Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում
Նմանատիպ
Խոնարհությունը հսկայական ուժ ունի: Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում: Այն ամենաուժեղ շոկային հարվածն է սատանային: Այնտեղ ուր խոնարհություն կա՝ սատանայի համար տեղ չկա: Իսկ, եթե սատանայի համար տեղ չկա, ուրեմն գայթակղություններ էլ չկան: Մի անգամ, մի ճգնավոր սատանային ստիպեց «Սուրբ Աստված…»-ն ասել: « Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ» ասեց ու կանգ առավ, «ողորմյա մեզ» չասաց: «Ասա՛ «ողորմյա մեզ»: Բայց ի՞նչ, եթե այդ բառերն ասեր, ապա հրեշտակ կդառնար: Սատանան ամեն բան կարող է ասել, բացի՝ «ողորմյա մեզ»-ից, որովհետև այդ բառերն արտասանելու համար խոնարհություն է անհրաժեշտ: «Ողորմյա մեզ» խնդրվածքի մեջ խոնարհություն կա, և Աստծո մեծագույն ողորմությունը խնդրող հոգին ստանում է խնդրածը:
Ինչ էլ որ անելիս լինենք, անհրաժեշտ է խոնարհություն, սեր և ազնվություն ունենալ: Դա շատ հեշտ է, այդ մե՛նք ենք բարդացնում (մեր հոգևոր կյանքը): Փորձենք սատանայի կյանքը հնարավորինս բարդացնել և թեթևացնել մարդու կյանքը: Սերն ու խոնարհությունը հեշտ են մարդու համար և դժվար՝ սատանայի: Նույնիսկ թույլ, վատառողջ, ճգնավորության համար ուժ չունեցող մարդը կարող է խոնարհությամբ հաղթել սատանային: Մեկ րոպեում մարդը կարող է հրեշտակի կամ սատանայի վերածվել: Ինչպե՞ս: Խոնարհությամբ կամ հպարտությամբ: Մի՞թե շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի Արուսյակ հրեշտակը սատանայի վերածվեր: Նրա անկումը մի քանի ակնթարթում տեղի ունեցավ: Փրկվելու ամենահեշտ միջոցը սերն ու խոնարհությունն են: Այդ պատճառով էլ պետք է սիրուց ու խոնարհությունից սկսենք, իսկ հետո անցնենք մնացածին:
Աղոթեք Քրիստոսին, որպեսզի մշտապես ուրախացնենք Նրան և վշտացնենք սատանային, եթե դժոխային տառապանքն այդքան դուր է գալիս նրան և չի ցանկանում ապաշխարել:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում