Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին
Նմանատիպ
Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց նման մակարդակի փոխայցելությունները, որոնք միտված են նպաստելու երկու երկրների միջև առկա հարաբերությունների առավել զարգացմանն ու գործակցության ոլորտների ընդլայնմանը, և ողջունեց այս ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Հայաստանը և Լիտվան մշտապես ունեցել են բարեկամական կապեր` վերհիշելով լիտվացիների զորակցությունը հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման և արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին:
Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց քրիստոնեական հավատքին և հայոց պատմության ընթացքում փորձությունների հաղթահարման գործում դրա կարևոր դերակատարությանը` մասնավորապես խոսելով Հայոց Եկեղեցու առաքելության մասին:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Լիտվայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման առնչությամբ` կարևորելով դա ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնման, այլև մարդկության կյանքում նման ոճիրների կանխարգելման տեսանկյունից:
Լիտվայի խորհրդարանի նախագահն իր հերթին անդրադարձավ պատվիրակության առաքելությանը և երկկողմ հարաբերությունների առավել արդյունավորման անհրաժեշտությանը` վերահաստատելով պատրաստակամությունը Լիտվայի հարուստ փորձառությամբ տարբեր հարցերում աջակցելու Հայաստանին: Պրն. Վիկտորաս Պրանցկետիսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նաև Լիտվայի Հանրապետության կրոնական խճապատկերը, խոսեց արժեհամակարգի մասին:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Լիտվայի Սեյմասի խոսնակը անդրադարձան նաև երկու երկրներին ու ժողովուրդներին հուզող խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերահաստատման անհրաժեշտությանը և այդ համատեքստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Նորին Սրբությունը ներկայացրեց նաև այս կապակցությամբ Հայոց Եկեղեցու կողմից գործադրված խաղաղարարական ջանքերը:
Հանդիպման ավարտին Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն։
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում