«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ տվյալներով, կաթնամթերքը 8-12 տոկոսով թանկացել է

Մայիս ամսին կաթնամթերքի թանկացումներից հետո, համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազում: Իսկ նորաստեղծ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013թ. մայիսի 10-ից մինչև օրս կաթնամթերքը թանկացել է 8-12 տոկոսով:

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի’հավասարապես թանկացել է և այն կաթնամթերքը, որում, օգտագործվում է նաև չոր կաթ, և այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է):

«Համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից գրանցված գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողի կողմից սահմանված առաքման նոր գնի հետ. Այն ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի կողմից վարվող գնային քաղաքականությամբ: Ակնկալում ենք, որ վերոնշված փաստերի շուրջ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կիրականացվեն նոր ուսումնասիրություններ և գործողություններ»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Թերթը հիշեցնում է, որ Բ. Պիպոյանը նախկինում ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի մամլո խոսնակ է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում