Մայր Աթոռում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2019-2020 թթ. ուսումնական տարվա բացումը
Նմանատիպ
Սեպտեմբերի 27-ին, Սուրբ Գևորգ զորավարի տոնի նախօրեին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2019-2020 թթ. ուսումնական տարվա բացումը:
Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերը: Այնուհետև կատարվեց ուսանողների օրհնության կարգ և ուսումնական տարեմուտի աղոթք, որից հետո ներկաներին ողջունեց ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Հայր Սուրբը, ողջունելով ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, տեղեկացրեց, որ Գևորգյան հոգևոր ճեմարանը 2019-2020 թթ. ուսումնական տարին սկսում է 91 սանով, ասպիրանտուրայի 9 ուսանողով: Այս տարի ճեմարան է ընդունվել 15 սան, ճեմարանն ունի 32 աշխարհական և 17 հոգևորական դասախոս:
Դիմելով ճեմարականներին` Հայր Գարեգինը մասնավորապես ընդգծեց. «Մի առաքելություն, որ չափազանց դյուրին է, չի կարող արդյունավորվել ու առատ պտուղներ տալ: Անցյալ տարիներին փորձել ենք ﬕասին ﬔր առջև վառ ունենալ հոգևոր ու մտավոր զարթոնքի այն տեսիլքը, որը դեռևս Վաղարշապատի մաշտոցահիմն դպրոցից դարեր ի վեր ավանդվել է ﬔր նախնիներին ու մեզ: Ձեր կրթության այս վեցամյա ընթացքում ոչ միայն դուք եք ուսանում, այլև ﬔնք շատ բաներ սովորում ենք ձեզանից: Չեմ դադարի ասել, որ բաբախող սրտին ավյուն է տալիս ժիր ուսանողը, մշտապես իր մեջ հարցեր ունեցող ու պրպտող ուսանողը, ոչ պարտադիր կերպով ամեն բանի հետ համաձայնող, բայց հեզ ուսանողը: Այսպիսի որակներ առկա են ձեր մեջ: Մաղթանքս է, որ աղօթքի, ուսման ու ծառայասիրության բովով թրծված ձեր անձերը ﬕշտ հայտնվեն այն վայրում ու այն մարդկանց կողքին, ովքեր դրա կարիքն ունեն առավել քան որևէ այլ բան»: Տեսուչ Հայր Սուրբը նաև իր խորին շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ճեմարանի հանդեպ մշտապես ուշադիր և հոգատար վերաբերմունք դրսևորելու համար:
Ցերեկույթին հոգևոր, ժողովրդական և աշուղական երգերի կատարումներով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը (ղեկավարությամբ Արտաշես Բաբուրյանի), Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը (ղեկավարությամբ Շահե Քեշիշյանի) և «Նարեկացի» համույթը (գեղարվեստական ղեկավար, թառահար և կոմպոզիտոր Արտեմ Խաչատուր):
Ուսումնական տարվա բացման առիթով դասախոսական անձակազմի անունից ողջույնի խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Ալվարդ Բարխուդարյանը:
Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաև շրջանավարտ ճեմերանականների դիպլոմների հանձնման արարողությունը: 2018-2019 թթ. ուսումնական տարվա 16 շրջանավարտ սարկավագներ ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ստացան իրենց ավարատական դիպլոմները: Շրջանավարտների անունից երախտագիտության խոսքով հանդես եկավ Բարեշնորհ Սևակ սարկավագ Գրիգորյանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու պատգամը ներկաներին փոխանցեց Նաթան արքեպիսկոպոսը:
«Այս տարին հատկանշական է հոգևոր մեր այս կրթօջախի հիմնադրության 145-ամյակով: Շուրջ մեկ և կես դար առաջ երանաշնորհ Գևորգ Դ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հիմնադրված նվիրական այս հարկի ներքո հասակ առան ու կրթվեցին բազում հոգևորականներ: Խորհրդանշական է, որ բացման հանդիսությունը կատարում ենք Սուրբ Գևորգ զորավարի տոնի նախօրեին, որը ոգեշնչում է նրա հոգևոր սխրանքի և զորեղ հավատքի օրինակով, մեր լուսամիտ հայրերի առաքելաշավիղ ճանապարհով ընթանալու, ապրելու ու գործելու:
«Պարտ է միշտ կրթել զանձն յուսումն եւ յաստուածապաշտութիւն»: Այս խրատն է մեզ տալիս մեր Սուրբ Եկեղեցու եռամեծ վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացին` մշտապես նախանձախնդիր լինելու ուսմանն ու կրթությանը և աստվածապաշտությանը: Տաթևացու այս պատգամը ուսուցանող խրատ է ճեմարանի սաների համար, որպեսզի գիտելիքների ամբարումով, Սուրբ Գրքի իմացության մեջ վարժվելով, բայց նաև Աստծո հետ հաղորդակցության մեջ հարատևելով կարողանան լավագույնս պատրաստվել հոգևոր առաքելության՝ ուսումնառությունից հետո բարի սպասավորությամբ իրականացնելու հավատավոր ժողովրդի հոգևոր խնամքը:
Գևորգյան հոգևոր ճեմարանը կոչված է եկեղեցականների նոր սերունդ կրթելու և պատրաստելու՝ շարունակելով մեր Սուրբ Եկեղեցու երանյալ Հայրերի ավանդները կրթության, դպրության ու գիտության: 145-ամյա Ճեմարանը ավանդների կրողն է մեր նշանավոր վանական համալսարանների, մեր հոգևոր հայտնի կենտրոններում հաստատված կրթության օջախների, որոնք դարեր շարունակ լուսավառ պահեցին հայ միտքը, նվաճումներ ավելացրեցին հայոց ոսկեդարի գոհարներին, զարգացրեցին մշակույթն ու արվեստը: Մեր դպրությունը դարձավ այն ուժը, որը պատմության հոլովույթներում մեր ժողովրդին պատուհասած փորձությունների մեջ անպարտելի պահեց հայոց հավատքը, ինքնությունն ու ոգին: Այսօր էլ մեր հայրերից մեզ ժառանգություն փոխանցված այդ արժեքներով պիտի խմորենք մեր կյանքը, դրանցով ամրացնենք մեր ժողովրդին 21-րդ դարում հառնած կործանարար նոր գաղափարախոսությունների և մարտահրավերների առջև՝ պահպանելու ազգային ինքնագիտակցությունը, նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, հայրենին և Սուրբ Եկեղեցին:
Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությունը արդյունավորվում է հոգածու տեսչության և հոգևորական ու աշխարհական նվիրյալ դասախոսների գովելի ջանքերով: Սիրելի դասախոսներ, ձեր մատուցած գիտելիքներով, ինչպես նաև ձեր անձնական օրինակի և աստվածասիրության ու եկեղեցասիրության կնիքը կրելով է թրծվում ապագա հոգևոր սպասավորը: Դուք եք այսօր Սուրբ Սահակի ու Սուրբ Մեսրոպի, հռչակավոր համալսարաններ հիմնած և այնտեղ դասավանդած մեր մեծ վարդապետների կրթական առաքելության շարունակողները: Դուք այս հաստատությունից ներս հոգևորականներ պատրաստած ու դաստիարակած նշանավոր հայրապետների, եկեղեցականների, գիտնականների գործի հետևողն ու իրականացնողն եք: Մենք բարձր ենք գնահատում ձեր գովարժան ծառայությունը, որ արդյունավորում եք ջանադրությամբ, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության, մեր հոգևոր-ազգային կյանքի շինության ու բարօրության նախանձախնդրությամբ:
Սիրելի սաներ Գևորգյան հոգևոր ճեմարանի, հայրական սիրով և օրհնությամբ Մեր խոսքն ուղղում ենք նաև ձեզ՝ պատգամելով, որ մտապահեք և իրագործեք Սուրբ Գրիգոր Տաթևացու հորդորը. «Պարտ է միշտ կրթել զանձն յուսումն եւ յաստուածապաշտութիւն»: Գիտելիքն ու գործերը բազմապատիկ կարող են պտղաբերել աստվածապաշտության, աղոթական կյանքի հետ միավորվելով միայն: Միշտ նախանձախնդիր եղեք ուսման և իմացության, նաև մնացեք Աստծո հետ որդիական ջերմ հաղորդակցության, Քրիստոսապատվեր սիրո մեջ:
…Վերստին Մեր գնահատանք ենք բերում Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական և դասախոսական կազմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ հոգևոր-կրթական առաքելության մեջ: Մեր առանձնակի գնահատանքն ենք բերում Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանին հոգևորականաց պատրաստության, ճեմարանի միջոցառումների ու ծրագրերի արդյունավետ իրագործման համար», – ասված է Վեհափառ Հայրապետի խոսքում:
Նաթան արքեպիսկոպոսը ներկաներին փոխանցեց նաև այն, որ օրհնությամբ Վեհափառ Հայրապետի տեսուչ Հայր Սուրբն առաջիկայում կոչվելու է այլ ծառայության և այս ուսումնական տարում ճեմարանում որպես նոր տեսուչ աշխատանքի է հրավիրվել Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: Վերջինս շրջանավարտ է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Գևորգյան հոգևոր ճեմարանի, իր ուսումնառությունը կատարելագործել է Ստրասբուրգի Մարկ Բլոկ համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետում, հոգևոր սպասավորությունն արդյունավորել Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմերում:
Ուսումնական տարվա բացման հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում