Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում․ Ուղիղ

Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում․ Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 10:32

«Մարզպետ հեռացի՛ր», «Գյուղը մերն է» վանկարկումներով Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանում՝ ընդդեմ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Բնակիչների մի մասը հանդիպեց մարզպետի հետ, սակայն մարզպետն ասել է, որ որոշումը չի փոխելու:

«Մարզպետն իր որոշումը չի փոխում, իր կարգադրությունը ինչպես կա Արտակ Հարությունյանի մասին, այդպես պնդում է, որ նա է լինելու ժամանակավոր պաշտոնակատար և կոպիտ կերպով մեզ դուրս հրավիրեց, ասաց՝ դուրս եկեք այստեղից, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»,- ասաց բնակիչներից մեկը:

Մարզպետը նաև կարգադրեց, որ ակցիայի պատճառով փակված գյուղապետարանը բացեն, ինչին բնակիչները դեմ արտահայտվեցին:

10:17

Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են սկսել՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որին մեղադրում են համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններին ապօրինաբար կասեցնելու որոշման:

«Ես դրա նման սուտասանի համար պայքարեցի՞, դուք լավ գիտեք, թե ես ինչեր արեցի պարոն Փաշինյանի համար, բայց ժողովրդի համար արեցի, որ ժողովուրդը նորմալ ապրի, օրենքով աշխատեն, մարդկանց չխաբեն, բայց դրա նման կոկորդիլոսը խաբում է բոլորին: Մեկը, որ կանգնի ասի կոկորդիլոսը թռնում է, ստամոքս չունի. նա արդեն վարկաբեկվել է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է նրա վրա»,- ասաց նորաշենցիներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ համայնքապետին իրենք են ընտրել և դժգոհություն չունեն: Համայնքապետին ընտրելու կամ հեռացնելու խնդիրը գյուղինն է և ոչ մի վերին ատյան չպետք է խառնվի այս հարցին: Նրա խոսքով՝ մարզպետն արհամարհել է գյուղացու խոսքն ու ոչնչացրել գյուղացուն:

«Ամբողջ գյուղում, ամբողջ բարեկամությունը՝ հորեղբոր տղա, մորաքրոջ երեխա, բոլորին սարքել է թշնամի»,- ասաց բնակիչներից մեկը և հավելեց, որ թշնամանքն աթոռի համար տարվող կռվի հետևանք է:

09:49

Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանն համայնքնապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:

Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։

Բողոքի ակցիային առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում