Հրայր Թովմասյանը բացահայտեց ՎՊ-ի տարեկան հաշվետվության թերացումները

Վերահսկիչ պալատը ՀՀ Կառավարության հիմնական դաշնակիցն է: Կառավարությունը չի խուսափում խնդիրների բաց քննարկումից և այսօր էլ ՎՊ հաշվետվության մեջ ներկայացված գնահատականները քննարկվում են Կառավարությունում: Այդ մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախարարը վստահություն հայտնեց, որ Վերահսկիչ պալատը ոչ մի պարագայում չի կարող փոխարինել դատախազությանը կամ ոստիկանությանը: Նախարարի խոսքերով, ՎՊ-ն պետք է զերծ մնա երևույթներին գնահատականներ տալուց: «Գնահատականներ հնչեցնելով՝ այդ կառույցը թուլանում է, որովհետև հետագայում, եթե պարզվի, որ այդ գնահատականները սխալ էին, ՎՊ կհայտնվի խոցելի իրավիճակում: Իսկ թույլ, խոցելի Վերահսկիչ պալատ ինձ պետք չէ»,- հատարարեց Հրայր Թովմասյանը:

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև իր գերատեսչությունում գործող Դատաիրավական բարեփոխումներին ծրագրի գործունեության մասին Վերահսկիչ պալատի դիտարկումներին: Նշելով, որ ՎՊ հաշվետվության մեջ ներկայացված բոլոր կետերը վերաբերվում են 2008-2010 թվականներիn, այնուամենայնիվ Թովմասյանը հարկ համարեց նշել, որ որևէ խախտումներ այն ժամանակ նույնպես չեն եղել: Նա անդրադարձավ նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի’ ԱԺ-ում ցույց տված մալուխին ու հայտարարեց. «Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում»:

Նախարարն ասաց, որ իրականում մալուխի մրցույթ չի եղել, և ինքն էլ իր հերթին խորհրդարանին ցույց տվեց մի փայտ և ասաց.

«Իհարկե, երևի նման բաներ այստեղ ցույց տալն անտեղի կլինի, բայց սա փայտ է, սովորական փայտ, որի շուկայական գինը 230 հազար դրամ է, գիտեք’ այդ նույն շինարարը որքանով է սա գնել’ 1600 դրամով: Չգիտեմ’ ինչ է եղել, ինձ հետաքրքրում է, մի բան, որ այդ շինարարը փաթեթով նախատեսվածից վերջին արդյունքում նախահաշվից 15 մլն դրամով պակաս է կատարել: Եթե ես կոստյում եմ գնում, չպետք է նայեմ, որ կոստյումի կոճակները թանկ արժեն, ես գնում եմ այն կոստյումը, որը ավելի էժան է: Թերևս այսքանը, բայց անելիքներ շատ կան և դրանք միասին ենք անելու: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչին, իմ կարծիքով, կառավարությունը շուտով կանդրադառնա», -հայտարարեց արդարադատության նախարարը:

Հրայր Թովմասյանը նաև նշեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ստեղծված Datalex.am համակարգը, միջազգային մի շարք կառույցների կողմից պարգևների և բարձր գնահատականի է արժանացել: Ւ հակառակ ՎՊ հաշվետվության՝ նախարարը նշեց, որ այդ համակարգի պատրաստման համար պետական բյուջեից և ոչ մի լումա գումար չի ծախսվել: Սա դրամաշնորհային ծրագիր էր, որի իրականացման համար ներկայացված առավել էժան գինը 540 հազար եվրո էր կազմում: Հաջորդ առաջարկը 900 հազարից ավել էր, նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում