Նոր մանրամասներ Սյունիքի դեպքից․ Եթե Ավետիք Բուդաղյանին ցուցաբերվեր առաջին օգնություն նա ողջ կմնար

Արտակ Բուդաղյանին եղբոր՝ Ավետիք Բուդաղյանի մահվան լուրը հայտնել են հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, և եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը, ով եղբայրների հետ կատարվածից հետո վերադարձել է Մոսկվայից: Բուդաղյանների հարազատները 1in-ի հետ զրույցում նշեցին, որ Արտակը մինչև վերջ հույս է ունեցել, որ եղբայրը ողջ է, շատ ծանր է տարել նրա մահը, ասել է, որ ինքը խոսել է եղբոր հետ:

Մարզպետի տանը աշխատող մի կին, որը դեպքի պահին այնտեղ է եղել, Բուդաղյանների հարազատներին պատմել է, որ Ավոն դեռևս վիրավոր՝ հեռախոսը տվել է իրեն և ասել. «Մորքուր ջան, զանգի շտապօգնություն, բայց նրանք հրահանգ էին ստացել… ոչինչ չեն արել, չեն կանչել»,- ասացին հարազատները՝ հավելելով, որ Լորետան՝ Սուրեն Խաչատրյանի կինը, զագսի վարիչ լինելով հանդերձ՝ մարդասիրական որևէ մոտեցում չի ցուցաբերել: Նրանք վստահ են, որ եթե Ավոյին առաջին օգնություն ցուցաբերվեր, նա ողջ կմնար:

Հարազատները նշեցին, որ Արտակ Բուդաղյանին ոչ ոք չի տարել հիվանդանոց, Արտակը վիրավոր վիճակում ինքնուրույն գնացել է հիվանդանոց: Նա երկու լիտր արյուն է կորցրել:

«Բժիշկներն ասել են, որ առաջինը բերել են թևից վիրավոր թիկնապահին: Ինքը շոկի մեջ էր, նա այնքան ուժեղ տղամարդ է, պառկած միայն մտածում էր՝ ինչպես անի, որ շուտ հասնի իր զորքին, իր զինվորները գալիս են հրամանատարի մոտ, սպասում են նրան: Մենք զարմացանք՝ ինչպե՞ս կարող են լրատվամիջոցները հնչեցնել, թե պետք է Արտակ Բուդաղյանին ձերբակալել, ինչի՞ համար ձերբակալեն մեկին, ով ընդհանրապես չի էլ կրակել: Արտակը չի կրակել ընդհանրապես, և դա պարզ է»,-ասացին նրանք:

Հարազատները զարմացած են իշխանության պահվածքից. Սուրեն Խաչատրյանի նկատմամբ այդքան մեղադրանք ներկայացնելուց հետո նա դեռ ազատության մեջ է: Ավելին, նկատվում է գործը կոծկելու, Սուրեն Խաչատրյանին ամեն ինչից զերծ պահելու ակնհայտ միտում:

Բարեկամները պատմեցին, որ Սուրեն Խաչատրյանը այժմ հիմնականում Երևանում է, Մաշտոցի պողոտայում գտնվող «Սիգար» բարում: Նա հանդիպումներ է ունենում՝ շրջելով մեծ քանակությամբ թիկնապահների հետ, ինչն արդեն իսկ վկայում է այն մասին, որ նա շատ վախեցած է:

«Մենք պարզ ճակատով ենք քայլում, իսկ իրենք մտել են մկան ծակը… վախեցած են: Բացի այդ, երկու ընտանիքների տարբերությունը ակնհայտ է, բոլորը գիտեն. տեսեք՝ ովքեր են նրանք, տեսեք՝ ովքեր ենք մենք»,- ասացին նրանք՝ հավելելով, որ հիմա Սուրեն Խաչատրյանի նպատակն է տղային փրկել:

Նրանք հավելեցին, որ քանի դեռ Սուրեն Խաչատրյանը քրեորեն չի պատժվել, սպանությունները շարունակվելու են, իսկ մարզպետի պաշտոնից հրաժարվելը դեռ ոչինչ է. «Ուզում ենք հասկանալ՝ շարքային քաղաքացու մոտ երբ անօրինական զենք են գտնում, ինչո՞ւ են անմիջապես կալանավորում, իսկ այս դեպքում ինչո՞ւ են խտրական մոտեցում ցուցաբերում»,- ասում են հարազատները:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Բուդաղյան եղբայրներն իրենք են հարձակում գործել նախկին մարզպետի տան վրա, ասացին՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հարձակում, ո՞վ է մահացել, ո՞վ է վիրավորվել և ո՞վ է կենդանի նստած իր տանը: «Մենք դեռ հարգում ենք մեր իշխանությանը, և եթե նրանք չձեռնարկեն համապատասխան միջոցներ, մենք կդիմենք Եվրադատարան, այլևս կորցնելու ոչինչ չունենք, քանի որ Ավոյի կորուստն այնքան մեծ էր…»,-ասացին նրանք:

Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը 1in-ի հետ զրույցում պատմեց, որ հունիսի 1-ին, երեկոյան ժ. 23:05-ին, երբ ահազանգ են ստացել, անմիջապես դուրս են եկել բժշկուհին և բուժակը՝ վարորդի հետ, Շատ արագ մեքենաները եկել են, մեկ հոգի վիրավորված էր, բժշկուհուն հաղորդում են, որ շտապ վիրավոր են բերել: Այնուհետև մեքենայով շտապ գնացել են մարզպետի տուն, նրանց ասել են, որ այլևս պետք չէ, ու հետ են եկել:

Փաստացի արձանագրվում է, որ շտապօգնությունն անձամբ որևէ վիրավորի չի տեղափոխել: «23:05-ին ստացել ենք զանգ, մի կին է զանգել, կանչել մարզպետի տուն, թե՝ շուտ հասեք մարզպետենց տուն: Բոլոր զանգերին են արագ արձագանքում, բայց մարզպետի տուն առանձնահատուկ արագությամբ են գնացել, շատ արագ»,- ասաց Լ. Հարությունյանը:

«Չգիտեմ՝ իրե՞նք են ուշ կանչել, թե՞ ոչ, բայց մենք շուտ ենք գնացել»,- ասաց նա:

Բժշկուհի Հարությունյանը 1in-ի հետ զրույցում նշեց, որ դեպքին ականատես չի եղել, երբ ինքը գնացել է, հիվանդներին արդեն տեղափոխել էին եղել հիվանդանոց. «Ես չեմ մասնակցել հիվանդների տեղափոխմանը, չեմ եղել, վիրաբույժ Շեկունց Գոռը հիվանդներին անմիջապես վիրաբուժական բաժին է բարձրացրել, հիվանդին պատգարակի վրա են դրել, տեղափոխել դեպի վերելակ, մենք գնացել ենք դեպքի վայր, իրենց հիվանդանոց տեղափոխած են եղել մեքենաներով»,- ասաց բժշկուհին՝ այդպես էլ չպատասխանելով այն հարցին, թե առաջինը ո՞ւմ են մեքենայով տեղափոխել՝ Բուդաղյան եղբայրների՞ն, թե՞ Սուրեն Խաչատրյանի թիկնապահին: Միայն նշեց, որ արտասահմանյան մեքենայով հիվանդ են բերել: «Երբ մենք հասանք դեպքի վայր, լիքը մարդիկ կային, մենք հետ ենք եկել բաժին»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում