Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում բացահայտվել են խախտումներ

Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում դիզելային վառելիքի և պարարտանյութի բաշխման գործում բացահայտվել են խախտումներ: Մասնավորապես առավել շատ խախտումներ ու չարաշահումներ կատարվել են Արարատի մարզում:Այս մասին Panorama.am-ի փոխանցմամբ` հայտարարել է Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

«Առավել խախտումներ, շատ խախտումներ մեր տեսչությունը հայտնաբերել է Արարատի մարզում: Բացահայտված դեպքերը արտառոց են», -հայտարարել է նա` նկատելով, որ Արարատի մարզում իրենք ստուգել են 20-27 համայնք:

Ստուգումների արդյունքում, ըստ Սոնա Ղարիբյանի, յուրաքանչյուր մարզում պետությանը հասցված վնասը կազմել է 83 մլն դրամ: Տիկին Ղարիբյանը տեղեկացրեց, որ ստուգումների ամփոփումը դեռ չի ավարտվել և այս շաբաթվա ընթացքում հայտնաբերված խախտումների մասին փաթեթը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն:

Հարցին, թե այսինքն Արարտի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ռիկսի տա՞կ է, տիկին Ղարիբյանը պատասխանել է. «Կառավարության որոշմամբ, մարզպետները հստակ պարտականություններ ունեն. համայնքապետերի միջոցով նրանք կազմում են ցուցակները, որոնց պետք է բաշխումներ կատարվեն: Մարզպետների իմացությամբ է այդ ամենը տեղի ունեցել»:

Նկատենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվում են այն գործերը, որոնցում ներգրավված են պաշտոնյաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում