Թովմա քահանա (Վահան) Անդրեասյան. Բանաստեղծություններ
Նմանատիպ
«Սիլֆի նուրբ երազները» շարքից
Հայտնության պահ
Կյանքը երգ է՝
ուղարկված վերուստ:
Պտույտը մոլորակների, անկումն ասուպների,
բողբոջումը ծառերի, վազվզոցը քամիների,
ժպիտներն աղջիկների, քայլերը երեխաների,
գումարումը թվերի, սոսափյունն անտառների,
բախումը մտքերի, փոփոխությունը գույների,
խաղն ալիքների, ջերմությունը շապիկների,
թշշոցը թեյամանների, մոտեցումը պահերի,
անխուսափելիությունը հանդիպումների, գգվանքը
նախազգացումների, շարանն ամբոխների,
աղմուկը մեքենաների, հրահրոցն անվերջ
զգացմունքների, հոսքը բազմաձև պատկերների,
չարաճճիությունն անընդհատ սլացող վայրկյանների
– ահա, ձայները նրա, ահա, տիեզերական շքերթը
հնչյունների:
Երգում է ժամանակը, երգում է տարածությունը՝
աղավաղումները ջնջելով սպունգի նման,
ու երգը շարունակվում է, երգը շարունակվելու է
դադարների միջով և ոգեշնչման:
Կնոջս, որին դեռևս չեմ ճանաչում
Մի դար, գուցե երկու, աղոտ սենյակներում
երկար, սպիտակ շրջազգեստով
դանդաղորեն մոմը ձեռքիդ դու կշրջես,
ծանր, մուգ վարագույրների ետևում
կուրորեն դու կշրջես ուղեկցությամբ
մեղմաձայն կլավեսինի…
Ու կույր, ու երազկոտ ես կշրջեմ
նրբանցքներում խավար, հետո
իրար դիմաց կելնենք, դու՝ ծղոտե գիսախռիվ
քո մազերով,
ես՝ աչքերով իմ փակ, դեմքով ժպտուն:
Իրար դիմաց կելնենք, քանզի
արդեն մոմերը մեր իրար տեսան,
քանզի ինչ կույր է, ճիշտ է նկատում:
Հունվարյան առավոտ
Կաթնաթափանցիկ մի շղարշ,
լայն շնչառություն, բույրը ձյան,
ծառերի վրա սառցանախշ՝
բրոնզաթույր հազար – մի արձան:
Թիթեռներ սառցե, լույս կապույտ,
ջրաներկ է շաղ տվել այստեղ
մի վարպետ՝ ձեռքով շատ անփույթ,
խաղացել քամու վրձնով անեղ:
Նա հեռվից է սլացել, սահել
գգվանքի անձայն սահնակներով,
կոպերիս վրա պաղ շունչ ցողել,
ինձ շոյել թմբիր իր մատներով:
Օ գունեղ երազների կամար,
օ շնչառության ծով հեղեղ,
կհալչեմ քո մեջ, իմ լույս աշխարհ՝
ձյան փաթիլ դարձած կամ բյուրեղ:
Այս աշխարհը
Կանաչ, կապույտ եղևնիները
աղջամուղջի թափանցիկ ու յասամանագույն օդում,
մայրամուտի կարմիր ձևերը
և լռության վսեմ մեներգը հրաշագեղ այս բացատում…
Հանկարծ փայտփորը կտցարում է,
հեռվից արձագանքող հնչյունը դարմանում է ինչ-որ բան,
որ ինչ-որ տեղ ներսում նվվում էր,
և զգուշորեն քայլում ես, և նոր հնչյուններ որսում ապա…
Եվ զարմացած նայում ես շուրջդ․
կարծես ծնվել ես, առաջին անգամ ես գոյն այս տեսնում,
և ժամ առ ժամ խփում է մուրճը,
ազդարարում՝ ինչ հրաշալի է՜ – Տերն ինքն էլ է զարմանում£
Դենդրոպարկ
Այստեղ վրձինը Ռենուարի
կերտել է ծաղկանոցը՝
կարմիր, սպիտակ, կապույտ գույներ
և արևի լույս բոցը:
Նստարանից ելնում է նա,
թիթեռների միջով
գնում է դեպի արահետ
ինչ-որ մեկի կանչով:
Ախ, հա, Վեռլենն է դա հայտնի,
Սիլֆի նուրբ ձեռքերից
վերցրել է հյութը օդեղեն՝
հղված կապույտ երկնից:
Մեկնում է նա սկիհը ոսկե,
խմում են նրանք հերթով
ու ծիծաղում, ուրախանում
չքնաղ ակնթարթով:
Արահետներն են ինձ տանում,
սոճու թափված ասեղը
ոտքիս փարվում է հարճի պես,
և այդ գգվանքն անմեղ է:
Կիրճից կանչում է ինձ կկուն,
այնտեղ է Գարգառ գետը,
Վոլոշինն է ուռկան ձգել,
և Գրին ձկնորսն իր հետ է:
Ինձ բարևում են ձեռքերով,
ժպտում են նրանք՝ մեծերը,
և ես տեսնում եմ՝ իմ ներսում
ինչպես ուռչում է սերը:
Եվ ես դեմքեր եմ նկատում
ժպտուն ու պարզերես,
որ ծառների արանքներից
նայում են լուրթ ու հեզ:
Եվ եղևնու խիտ սաղարթում
աչքերս ծանրանում են,
պառկում եմ թավշե կանաչին,
և նիրհը ինձ տանում է:
Խաղաղության քուլաներում
լսում եմ լոկ այս բանը՝
տանտերն է ինձ անվերջ կրկնում․
– …վերջապես դու տանն ես:
Գիշերային որոտ
Միանգամից սկսվեց անձրևը՝
կարծես փայտիկով դիրիժորի,
խավարի մեջ թափվող հեղեղը
խառնվեց գետի խուռն ժխորին:
Գետը՝ թմբուկների թեթև ելույթ,
անձրևը՝ ծնծղա և ափսե,
մութ խավարում հնչում են նրանք,
ինչպես սպասում, ինչպես շշուկ,
ասեկոսե։
Եվ սևի մեջ գծագրվող կայծակը
անձայն լուսավորում է բլուրներին
կանգնած անտառը…
Թմբուկ, ծնծղա, ափսե և մեծ սպասում,
անձայն կայծակներում մեր դիրիժորը
դեռ չի ասում իր բառը:
Եվ մեկ էլ փայտիկով խրոխտ տանում է նա,
խփում է միաժամանակ հազար լիտավր…
Օ, Տեր Աստված, մեր աչքերում՝ ահ ու սարսափ,
իսկ սեղանից հանկարծ ընկնում է ջրով լի մեծ
գավը:
Աղբյուր՝ Andin.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում