Հրաչյա Սարուխան․ Ծառա եմ չգրված այն երգին…
02/10/2019 20:03
Նմանատիպ
Ինչքան էլ մտմտաս անթերի,
Բառերը սրինգ չեն կամ քնար.
Կցնդես՝ ու չես էլ պատկերի
Վաղորդյան գեղգեղանքն անհնար,-
Խորհում եմ կիսանինջ, և դարձյալ
Դայլայլ է, ճռվողյուն, ծլվլոց.
Սևեռուն սույլ ու կանչ, ո՜վ Բարձրյալ,-
Վեր կենամ ու բացեմ դուռս գոց…
Բաց անեմ փեղկեր ու վարագույր,
Զանց անեմ կերպարս կարկամած,
Ըմպելով ձայնառու գույն ու բույր՝
Դա՛րձ անեմ և ուշքի գամ կամաց…
Ու գրվի վերջապես. «Ո՜վ Բարձրյալ,
Ծառա եմ չգրված այն երգին,
Որ կուզեր վերստին ու դարձյալ
Կուտ գնալ թռչնաձայն համերգին»: