Նանե․ Վերջին երանին
Նմանատիպ
– Էդ ի՞նչ բանի ես, բալե՛ս, – պապը Արտո թոռան գլխավերևում կանգնել ու աչքը համակարգչի էկրանին՝ թոռան ապրածի համն ու հոտն էր ուզում հասկանալ, – էդ ի՞նչ բանի ես:
– Հեչ, պա՛պ, – առանց աչքը էկրանից կտրելու՝ ասաց տղան, – հեչ, կարդում եմ…
– Կարդացածդ ինչի՞ մասին ա:
– Էհ, պա՛պ, ինչի մասին ուզես:
– Ինչի մասին ուզե՞մ. կյանքի մասին եմ ուզում, բայց կյանքը ո՞նց կարա դրա մեջ տեղավորվի:
– Լավ էլ տեղավորվում է, պա՛պ. ասում եմ, չէ՞, ամեն ինչ էլ կա:
– Մի էդ թող, գնա, տես՝ հո աքլորը ճտերին չի՞ խփում, – հրահանգեց պապը:
– Լավ էլի, պապի՛, – դժգոհեց տղան, բայց ձեռքից բաց թողեց «մկնիկն» ու վեր կենալով՝ բակ դուրս եկավ: Պապն էլ հետևից:
– Համ էլ մի քիչ օդ կշնչես: Օդն էլ եք մոռացել, հողի հոտն էլ: Կյա՛նք կա դրա մեջ… Վա՜յ ես ձեր…
– Դո՞ւ ինչի ես գալի, պա՛պ: Ես գնում եմ. կնայեմ:
– Էրկուսով ավելի լավ է, շան տղա, – գորովանքով ասաց պապը,- կարոտում եմ, ախր: Մի քանի օրով քաղաքից էկել ես, համա ամբողջ օրը էրեսդ կարգին չեմ տեսնում: Բա չե՞ս մտածում՝ պապս էսօր կա՝ վաղը չկա: Մի քիչ էլ ինձ կարդա: Ես էդ քո սարքերից էլ շատ բան գիտեմ: Է-է՛… ապրածիս ծերը չի էրևում: Էն ե՞րբ էր, որ քո թայ լակոտ էի. Ստալինի կռվից էլ առաջ էր: Էսքան ապրել եմ ու ապրել: Հո իմացած-չիմացածս հետս չե՞մ տանելու:
– Պապի՛ ջան, հիմա ապրելով չեն սովորում, – Արտոն աքաղաղին ցանկապատի կողմն էր քշել ու երկուսով՝ աքաղաղ ու մարդ, կատաղի հայացքներով իրար էին նայում: – Ես քեզանից էլ շատ բան գիտեմ. էդ որ՝ հաստատ:
– Տո լածիրակ, ո՞նց թե շատ բան գիտես: Էդ ո՞նց:
– Չուզենք էլ՝ իմանում ենք, պապի՛: – Տղան աքաղաղի հետ հաշիվները մաքրած՝ խոր շունչ քաշելով, հենվեց ընկուզենու բնին: – Քո, տատիի, մեր սաղ գերդաստանի կյանքերը իրար գումարած՝ իմ տեսած կինոների մեկ հարյուրերորդն էլ չեն: Ինչի մասին ասես, սրտիս ուզածի չափ՝ մեկի տեղը հինգ, տասը անգամ նայած կլինեմ:
– Բալե՛ս, նայելը ո՞րն է, կինոյով հասկանալը ո՞րն է: Կինո ես էլ եմ նայում, գնա քո ապուպապերին զարմացրու: Բայց առանց ապրել ո՞նց կըլնի, առանց սիրտդ մրմռալու, առանց մատներով շոշափելու…
Մտքերի մեջ ընկավ, հիշեց ու… մնացածը մտքում շարունակեց. «Ընկերոջ դավաճանությունից սիրտ ու թոքդ մինչև վերջը վառած կա՞ս… թշնամու գյուլլի առաջ արունդ պաղացրած կա՞ս… սիրածիդ ուրիշի գրկում կորցնելու ցավ ապրած կա՞ս… չսիրած կնկա հետ՝ մի օր չէ, տասը գարուն չէ, սաղ կյանք ապրած կա՞ս, էնքան որ, կյանքավերջի դատարկության մեջ էդ չսիրածդ միակ ունեցածդ ու միակ ուրախությունդ դառնա, և ում կորցնելուց հետո ամենաշատը մղկտաս, որբանաս ու… էլի ապրես»: Սիրտը ճմլվեց, թպրտաց ալիք-ալիք:
– Բա՜, բալե՛ս, – արդեն բարձր ասաց, բայց ձայնի մեջ զսպած արցունք կար, – Արտոս, մի էն քաշածս արաղից բեր, պապը քեզ մատաղ:
– Պա՛պ, մաման որ տեսնի…
– Բալե՛ս, արդար, մաքուր խմիչքը առողջությանը լավ ա, արուն ա մաքրում, – չնայած ո՛չ առողջության, ո՛չ էլ արյան դարդը չէր. ապրածը ցավ դարձել ու լերդացել էր, սառել երակների մեջ: Խմիչքից լավ միջոց չգիտեր, որ կարող էր պաղած արյունը նորից տաք անել:
– Պապի՛, չէ՛, մաման որ տեսավ… Դու հո գիտես…
– Բալե՛ս, բե՛ր: Ներսս մի կոշտ, ցավեցնող բան կա: Համ էլ, էլ գլուխդ չեմ տանի: Դու քո գործին կգնաս, ես՝ իմ:
Թոռը, աջ ու ձախ քննախույզ հայացք նետելով, վազեց խոհանոց ու օղու բաժակը լիքը վերադարձավ:
– Շեն մնաս, Արտո՛, տղա՛ս, – ասաց ու կում արեց օղուց, – ուխա՜յ, աչքերը կայծկլտացին, – էս ինչ լավն էր. հալեց, դիփ հալեց:
– Պա՛պ, ի՞նչը հալեց:
– Ես ինչ գիտեմ: Մեջս ինչ քար ու քռա կար՝ հալեց:
– Քար ու քռա՞: Մե՞ջդ…
– Էհ, երանի քեզ, որ չգիտես՝ էդ ինչ ա:
Մտքերով հեռու գնաց. «Մանուշը երկար ծամեր ուներ: Վերջը չէր էրևում: Քայլելիս մե՛կ փափուկ-բարալիկ մեջքն էր պտիտ-պտիտ անում, մե՛կ՝ հյուսքերի պարանները ու էդպես խելքամաղ անում նայողին»:
– Երանի քեզ, թոռս, որ դեռ առաջին անգամ ձեռքդ պետք է մտցնես սիրածիդ մազերի ծածան- ծածան սև ջրվեժի մեջ ու անսովոր հաճույքից մեջդ ինչ կա-չկա՝ փուլ գա,- թոռանն անլսելի մրմնջաց:
«Մանուշին զոռով պսակեցին: Որոշել էին միասին փախչել՝ ուր պատահի. սարերը, չոլերը, միայն թե իրարից անբաժան մնային: Չհասցրին: Փակի տակ էին պահում աղջկան: Մանուշից հետո էր, որ հոգին էդպես քարացավ ու մնաց»…
– Ուխա՜յ, – հաճույքից ծպպացրեց հերթական կումը, – ասում ես՝ ինձնից շատ բան գիտե՞ս, – ծուռ ժպտաց ու մի կում էլ արեց, – մի էն քոթուկը դեսը բեր: Նստեց ու մեջքը հենեց արևից տաքացած պատին:
Կուզենա՞ր իր էս միամիտ, կյանք չտեսած թոռան պես նոփ-նոր տագնապ ու դող ապրել:
Չէ՛, ախպեր, չէ՛… Երանի իրեն, որ էդ ամենն արդեն՝ մի բան էլ ավելիով, ապրել-պրծել է:
– Բայց գիտե՞ս, բալե՛ս, պապդ ինչ կտրիճն էր. սարի դոշին կանգնած ձենս որ գլուխս էի գցում, աշխարհը դղրդում էր: Է՜հ, երանի քեզ, տղա՛ս, որ նոր պիտի միջիցդ դուրս պրծնող ալիքներ որսաս ու կանգնես ամենաբարձրի գլխին:
Մեկ էլ, որտեղից որտեղ, կորած որդուն հիշեց. շատ կենդանի, տեսիլքի պես կանգնեց դիմացը, ու հենց էն օրվա պես ծնոտը կախ ընկավ, ու դող բռնեց մարմնով մեկ: «Հայկա՞զ, տղա՛ս, դո՞ւ ես»: Ձեռքը առաջ մեկնեց ու օդը ափլփեց:
Ուշքի եկավ. քաշած «ախը» լեղու պես դառն էր:
– Երանի ինձ, որ եղած-անցածն արդեն հուշի պատառներով եմ ապրում, սաղ հաշիվներս փակել՝ էլ տալ ու առնելիք չունեմ, երանի ինձ…
Մեկ էլ ասես ներսից մի ծաղկած բալենի բուրեց, ու աշուն օրով՝ մանկության ծաղկափթիթ բալենու թանձր-թանձր բույրը երակներում եռաց.
– Արտո՛, բալե՛ս, տեսած կա՞ս բզեզների կանաչ թիկունքներին արևաշողի բեկբեկումը:
Ծաղկումի օրերին այգի մտած կա՞ս: Երանի քեզ, որ նոր ես մտնելու…
Բայց թոռը չէր լսում արդեն. ներս էր գնացել:
Պապը դեռ երկար ինքն իրեն քրթմնջում էր. «Երանի ինձ, որ…», «Երանի քեզ…»:
Հայտնի չէ, թե ո՞ւմ էր ուղղված Արտավազդ պապի վերջին երանին… Երբ որդին տուն եկավ, նա հենց այդպես նստած էլ հանգել էր՝ խաղաղ- խաղաղ մի ժպիտ դեմքին, կողքին՝ կիսով լիքը ու կիսով դատարկ օղու բաժակը:
Աղբուր՝ Grakantert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում