«Սպայկան» խոստացել է 5000 դրամով գնել ծիրանը

Այսօր առավոտից բողոքի ակցիա են սկսել Արարատի մարզի Արտաշատի շրջանի մի քանի գյուղերի բնակիչները, նրանք փակել են Այգեզարդ, Քաղցրաշեն գյուղերի ճանապարհները:  Քանի որ ինչ-որ «ֆուռատերեր փորձում են շատ էժան գնով գնել իրենց աճեցրած ծիրանը»:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, գյուղացիներին զայրացրել է նաև ծիրանի համար բեռնատար մեքենաների տերերի կողմից առաջարկվող ցածր գինը: Գյուղացիները ներկայացրեցին, որ եթե օրեր առաջ 12 կիլոգրամանոց արկղի համար ֆուռերի տերերը վճարում էին 5 հազար դրամ, ապա վերջին երկու օրվա ընթացքում գինը իջեցրել են 1000 դրամով:

«Հըլը 4000-ը բաժանի 12-ի, գալիս է մոտ 300 քանի դրամ: Էդքան աշխատանք ենք արել, ծախս ենք արել: Ասում են’ կարկուտը վնասել է, Մոսկվայում գինը իջել է: Անցած տարի ավելի վատ ծիրան էր, իրար ձեռքից 600-700 դրամով խլխլում էին: Լարվածությունն արդեն մի քանի օր կար, հիմա հասավ գագաթնակետին: Ֆուռի տետերն էլ դաշտերով էդ մեծ մեքենաները քշել փախել են»,-պատմեց Այգեպատ գյուղի բնակիչներից մեկը:

Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենց գյուղից չկան ցույցին մասնակցող մարդիկ, սակայն մի քանի փոխմարզպետեր հանդիպել են գյուղացիներին և խոստացել լուծել խնդիրը:

«Փոխմարզպետերը համաձայնության են եկել, գնացել գյուղերը: «Սպայկան» խոստացել է, որ եթե համաձայնության չգանք, կգնի ծիրանի արկղը 5000 դրամով: Հիմա եկել ենք, որ բարձրանանք դաշտերը»,-ասաց նա, նշելով, որ գյուղացիների բողոքը արդարացի է, եթե փորձում են էժան գնով գնել ծիրանը: 

Գյուղատնտեսության փոխնարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ հիմա գնում է Արարատի մարզ, իր հետ է նաև «Սպայկայի» ներկայացուցիչը, իսկ մանրամասներ կարող է հայտնել գյուղացիներին հանդիպելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում