին՝ նրանց հետ քննարկելով մարդու կյանքում երաժշտության դերի, դասական կոմպոզիտորների և այլ թեմաների մասին։
Հիշեցնենք, որ «Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում