20 տարի անց լեգենդար անսամբլը հյուրախաղերի էր մեկնել ամենամոտ հարեւան երկիր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: «Առավոտը» Հայաստանի պարի պետական վաստակավոր անսամբլի ֆեյսբուքյան էջից տեղեկացավ, որ վերջերս, շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո, կոլեկտիվը մենահամերգ է ունեցել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնում:
Երեկոյին ներկա են գտնվել Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, հայ ու վրաց հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Մեզ հետ զրույցում անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը ավելացրեց ցանկը, հիշատակելով Վրաստանի պարարվեստի միության 35 խորեոգրաֆների, տեղի մշակույթի նախարարության երեք տասնյակից ավելի աշխատակիցների, վիրահայ համայնքի ներկայացուցիչների անունները, հետո էլ հավելեց. «Բացման խոսքով հանդես եկան Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին, խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Վոլսկին: Եվ քանի որ համերգն անցկացվում էր Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, բարձրաստիճան պաշտոնյաները ողջունեցին ու շնորհավորեցին տոնի առիթով, որը իսկապես մեր ժողովրդի պատմության եւ պայքարի կարեւոր ու թանկ ձեռքբերումներից է»:
Իսկ թե ինչո՞ւ տասնամյակներ հետո միայն ազգային վառ ու ինքնատիպ դիմագծով, հայ պարարվեստի նմուշներն իր լավագույն դրսեւորումներով աշխարհին ներկայացրած, 60 տարին բոլորած լեգենդար անսամբլը կրկին հյուրախաղերի մեկնec ամենամոտ հարեւան երկիր, պարոն Չանչուրյանը շրջանցելով հարցը, ընդամենը նշեց, որ հրավերը ստացել են Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանից:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ առաջիկայում անսամբլը կմեկնի Արցախ, հանդես կգա զորամասերում եւ Ստեփանակերտի Երիտասարդության մշակույթի կենտրոնում: Պարի պետականի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանն էլ հայտնեց, որ ներկայացել են 18 բեմադրություններից բաղկացած ամբողջական ծրագրով եւ հատուկ շեշտեց, թե ընդգրկված է եղել իր խորեոգրաֆիայով «Կոմիտասյան էսքիզները», որը մշակել է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, անսամբլի գործիքային մասի ղեկավար Հայկ Գրիգորյանը:
Ի դեպ, հայաստանցի հանդիսատեսին «Կոմիտասյան էսքիզները» ծանոթ է դեռեւս մարտից՝ Վարդապետի ծննդյան հոբելյանին նվիրված անսամբլի համերգից: «Մեր այս համերգը բացի տոնական լինելուց, ուներ մեկ առաքելություն եւս՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մոտ բարձրացնել ինքնապահպանման ոգին: Համերգի ընթացքում իսկապես չդադարող ծափողջույններից բացի, գոհունակության եւ շնորհակալական խոսքեր հնչեցին նաեւ ելույթից հետո, թատրոնի ետնաբեմում: Իսկ Երեւան վերադառնալուց հետո, երբ դիտում էի տեսագրությունը, նկատելի էր, որ հանդիսատեսը հուզմունքից արտասվում էր…»,- հայտնեց Ասատուր Կարապետյանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում