Վիլնյուսում տեղի է ունեցել «Հայաստան-Լիտվա․ երաժշտական կամուրջներ» խորագով համերգ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլնյուսի «Վայդիլոս» թատրոնում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Հայաստան-Լիտվա․ երաժշտական կամուրջներ» խորագիրը կրող համերգը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը լիտվական պետական «Տրիմիտաս» փողային նվագախմբի հետ միասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը ներկա էր Լիտվայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Առնոլդաս Պրանցկևիչյուսը, Լիտվայի օրենսդիր, գործադիր մարմինների և պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված այսօրվա համերգը կրում է երաժշտական կամուրջներ անվանումը, ինչը խորհրդանշական է, քանի որ Լիտվան, մյուս երկու բալթյան երկրների հետ միասին Հայաստանը ԵՄ-ի հետ կապող ամենաուժեղ օղակներից է։
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի և ԵՄ հարաբերությունները կառուցված են ընդհանուր մշակութային ժառանգության, կայուն ինստիտուտներով և ուժեղ հասարակություններով ամուր ժողովրդավարություն կառուցելու փոխադարձ ձգտումների վրա։
Ներկայացնելով օրվա համերգային ծրագիրը՝ դեսպան ասաց, որ առաջին անգամ է հայկական ազգային երաժշտական գործիք դուդուկը հնչելու փողային նվագախմբի և լիտվական ազգային՝ բիրբինե երաժշտական գործիքի հետ` հավելելով, որ այս նորարարական մոտեցումը կարող է հարստացնել ցանկացած փողային նվագախմբի խաղացանկ։
Ներկայացնելով երաժիշտներին՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նշանավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանին, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանին, ինչպես նաև «Տրիմիտաս» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Անտանաս Կուչինսկասին և դիրիժոր Ուգնիուս Վաիգինիսին կատարված համատեղ աշխատանքի և մշակումների համար։
Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ Կարապետ Բաբայանին, Արմեն Մանուկյանին և Ռենա Սարիբեկյանին միջոցառման կազմակերպման հարցում ՀՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում