Սոնա Վան․ Բանաստեղծութուններ

Սոնա Վան․ Բանաստեղծութուններ

Իրական պատմություն ապրիլյան օրերից

(թե ինչպես պապիս թուրքից փրկեցին մեղուները)

Հարյուրամյա ոսկրեր անհամաչափ

քամիները փչում են գլխիս միջով

պատկերները շրջվում են գլխիվայր

ու պտտվում

մեկանիվ հեծանիվով ծաղրածուի

պատմում է պապս

իր պես զվարթ

միակ մազապուրծ թուրքի մասին

որ գտել է իրեն փեթակի մոտ

– երանի տեսնեիք թե ինչպես

հարձակվեցին մեղուները միանգամից

ու պատեցին քյամուրը թուրքի

թրաշի ճերմակ օճառի պես

ու ո՜նց փախավ-կորավ չարագործը

Վանի ծառապատ փողոցներում

ժպիտը ընդհատվում է անակնկալ

անհամբեր արցունքով մի կոպի տակ

– Բայց ես միայն մեկն եմ միլիոններից

մնացածը… ներծծվեցին ավազի մեջ

անապատը նրանց ներս քաշեց

փոշոտ քթանցքներով՝ ինչպես գազան

ապրիլ 24 – հարյուրամյա

մեղուները շարժվում են գլխիս միջով

խփվում գանգատուփիս

ու ներծծվում

ինչպես մնացածը՝

անվերադարձ

Երբ քնած են հրեան ու արաբը

 Ջրհեղեղի սեզոնը անցել է

հրդեհների սեզոնը կվերջանա

կավարտվի սեզոնը հողմերի

պատերազմի սեզոնը չի անցնում

այն ֆոն է

հավերժական

ինչպես Աստված

հրեաները պնդում են որ Տերը

իրենց կողմից է ի սկզբանե

պաղեստինցիք թե ոչ՝ իրե՛նց

ընթացքում մեռնում են տղաները

Գազայի աջ ափում

ու ձախ

չի ավարտվում ոչ մի կերպ

պատերազմը

որ պարզեմ տան տեղը

երկնավորի

իսկ երբ քնած են բոլորը

հերթական միևնույն

գիշերվա մեջ –

(ինչպես վագոնում)

թշնամի գլխարկները

գլխների տակ

Աստված

համարձակ քայլվածքով

հանցագործ որոնող ոստիկանի

մոտենում – լուսավորում է

մի քանի պատահական ճակատ

մթության մեջ

Արժանի ճաշ

Մանկապիղծ իշխաններ

դուք

որ հրահրում եք

պատերազմներ

ամենուրեք

ձեր մայրերը հարսներն են

սուլթանի

դուք սերվել եք միևնույն

հարեմի մեջ

ես կին եմ

գոգնոցիս ասեղնագործ

անուններն եմ իմ մեռած

տղաների

սպասում եմ

կգաք դուք մի օր

կայցելեք

կարմայի սրճարան

ուր ձեզ կմատուցվի

արժանին սոսկ

ոչ թե ախորժածը ձեր

ուզում եք կշռել ձեր կյանքը

տիրոջ նժարներով

անքննելի

համեցեք

սպասում եմ ձեզ

ներս եկեք

համեցեք կարմայի սրճարան։

Աղբյուր՝ Andin.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում