«Մարդիկ միավորվեցին կինոյի լեզվի շուրջ, և դրան հաջորդեցին շատ հաճելի օրեր»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: «Իրատեսի» հյուրն է ռեժիսոր ԱՆԱՀԻՏ ԱԲԱԴԸ: Նա հայաստանյան և միջազգային մի շարք մրցանակներ նվաճած «Եվա» ֆիլմի ռեժիսորն է և սցենարի հեղինակը, որը վերջերս հաջողություն է գրանցել նաև Վենետիկի 76-րդ միջազգային փառատոնի շրջանակներում՝ արժանանալով «Բլունալէյջ» միջազգային մշակութային-հասարակական հիմնադրամի մրցանակին:
– Անահիտ, Դուք «Եվա» ֆիլմի ռեժիսորն եք և սցենարի հեղինակը: Սա առաջին հայ-իրանական կինոնախագիծն է և Ձեր առաջին լիամետրաժ ֆիմը: Ցանկացած առաջին քայլ իր հետ բերում է անսովոր իրավիճակներ: Եղե՞լ են այդպիսիք Ձեզ համար ֆիլմի նկարահանման ընթացքում, շա՞տ եք բախվել դժվարությունների:
– Ճիշտ նկատառում է. յուրաքանչյուր բան, որ արվում է առաջին անգամ, ունենում է իր դժվարությունները: «Եվա» ֆիմի դեպքում մի քանի առաջին բան էր գումարվել իրար. հայ-իրանական առաջին համատեղ ֆիլմարտադրություն, իմ առաջին լիամետրաժ ֆիլմ և առաջին անգամ ֆիլմի նկարահանում Արցախում: Այդ ամենը բերել էր իր դժվարությունները: Բայց ես այնպես եմ վերաբերվում կինոյին, որ ամեն մի նախագիծ ինձ համար ընկալվում է որպես առաջին: Հետևաբար, այդ մոտեցումն օգնեց, որ ավելի դյուրությամբ դիմակայեմ դժվարություններին: Երբ մտածում ես, որ մի գործ առաջին անգամ ես անում, զգոնությունդ ավելի բարձր է լինում: Եվ դժվարություններն էլ, որ ունեցել եմ ֆիլմի նկարահանման ընթացքում, հետաքրքիր են եղել: Նախ՝ սա իրոք Իրան-Հայաստան համատեղ կինոարտադրություն էր. համատեղ ֆինանսական ներդրումներ, համատեղ աշխատանքային խմբեր: Սա ուներ և՛ իր դժվարությունը, և՛ հետաքրքրությունը: Պատկերացրեք՝ Իրանից մասնագետները եկան Հայաստան՝ Արցախ՝ համատեղ աշխատելու: Միայն լեզվական խնդիրները բավական էին, որ սկսվեին առաջին դժվարությունները: Տարբեր էր նաև վերաբերմունքը կինոարտադրության նկատմամբ: Այս ամենը, սակայն, երկար չձգվեց: Մի քանի օրից խմբի անդամները մերվեցին, և խումբը դարձավ մեկ ամբողջություն: Իսկ մերողը կինոյի լեզուն էր: Մարդիկ միավորվեցին կինոյի լեզվի շուրջ, և դրան հաջորդեցին շատ հաճելի օրեր: Նույնիսկ այն պահերին, երբ բացակայում էր թարգմանիչը, իրար լեզու չիմացող մարդիկ լիովին հասկանում էին իրար: Դրանք հրաշք պահեր էին, որ ինձ հրճվանք էին պատճառում: Օպերատորի ցուցումները ¥գնա աջ, գնա ձախ, դեմքդ այլ ռակուրսով պահիր, մազերդ ուղղիր և այլն¤ դերասանը կատարում էր անթերի: Մեկ այլ դժվարություն էր ֆինանսական կողմը՝ դոլարի կուրսի տատանումներ, հարկային դաշտի հետ կապված խնդիրներ: Կինոյի հանդեպ վերաբերմունքի խնդիր կար. այդ վերաբերմունքը տարբեր էր Հայաստանի և Իրանի պետական օրենքների առումով: Բայց մի բան հստակ էր. երկու կողմն էլ ուրախ էին այս նախագծի համար և ի սրտե ցանկանում էին, որ այն դրական ընթացք ունենա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Եվան» իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է, ասեմ, որ մինչև ֆիլմի բուն նկարահանումներն սկսելը ինձ համար ամեն բան արդեն կանխատեսված ու պարզ էր, դեռևս սցենարը գրելու փուլում էի ի մի բերել ու համակարգել ամեն բան: Ֆիլմում ոչինչ պատահական չէ, անգամ մեկ բաժակ պատահականորեն չի հայտնվել կադրում: Ամեն բան մտածված ու նախատեսված է եղել: Քանի որ ես Հայաստանում ապրել եմ, ինձ համար հայաստանյան միջավայրը հանգիստ էր, ծանոթ՝ որպես ռեժիսոր աշխատելու համար:
– Ի սկզբանե նախատեսված է եղել ֆիլմը նկարահանել Իրանի և Աֆղանստանի սահմանամերձ տարածքում: Բայց նկարահանումները տեղափոխվեցին միջազգայնորեն չճանաչված Արցախի տարածք, ավելին՝ ֆիլմի լեզուն դարձավ Արցախի բարբառը: Սա հակասությունների պատճառ չդարձա՞վ իրանցիների համար: Չէ՞ որ ընդամենը Արցախում գտնվելն արդեն բավական է, որ մարդիկ հայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
– Երբ սցենարը գրում էի, մտածում էի, որ պիտի նկարեմ Իրան-Իրաք սահմանի մերձակայքում: Բայց կային բարդություններ՝ սկսած այդ սահմանին եղած խնդիրներից, այնտեղ եղած ենթատեքստերից, որոնք առաջ քաշված միտումների հետ ներդաշնակ չէին: Ինչ վերաբերում է Իրան-Աֆղանստան սահմանին, այստեղ էլ ապահով վիճակ չէր, գործնականում անհնար էր նկարահանում իրականացնել: Ինձ համար հոգեհարազատ միջավայր էր Արցախը, և մենք՝ պրոդյուսերի հետ եկանք այն եզրակացության, որ գործնականորեն ամենաճիշտ տեղանքը Արցախն է: Պրոդյուսերը համադրեց աշխատանքները, վերլուծություններ արվեցին, թե արդյո՞ք բարդություններ չեն ծագի քաղաքական հողի վրա: Իրանի արտգործնախարարության հետ պետք է համաձայնեցնեինք մեր քայլերը, այնտեղից ստացանք պատասխան, որ մենք գեղարվեստական գործ ենք անում, և դա ոչ մի քաղաքական ենթատեքստի հետ չի առնչվում: Հայաստանյան կողմից էլ խնդիրը կարգավորեցին մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ես՝ անձամբ: Այսինքն՝ ամեն բան հարթ ընթացք ունեցավ, և մեր կինոնախագիծն իրականացավ Արցախում:
– Դուք կանխամտածել էիք ֆիլմը նկարահանել Դադիվանքում, սակայն Ապրիլյան պատերազմը խափանել է Ձեր ծրագրերը, և նկարահանումները տեղափոխվել են Գեղարդ: Ունե՞ք ծրագիր՝ հետագայում որևէ ֆիլմ նկարահանել Դադիվանքում:
– Դա իմ ամենացավոտ կողմն է: Գուցե ոմանց մանկամտություն թվա, եթե անկեղծորեն խոստովանեմ զգացողությունս: Բայց հոգ չէ, որ ոմանք կարող են այդպիսի կարծիք կազմել իմ մասին, որ կարող են մտածել, թե խոսքս հասուն, արհեստավարժ մարդու խոսք չէ. ես կասեմ այն, ինչ իսկապես զգում ու մտածում եմ: Եթե ի սկզբանե՝ նախագծի մեկնարկից առաջ, իմանայի, որ ֆիլմը հնարավոր չի լինելու Դադիվանքում նկարել, ես պատրաստ չէի առհասարակ ֆիլմ նկարելու: Ցավոք սրտի, ապրիլյան դեպքերի բերումով մենք ֆիզիկապես զրկվեցինք Դադիվանքում նկարահանում անելու հնարավորությունից: Բայց պնդեցի, որ եկեղեցում զինվորների մասնակցությամբ տեսարանն անպայման նկարվի: Նկարեցինք Գեղարդում, բայց այնպես, որ չզգացվի, թե Գեղարդն է: Կադրերում սյուներն ու խորանն են: Աշխատել ենք հնարավորինս հարազատ մնալ Դադիվանքի գլխավոր եկեղեցու կոլորիտին: Այդ պատճառով էլ եկեղեցու հատվածում չունենք դրսի պլան, որովհետև Գեղարդը ոչ մի կերպ չի կարելի շփոթել այլ եկեղեցու հետ, եթե այն նկարվի դրսից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե հետագայում կնկարե՞մ Դադիվանքում, ասեմ, որ մի օր հաստատ ի սրտե կցանկանամ Հայաստանում նկարվելիք որևիցե կինոնախագծի մի հատված նկարել Դադիվանքում: Կոնկրետ ինչ-որ բան այդ իմաստով չեմ կարող ասել հիմա, առայժմ սիրտս է ուզում:
– Հավաստիացնեմ, որ ստեղծագործական խմբից ում հետ որ բախտ եմ ունեցել զրուցելու, մեծագույն գորովանքով են խոսել «Եվա» ֆիլմի մասին: Մասնավորապես՝ ֆիլմի կոմպոզիտոր Վահան Արծրունին, գլխավոր դերակատարներից՝ Շանթ Հովհաննիսյանը: Որպես ռեժիսոր՝ ի՞նչ սկզբունքով եք ընտրել ֆիլմի ստեղծագործական կազմը:
– Ֆիլմի օպերատորին՝ Հասան Քյարիմին, ընտրել եմ իրանական կողմից: Ընտրել եմ ամենասկզբում՝ իմանալով իր ճաշակը, վերաբերմունքը, պատկերային զգացողությունը, մեր փոխհարաբերությունը արհեստավարժ հարթակում: Երբ նախագիծը հստակեցված էր, պարզ էր դարձել, որ նկարելու ենք Հայաստանում՝ Արցախում, սկսեցի դերասանական կազմի ընտրությունը: Նստեցի համակարգչի առաջ և որոնեցի հայ կին դերասանների:
– Եվ գտաք Նարինե Գրիգորյանի՞ն:
– Այո՛: Նարինե Գրիգորյանին արդեն վաղուց գիտեի: Տեսել էի նրան թատերական դերերում: Համակարգչի էկրանին տեսա Նարինե Գրիգորյանի դեմքը, և հասկացա, որ նա համապատասխանում է իմ երևակայության մեջ գոյություն ունեցող Եվային՝ ֆիլմի գլխավոր հերոսուհուն: Բայց այդուհանդերձ, եկա Հայաստան և ամիսներ շարունակ ներկա եղա հայաստանյան բոլոր թատերական ներկայացումներին, դիտեցի ֆիլմեր, սերիալներ: Հանդիպեցի մի շարք դերասանների, զրուցեցի նրանց հետ: Բայց համոզվեցի, որ այն պատկերը, որ առաջինն եմ տեսել, ամենից հարմարն է: Երկար մտածումներից հետո են ընտրվել բոլոր դերասանները՝ Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Տիգրան Դավթյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովը, Նանոր Պետրոսյանը: Նրանց բոլորին ընտրեցի Երևանում: Ինձ համար տիպաժների ընտրության մի շարք չափանիշներ կան: Արտաքինից բացի, շատ եմ կարևորում նաև ձայնը: Ինձ հետաքրքրում էր, թե ոչ հայ հանդիսատեսն ինչպես է ընկալելու հայերենը, արցախյան բարբառը, ինչպես է ֆիլմի լեզուն հնչելու նրա ականջին: Ցանկանում էի, որ օտարներին այդ խոսքը ներքին էներգետիկ ազդակներ հաղորդի. դրա վրա աշխատել եմ ամիսներով: Ինձ համար միջազգային տարբեր փառատոներում լսածս ամենաարժեքավոր կարծիքն այն է, որ ֆիլմում հնչող խոսքն իրենց երաժշտություն է թվում: Դժվար հարցերից մեկն այն էր, որ ճարտարապետի դերակատարին պատկերացնում էի արևմտահայի կերպարով: Մտածում էի, որ պիտի ունենա արևմտահայի ակցենտ, որ դա չպիտի լինի շինծու, որ նրա արևմտահայերեն խոսքը չպիտի լինի արհեստական խաղ, այլ պիտի լինի բնական, նրա կրած լեզուն: Թեև Վրեժ Քասունին դերասան չէր, բայց ինձ ծանոթացրին նրա հետ, և ես տեսա նրան ճարտարապետի դերում: Այդպես ամբողջացավ դերասանական կազմը, որի աշխատանքը տվեց շատ լավ արդյունք: Իսկ մնացած դերասաններին ընտրեցինք կա՛մ արցախյան թատերական անձնակազմից, կա՛մ ոչ դերասան արցախցիներից՝ պարզ ժողովրդից: Եվ համատեղել-հավասարակշռել այս բոլոր շերտերի աշխատանքը՝ սկսած ոչ դերասանից, արցախցի սիրողական դերասանից մինչև երևանցի արհեստավարժ դերասանը, ամենաբարդ ու աշխատատար գործն էր: Կարծում եմ՝ ստացվել է այդ գործը և լավ է ստացվել: Դա շատ հաճելի գործընթաց էր: Դերասաններն ի սրտե համագործակցում էին և հավատում էին այն բանին, ինչ անում էին: Ինձ հետ կապված էլ կար բարդություն: Ես սփյուռքահայ եմ, դժվար էր հայաստանցիների համար հավատալ, որ ես ու իրենք կկարողանանք արդյունավետ համագործակցել: Բայց մենք հավատացինք իրար, և բարի համագործակցությամբ արդյունք ստեղծվեց: Իսկ Վահան Արծրունին այն հրաշալի գործընկերն էր, որ ֆիլմի նկարահանումներն ավարտելուց հետո միացավ մեզ: Նարինե Գրիգորյանը ներկայացրեց նրան, թեև ես նրա երաժշտությունը մինչ այդ էլ լսել էի: Վահանի Կոմիտաս-Մաշտոց շարքը ինձ միանգամից համոզեց, որ նա մեր ֆիմի երաժիշտն է. անպայման ուզում էի, որ ֆիլմի կոմպոզիտորը լինի հայ: Պայմանավորվեցինք, և Վահանը ֆիլմի երաժշտության վրա աշխատանքն իրականացրեց մեկ-երկու շաբաթում: Նա շատ մանրակրկիտ ու սիրով աշխատեց: Վահանն ինձ հիացրեց ոչ միայն որպես երաժիշտ-ստեղծագործող, այլև որպես մարդ: Ինձ շատ էր մտահոգում այն հանգամանքը, որ երաժիշտները ձգտում են ֆիլմից առանձին հնչեցնել իրենց երաժշտությունը: Վահանի հոգու խորքում կա արվեստագետին վայել մի այնպիսի գեղեցիկ համեստություն, որի շնորհիվ նա ֆիլմի ամբողջ սիմֆոնիայի մի մասը եղավ, չցանկացավ իր երաժշտությունն ավելի շեշտադրված լինի, քան ֆիլմի մյուս գործոնները: Ամփոփեմ. Հայաստանում ֆիլմ նկարելը շատ դժվար է, բայց ես երազում եմ Հայաստանում ֆիլմ նկարել:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ