Գարեգին Բ-ն Փաշինյանի հետ կքննարկի եկեղեցականներին ծնկի բերելու հայտարարությունը
Նմանատիպ
Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: Լրագրողներին ամենից շատ հուզող հարցին, թե ինչպես է ընկալել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությանը, Վեհափառ հայրապետը պատասխանեց, որ վարչապետի՝ Հայաստան վերադարձին պես խնդրի առնչությամբ «լուսաբանություններ կունենան»:
Նշեց նաև՝ վարչապետի հետ պարբերաբար հանդիպում են, քննարկում եկեղեցուն ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր. «Բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջև, որ հուզում են մեր ժողովրդին և այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես և սփյուռքի կյանքում: Լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ»:
Մյուս դիտարկմանը, թե վերջին շրջանում կրկին ակտիվացել են «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր առարկա ուսուցանվելու խոսակցությունները, հոգևոր առաջնորդն արձագանքեց՝ մտավախություն չունեն, թե առարկան կարող է դուրս մնալ պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկից: «Քննարկումներ ենք ունեցել ոլորտի պատասխանատուների հետ, ու հանարավոր է, որ առարկայի դասավանդման մեթոդն ու դասագրքերի բովանդակությունը փոխվի: Ինչ վերաբերում է առարկայի դուրս մնալուն, ապա դա չի լինի»,- ամփոփեց Վեհափառը:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում