Ուխտի էին եկել Մատենադարան հանձնված իրենց տոհմական մանրանկարչազարդ ավետարանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Օրը շաբաթ էր և Մատենադարան այցելող զբոսաշրջիկների մեծ ու փոքր խմբերի հոսք էր կարծես: Մեսրոպ Մաշտոցի արձանի հարթակում լուսանկարվող հայերի մի խումբ, թվով հազիվ մի տասնյակ, այցելու չէր, դուրս էր տուրիստական այցեկարգից: Նրանք ուխտավորներ էին, ուխտի էին եկել Մատենադարան հանձնված իրենց տոհմական մանրանկարչազարդ ավետարանին: Նրանց մուտքն էլ Մատենադարան այլ կողմից էր` «ձեռագրատան», որի վարիչը` Գ. Տեր-Վարդանյանը, նախօրոք պայմանավորվածությամբ նրանց ընդունելով, ասաց` արդեն պատվիրել է «Ռեսանց ավետարանը» բերել:
Րոպեներ հետո ավանդապահ Անահիտ Հայրապետյանը, ձեռքի փաթեթը սեղանին բացելով, ցուցադրեց մատյանը, և ուխտավորները շրջապատեցին իրենց տոհմական սրբությունը: Խոնարհումից ու երկրպագումից հետո նրանք ուշադիր հետևեցին մասնագետի բացատրություններին: Նախ դիտեցին մատյանի սկզբում տեղադրված մեկ տասնյակի հասնող մանրանկարչական էջերը, որոնցում պատկերված էին ավետարանական նշանավոր դրվագներ: Տպավորվեց հատկապես այն էջը, ուր պատկերված էր Հիսուսի կանխատեսումը իր աշակերտ Պետրոսի «հավատարմության» վերաբերյալ:
Երբ վերջինս հավաստում է, թե երբեք չի լքի իր ուսուցչին ու չի ուրանա նրան, Հիսուսը նկատում է, որ հենց այսօր մինչև աքլորականչ, լուսաբաց, նա քանիցս ուրանալու է… Մանրանկարիչը հիանալի վարպետությամբ է այդ դրվագը պատկերել. նախասենյակը, որտեղով զինվորները Հիսուսին տարել են Պիղատոսի մոտ:Մանրանկարված էջերից հետո ձեռագրագետը արդեն թերթում էր մատյանը` հետզհետե երևան բերելով մանրանկարչական նուրբ միջամտություններ` խորանային հիանալի հորինումներ, լուսանցազարդեր, տարբեր մոտիվների գունագեղ գլխատառեր, որոնց բոլորին ուղեկցում է մատյանը ստեղծող գրիչի սիրուն, տպագրից համարյա չտարբերվող ձեռագիրը: Ավետարանի պատվիրատուն իր թողած հիշատակարանում ասում է, որ Թումա է անունը, տանուտեր է: Ի՞նչ իմանաս, թե նրա պատվիրած սուրբ մատյանը դարերի ինչպիսի ճանապարհ է անցել. սկզբից իսկ՝ ԺԵ դարից, նու՞յն տոհմի ներկայացուցիչներին է պատկանել թե՞… Ինչ իմանաս:
Այս կարգի հարցականները դադարում են, երբ արդեն վերջին երկու՝ 19-րդ և 20-րդ դարերին է խոսքը վերաբերում: 1831-ից սկսած՝ ներկա Հայաստանի տարածքում պարբերաբար մարդահամարներ են անցկացվել: Արդեն նշված թվականի մարդահամարի երևանամերձ գավառի Աղփարա գյուղի էջը սկսվում է Саркис Аветиков ծխատերով, որը կարևոր գիտելիքներ է հուշում. որ Սարգիսը գյուղի ռեսն է (տանուտերը), որ նրա հայրը Մակուի ռես-տանուտեր Ավետիսն է, քանի որ ժառանգական իրավունքով է նոր երկրում Սարգիսը ռես, և հոր ունեցած սուրբ գիրքն էլ այժմ որդուն է պատկանում: Ռես Ավետիս, ռես Սարգիս, վերջինիս որդի ռես Բաբկեն և Բաբկենի որդի ռես Վարդան. կրկնվող այս ռեսների հետ նրանց տոհմն էլ Ռեսանց… Այսքանն արդեն բավական էր, որ ավետարանն էլ Ռեսանց կոչվեր: Այս ռեսներին հաջորդող ևս երեք անուն կա մինչև Մատենադարան հանձնվելը` Սողոմոն, Գարուշ, Խաչատուր: Տերերի այս ցանկը առկա էր ավետարանի անձնագրում` ռես Սարգսից մինչև… վերջին հանգրվան: Ավետարանի անձնագրի տվյալները կարդաց և մեկնաբանեց Գ. Տեր-Վարդանյանը:
«Մատենադարանի նվիրատուներ» բարեգործական հիմնադրամի «Մատենադարան» գրքի պարբերաբար թարմացվող հրատարակությունների «Մատենադարանի նվիրատուների…» ցուցակում` «Վարդանյան Խաչատուր Գարուշի, 1978թ., Երևան» (նվիրատուն երևանաբնակ է): Այսպես է ամփոփվում «Ռեսանց ավետարանի» «ոդիսականը»` Մատենադարանում գտնելով` մշտական խնամք և ապահով հավերժություն: Ուխտավորներին Մատենադարան առաջնորդողը, որ խմբի ու Ռեսանց ցեղի այս պահի ամենատարեցն է` 85-ամյա Խ. Վարդանյանը, ինքն էլ բացում է օրվա հեռավոր «գաղտնիքը»:
Չորս տասնամյակ առաջ էր, որ ինքը համաձայնեց երջանկահիշատակ Բաբկեն Չուգասզյանին իրենց տոհմական ձեռագիրը Մատենադարանին հանձնելու: Մատենադարանի փոխտնօրենը մատնացույց արեց սպիտակ կետիկների առկայությունը, որոնք քայքայելու էին ամբողջ ձեռագիրը: Սնկային հիվանդություն էր, որից մատյանը պետք է բուժվեր Մատենադարանում և նոր կյանք ստանար: Գիտնականը ձեռագիրը տեսնելու էր եկել ավագ որդու` արվեստաբան Լևոնի հետ, որոնք մանրանկարները հեռվից տեսնելով, միաժամանակ արտահայտեցին իրենց կարծիքը` «Վասպուրական է»: Նրանք անգամ Ավետարանի մոտավոր տարիքը որոշեցին` XIII-XIV դարեր: Այժմ այն ճանաչվում է XV դարում ստեղծված: Մատյանի ստեղծման թվականը բացակայում է: «Ես նույն 1978-ին որոշեցի և ընկերոջս` հայագետ Արշակ Մադոյանի հետ մատյանը Մատենադարան տարա», – ասաց Խ. Վարդանյանը: Այժմ նախկինում հնացած տեսքով և սնկային հիվանդությամբ ձեռագիրը անճանաչելի է. իր թարմացած կազմով, առանց մատյանի էությանը դիպչելու և բոլորովին նոր տեսքով դարերին դիմակայող: Տոհմական սրբությունից բաժանվելիս, ուխտավորները նախ նրա հետ խմբովին նկարվեցին, ապա յուրաքանչյուրն առանձին` իր նախասիրած ձևով: Իսկ հրաժեշտի պահին «օրիգինալ» կոնյակ` «մատնաչափ» բյուրեղապակյա բաժակներով. նշանաբանը` թող արևի տակ ծաղկուն մնա հայոց հոգևոր հավերժատուն Մատենադարանը և նրա հարկի տակ Մակուի Ռեսանց ավետարանը:
Ուխտավորների խմբում կազմակերպիչներ Գուրգեն Ավետիսյանից ու Կարեն Եղիազարյանից հետո չորս հայագետ մտավորականներ կային – Խաչատուր Վարդանյան, ԵՊՀ դոցենտ, գրականագետ, Նվարդ Վարդանյան, նախորդի դուստրը, նույնպես ԵՊՀ դոցենտ, գրականագետ-ազգագրագետ, Արման Եղիազարյան, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, պատմաբան, պ.գ. դոկտոր և Վաչագան Գրիգորյան, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր (Քաղսի գյուղից, որ տատի կողմից կապված է Աղբյուրակի Ռեսանց տոհմին) խումբը ամբողջացնում էին Լևոն Վարդանյանը, Երջանիկ Եղիազարյանը, Գառնիկ Իվանյանը և Արամ Սարգսյանը: Ուխտավորների կազմը գրեթե Աղբյուրակի Ռեսանց տոհմի ճյուղավորումների առումով ներկայացուցչական էր:
«Ծիրանի» գրավիչ ժամանցավայրի` ծիրանենիների հովանու ներքո գտնվող մի տաղավարում «բանական» հացկերույթով ամփոփվեց անմոռաց օրը` Ռեսանց տոհմածառի առանցքով հուշ-հիշատակի խոսքի ծավալումով: Անուններ, գործեր, հիշատակներ, լավի ու բարու մեծարում` մեր անմահ պատմահայր Մովսես Խորենացու բարոյագիտական սահմանումի ոգով. «Ինչպես որ մարդն է ու իր գործերը, այնպես էլ նրա մասին ասվող խոսքերն են»: Դարերի ընթացքում քանի գեղեցիկ հոգի է հայրենի հողին խառնվել և քանիսը այդ բախտին չեն արժանացել աշխարհի չարության պատճառով, բայց ի հեճուկս դաժան ժամանակների, նրանք կենսունակ սերունդ են թողել: Վ. Գրիգորյանը նկատեց, որ գրավոր թե բանավոր մարդու խոսքին միշտ արժեք հաղորդողը փաստն է, անհրաժեշտ փաստերով տրամաբանելը, նորանոր փաստեր շրջանառության մեջ դնելը, որ դրանք, գիտես՝ շատերին են անհրաժեշտ: Դա հենց կյանքին օգտակար լինելու գիտակցական խոր դրսևորում է:
Իր խոսքը նա հանգեցրեց խմբի ավագ ներկայացուցչի անվանը՝ նկատելով, որ ունկնդիրները համամիտ են նրան և ուրախ, որ 85-ամյա հարազատը իր ապրած կյանքին հավատարիմ է մնացել անգամ այդ հասակում: Յուրաքանչյուրի բերած հուշապատառիկ ապրված կյանքի` սերնդից սերունդ փոխանցվող բարոյապես խոսուն մի դրվագ էր: Դրանց մեջ մարգարտի պես իր վիպականությամբ փայլող ընդվզման մի դրվագ էր «ղզրբաշի չար շնչի» դեմ` Մակուի տանուտեր Ավետիսի անվան հետ կապվածը: Մեծիմաստ պատում էր՝ իր բնույթով հերոսական, որ դարձավ բոլոր հուշապատումների զարդը:
ԳՆ. ԱՐԱՄՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԱԿՑԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում