Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ

Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ

Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ ուրիշ տղերք կգան,
օրինավոր ընտանիքների սիրուն ու անառակ որդիներ,
և ամառային տաք ու պարարտ երեկոներին,
մի քանի խեղճ ու միամիտ անցորդ փողոցների անկյուններում
հավաքած –
կասեն, թե դուք ոչինչ չկարողացաք, եկել ենք, մենք պիտի անենք,-
և նոր տողեր գրող գունատ օրիորդների մոլար հայացքները որսալով՝
գիշերներն անքուն աշխուժորեն կմտմտան իրենց վաղվա օրը,-
և կանցնեն օրերը, օրերը այսպես կանցնեն, ու էլի նույնը կմընան:

Մեզանից հետո օրերի օդում լուծված բառերն ուրիշ կլինեն,
բայց էլի ուժեղ ու հաղթանդամ, անփույթ հագնված տղերքը կգան
և նոր մարգարեներ կհռչակեն իրենց,
և թղթահոտ փչող մաշված միջանցքներում կարգին մարդկանց երեսին
անամոթ կխնդան
և կասեն, թե՝ եկել ենք, դուք չկարողացաք, մենք պիտի անենք,-
և նրանք ճշմարիտ խոսքեր կունենան, և դաժան, և անխնա աչքեր:

…Մեզանից հետո նորից ձմեռ կլինի, մի ուրիշ ձմեռ,
բայց կգան, կգան, ուժեղ ու հաղթանդամ, անփույթ հագնված՝ նրանք
համառորեն կգան,
և նա, հենց նա, եկողներից հենց առաջինը,
նա, ով միշտ կոպիտ էր խոսում, և ում երբեք ոչ ոք չէր լսում,
հենց նա, հենց նա, եկողներից առաջինը,-
նա, ով իրեն վերջին մարգարե հորջորջեց –
կքայլի մի օր՝ տխուր օրվա մեջ, ուսերին տանելով իզուր ապրած
մի շան կյանք,
մի ամբո՜ղջ լղարած կյանք,
մի արդե՛ն լղարած կյանք,-
հետո հոգնած կնստի մի տեղ, և ընտանիքի բարեպաշտ հայրերի
խուճապահար հայացքների տակ
ցուրտ գարեջուր կխըմի –
դանդաղ, ինքնիրեն մրմնջալով.
– Մենք ուժեղ, մենք հաղթանդամ, ազնվորեն անփույթ հագնված,
մենք եկել ենք, վաղուց արդեն եկել ենք, դուք չկարողացաք,
մենք պիտի անենք…

Եվ ձյունափոշին սառը կծակծկի նրա խորշոմած դեմքը,
և նրա տարտամ հայացքի առջև
հեռավոր շենքերի կրակները աղոտ ու ծաղրալիր աչքով կանեն իրար:

1967

Հետևեք մեզ նաև Telegram-ում