Տավուշում նշեք Վարագա Սուրբ Խաչի տոնը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Վաղը և մյուս օրը՝ սեպտեմբերի 28-29-ին մեր Տավուշ-ՏաՀույս աշխարհի մեծագույն տոնն է»,-նշում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։
Արքեպիսկոպոսը մանրամասնում է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի առիթով Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերադառնում է Նոր Վարագավանք՝ Տավուշ աշխարհ, այն վայրը, որտեղ շուրջ 400 տարիներ մեր աշխարհի սրտում հանգրվանել է մեր Տիրոջ Խաչափայտի մասունքը:
ՍԵՊՏԵՄԲԵՐ 28-ին ըստ ժամանակացույցի Խաչափայտի մասունքով շրջելու ենք մեր ողջ Տավուշ աշխարհում՝ հանգրվանելով Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան/Կողբ և Բերդ համայնքներում ի ցույց և ի երկրպագություն մեր ժողովրդի: Այդ ընթացքում այցելելու ենք Գոշավանք՝ հանդիպելու Մխիթար Գոշ մեր մեծ վարդապետին: Գիշերը՝ Սրբացնող Խաչափայտի մասունքով հսկում ենք կատարելու Նոր Վարագավանքում:
ՍԵՊՏԵՄԲԵՐ 29-ի առավոտյան Առաջնորդական Սուրբ Պատարագ և հավարտ Սուրբ Պատարագի Սուրբ Խաչով օրհնություն և երկրպագություն մեր բարեպաշտ ժողովրդի կողմից և ապա ժողովրդային խրախճանք հազարավոր ուխտավորների մասնակցությամբ:
Տիրոջ նախախնամությամբ, Սուրբ Խաչափայտի մասնատուփ սրբազան անոթը, որի մեջ պահվում է Տերունական Խաչափայտի մասունքը, պատրաստվել է իմ հայրական գյուղում՝ Իրանի Փերիա գավառի Սանգիբարան գյուղում: Ահավասիկ 4 տարիներ է, որ Աստված ինձ մեծագույն պատիվն է տվել ոչ միայն երկյուղով Իր Սուրբ Խաչը ներկայացնել մեր ժողովրդին և օրհնել, այլև կարծես ժառանգությամբ կրել նաև իմ հայրերի պատրաստած Սրբազան Խաչանիշ ճաճանչը, որը իր մեջ պարփակում է Տիրոջ Խաչափայտի մասունքը:
«Մեծագույն օրեր ենք ապրում ընդառաջ գնալով հանդիպելու մեր Տիրոջը՝ Իր Խաչափայտի մասունքին հպվելով, որի վրա հեղվել է Իր սրբացնող և փրկագնող արյունը:
Հանդիպենք մեր Տիրոջը աղոթքով և օրհնությամբ՝ հայցելով Իր զորությունն ու առաջնորդությունը մեր Հայաստան աշխարհի, մեր Տավուշ աշխարհի խաղաղության և հոգևոր վերելքի համար, մեր սահմանների ապահովության և անվտանգության համար, մեր ընտանիքների և մեր կյանքի օրհնության համար:
Սիրով սպասում ենք բոլորիդ…
Սիրով և աղոթքով
Բագրատ եպիսկոպոս (Տավուշեցի)»,-ստորագրել է Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։