Զգուշանանք մեր մարմնեղեն Տաճարը ապականելուց
Նմանատիպ
«Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք պիտի լինեն Իմ ժողովուրդը» (Բ Կոր. 6; 16):
Առաքյալի այս խոսքերն ընդգծում են քրիստոնյաներիս տրված բացառիկ շնորհը: Աստված Իր բոլոր արարածների համար մեծ շնորհներ է պատրաստել և առատորեն բաշխում է դրանք` այս կյանքը զարդարելու և լցնելու համար:
Բայց այդ ընդհանուր շնորհների կողքին կան բացառիկ շնորհներ, որոնք մարդուն կարող են տրվել միայն այն պարագայում, երբ նա որդեգիր է դարձել Աստծուն: Մկրտությամբ մարդուն տրվող շնորհներից վերջինը, որ կարծես լրումն է նախորդների, այսպիսին է. «լինել … Տաճար Հոգւոյն Սրբոյ»: Նոր ՈՒխտի շնորհի տակ ապրող քրիստոնյան Կենդանի Աստծո Տաճար լինելու նվիրական իրավունքն է ստանում: Այսպիսի իրավունք մարդուն չեն տվել ո՛չ հին ազգերը, ո՛չ հին կրոնները, և ո՛չ հին լեզուները: Այն չկար նաև Հին ՈՒխտում: Միայն Աստծո Որդու Մարդեղացմամբ, Չարչարանքներով, Խաչելությամբ, Մահվամբ, Թաղմամբ և Հարությամբ մարդը ճանապարհ գտավ վերադառնալու այս պատվին ու սրբությանը` Սուրբ Մկրտությամբ: Մկրտությունը փրկության ճանապարհ է բացում ոչ միայն մեր հոգու, այլև մարմնի համար: Այս շնորհով վերափոխվեց մեր ողջ էությունը:
Աստծո պատկերը մեր ներսում, մեր սրտերի վրա դրվեց, Քրիստոս աներևույթ կերպով մտավ և սրբեց մեր ներքին տաճարը: Նա եկավ Աստծուց հեռացած մեր վիճակը փոխելու և մեր տաճարը մաքրելու համար: Նախ Նա մեր տաճարը մաքրեց մեր Մկրտությամբ: Եվ ամեն օր Քրիստոս ուզում է մաքուր պահել մեր տաճարը Ապաշխարության միջոցով: Իսկ վերջնականապես Նա մեր տաճարը կմաքրի Սուրբ Հարության ժամանակ, երբ մեռելների համընդհանուր Հարություն կլինի: Բայց այդ մաքրելը մեր համաձայնությամբ և գործակցությամբ պետք է լինի: Սողոմոնյան Տաճարի մաքրելու խորհրդով Քրիստոս մեզ ևս պիտի մաքրի մեղքի հնությունից:
Բարձրյալն Աստված նախկինից բոլորովին տարբեր մի նոր բնակավայր, նոր սրբարան, նոր տաճար ընտրեց` մարդու սիրտը, որը նրա (մարդու) համար մեծ զորություն և մխիթարություն եղավ: Այսպիսով, Աստծո սրբարանը մարդն է, և մեկ տեսակ Տաճար` մարդու մարմինը: Այս կենդանի և անմահ Տաճարի աղոթավոր փառաբանիչը մարդու հոգին է, սիրտը սուրբ սեղանն է, խնկոց անուշահոտությունն էլ առ Աստված եղած սրտագին զգացմունքներն են: Աստծո սահմանած մեկ օրում կկործանվեն տիեզերքի բոլոր տաճարները, բայց կենդանի տաճարները կմնան կանգուն, քանզի տիեզերքը ստեղծված է մարդու համար, մարդը` Աստծու: Եվ մարդու համար այս հանգամանքից ավելի բարձր կատարելություն, պատիվ և մխիթարություն չկա: Աստված մեր մեջ է, մեր ներսում է բնակվում. Նա ոչ միայն աներևութապես մեզ հետ է` մեզ մոտ, ոչ միայն խորհրդավոր րոպեներին մեզ հսկում է, այլև մեր մարմինը Նրա Տաճարն է: Ի՜նչ փառավոր մեծություն է սա, ի՜նչ շքեղ ժառանգություն:
Հոգին, որ ընդունում է Աստծուն իր մեջ, Նրա հետ շփման միջոցով դառնում է Աստծո Տաճար: Եվ սա ասվում է ոչ միայն բոլորի ընդհանրության մասին, այլև ամեն հավատացյալի համար առանձին-առանձին. երբ մարդու հոգին և միտքը բժշկվում են մեղքի ախտահարությունից, միանում են Աստծո հետ: Այդժամ քրիստոնյան սեփական փորձով է հասկանում և ճանաչում Սուրբ Գրքում ասվածը. «Դուք Աստծու Տաճար եք»: Մեծ է այս արժանիքը քրիստոնյայի համար. սրանում է ամբողջանում նրա անընդհատ ձգտումը` չառնչվել անմաքուր մարդկանց, հատկապես` անհավատների հետ, որպեսզի չպղծվի Աստծո Տաճարը:
Քրիստոսի և բելիարի միջև (այսինքն` նրանց գործերի) ո՛չ մի ընդհանրություն չկա, այդ պատճառով էլ քրիստոնյայի և չարագործի միջև (այսինքն` նրանց գործերի ու ընթացքի) ոչ մի ընդհանրություն չպիտի լինի: «Դուք Աստծու Տաճար եք». այս խոսքերը ասվում են ոչ թե մարդահաճություն անելու համար, այլ ներկայացնելու համար այն իրականությունը, որ շրջապատում է քրիստոնյային: Հիշատակելով իր խոսքերը հաստատող սուրբգրային խոսքերը (Ղևտ. 26; 12), առաքյալը կարծես ամեն քրիստոնյայի հարցադրում է անում. «Եթե դու Աստծու Տաճար ես, ինչու՞ ես ամեն պատճառով վազում մեղսասիրության մեհյանները, այդպիսի արարքը արդյո՞ք ներման է արժանի. մտածի՛ր, թե Ով է ապրում քո մեջ և արժանի՛ եղիր Նրան»: Անհավատները կուռքերի մեհյաններն են, կամ էլ հենց իրենք` կուռքերը: Իսկ հավատացյալները Աստծո Տաճար են. ոչ այն աստվածների, որոնց մասին շատախոսում են անհավատները, այլ Կենդանի Աստծու: Քրիստոս քարոզում է զգուշանալ բելիարից, որ իրեն աստծու տեղ է դնում: Հավատացյալներին Նա հավիտենական կյանք խոստացավ, որպեսզի նրանք, մերժելով հավատուրացությունը, խուսափեն անհավատության մոլորությունից: Արգելեց պաշտել կուռքերին, որովհետև Աստծու Տաճարի համար դրանք թշնամական են: Ոչինչ այնքան վնասակար չէ քրիստոնյայի համար, որքան կուռքերը, որովհետև դրանք ստիպում են հեռանալ Աստծու Տաճարից: Պետք է մենք ևս նախանձախնդիր լինենք Աստծու Տաճարը մաքուր պահելուն:
Ցավոք, մենք հաճախ անտարբեր ենք լինում այդ հարցում: Աստված նախընտրում է բնակվել մարդկանց սրտերում, այնինչ այսօր այդ սրտերը ավերված են անտարբերությամբ ու ապականված մեղքով, իսկ Տերը` վտարանդի: Այսօր մարդու համար իր մարմինը դարձել է անվերջ հաճույքներ վայելելու մի բութ գործիք, որ կորցրել է Աստծու որդեգրությամբ ստացած իր պատիվն ու նշանակությունը: Մարդիկ պարարտացնում են մեհյանների վերածված իրենց մարմինները, իսկ Աստծու Հոգուն չեն նկատում: Չարը բաժանում է մարդու հոգին Աստծուց, այնինչ այդ հոգու համար Աստված իր կյանքն է տվել: Իսկ Աստծուց հեռացած ապրելը ամենամեծ մեղքերից մեկն է: Աստծու ներկայության վայր դարձնելու փոխարեն մեր տաճարները վերածում ենք ամեն տեսակ պղծության ու չարիքի պահեստի: Նայեցե՛ք, տեսե՛ք, թե ի՜նչ նախանձավոր կուռքեր կան այնտեղ կանգուն, ի՜նչ այլանդակ անասունների, սողունների շաչյուն է լսվում այնտեղ, սրբության, արդարության շնորհի փոխարեն հեշտության, ցանկության ի՜նչ բուրվառներ կան: Տեսե՛ք, թե Աստծո ներկայությամբ ի՜նչ անվայել խորհուրդներ և մտածումներ կան: Տեսե՛ք` հպարտության, ամբարտավանության, ատելության ի՜նչ սեղաններ կան կանգնեցված, տեսե՛ք` բարոյական մարդասպանության, անասնական ցանկությունների, անբարոյական կյանքին հատուկ ի՜նչ ոգիներ կան այնտեղ բազմած: Աստծու Հոգին այլևս չի գալիս և չի օթևանում մեր տաճարներում: Իսկ առաքյալը մեզ խստությամբ զգուշացնում է. «Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք» (Ա Կոր. 3:17):
ՈՒրեմն, մաքրենք մեր ներսը ամեն տեսակ աղտեղությունից, լինենք նախանձախնդիր Աստծու Տաճարի մաքրության ու սրբության համար: Աշխատենք, որ աստվածահաճո լինեն մեր սրտերը` իբրև Տիրոջ բնակարան: Զգուշանանք մեր մարմնեղեն Տաճարը ապականելուց, Աստծո արդարությունը մեր առաքինությունը դարձնենք, Նրա սրբությունը մեր օրենքը համարենք և Կենդանի Աստծու Տաճար լինենք:
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու հետ` ասելով.
Նորոգող հնութեանց,
Նորոգեա՛ և զիս,
Նորոգ զարդարեա՛: ԱՄԵՆ:
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ`
Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Աղբուր՝ Irates.am