Ֆրանսիայում Անրի Վերնոյի հրապարակ կբացվի
Նմանատիպ
Հունիսի 17-23-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվում է «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» միջոցառումների շարք: Մեկշաբաթյա բոլոր միջոցառումները կհեռարձակվեն Մարսելի հայկական «ARARAT TV» ուղիղ եթերով:Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net -ը:
Հունիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը այցելեցին բացվելիք Անրի Վերնոյի հրապարակ: Հյուրերի թվում էին՝ Մարսելի փոխքաղաքապետեր Ռոլան Բլումը, Դանիել Հերմանը և Դիդիե Պարակյանը, Մարսելի 13 և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը և այլք:
«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց նաև լիբանանահայ Մովսես Հերկելյանի և հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչև հունիսի 23-ը և նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման աշխատանքներին:
Միստրալ սրահում կայացավ «Անրի Վերնոյ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շերիֆը, Ժակի Ներսեսյանը, Նատալի Ռուսելին, Իզաբել Սադոյանը և Հայաստանից ժամանած պատվիրակությունը:
Ուշ երեկոյան ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի հովանավորությամբ կկայանա գալա ընթրիք, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, օրվա պատվավոր հյուրեր Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շերիֆը, Ժակի Ներսիսյանը, Նատալի Ռուսելին, Իզաբել Սադոյանը, Պատրիկ Մալաքյանը և այլոք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում