Պրեմիերա՝ օպերային թատրոնում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում hոկտեմբերի 7-ին առաջին անգամ տեղի կունենա «Անդրե Շենիե» օպերայի համերգային կատարումը:
Օպերայի գլխավոր հերոսը ճանաչված ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեն է, որը սկզբում ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հետագայում մերժել յակոբինյան դիկտատուրան, պաշտպանել թագավորին և քննադատել յակոբինյանների գլխավոր առաջնորդ Ռոբեսպիերին:
Հետապնդումների պատճառով բանաստեղծը երկու անգամ փորձում է փախչել Փարիզից, բայց ձերբակալվում է: Բանտում անցկացրած օրերին էլ Անդրե Շենիեն գրում է իր լավագույն բանաստեղծությունները, որոնցից ներշնչվել է Լուիջի Իլլիկան լիբրետոն ստեղծելիս:
1794 թ. հուլիսի 25-ին Անդրե Շենիեին մեղադրել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և նույն օրը մահապատժի ենթարկել:
«Անդրե Շենիե» օպերայի համերգային կատարման բեմադրող դիրիժորն է իտալացի Ջանլուկա Մարչանոն, գլխավոր խմբավարը Հրաչ Բորյանը։ Անդրե Շենիեին մարմնավորելու է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում