Սերգեյ Սմբատյանը պատմել է՝ ինչպես համակարգչին սովորեցրին գրել հայկական երաժշտություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԴասА նախագծի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդիպել է ավագ դպրոցների աշակերտների հետ։ Սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մաեստրո Սմբատյանը աշակերտների հետ զրուցել է «Տեխնոլոգիաները և երաժշտությունը» թեմայով, ներկայացրել WCIT համաշխարհային նվագախմբի ձևավորման գաղափարը, խոսել հոկտեմբերի 6-ին կայանալիք համերգի ծրագրի մասին։
«Մեր հասարակությունը ենթագիտակցորեն շատ կարևորում է դասական երաժշտությունը։ Ու պատահական չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորագույն իրադարձությունը Հայաստանում որոշվեց սկսել դասական երաժշտության համերգով։ Մտածեցինք՝ ինչ անել, որպեսզի ՏՏ աշխարհում առանձնանանք, և որոշեցինք համաձուլել տեխնոլոգիաներն ու արվեստը։ Մենք հասկացանք, որ արվեստում Հայաստանն ունի էմոցիայի, ինտելեկտի և գաղափարների այնպիսի պաշար, որ պետք է ստեղծի նոր բան։ Առաջին անգամ մեզ մոտ կհնչի արհեստական տաղանդի արդյունքը՝ համակարգչի մոդելավորած երաժշտությունը, որը հայկական է»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։
Ուշագրավ է, որ ՏՏ համաշխարհային համաժողովի շատ մասնակիցներ, տեղեկանալով WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման, ելույթի և նորարարության մասին, որոշել են մեկ օր առաջ ժամանել Երևան, որպեսզի ականատես լինեն նվագախմբի բացառիկ ելույթին ու արհեստական բանականության և արվեստի գեներացրած արդյունքին։
Պարոն Սմբատյանը տեղեկացրել է, որ ավելի քան ութ ամիս ՏՏ ոլորտի մասնագետները, երաժիշտներն աշխատել են այս գաղափարի վրա և արհեստական բանականությանը սովորեցրել են գրել հայկական երաժշտություն։
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել են նաև իրական և համակարգչի ստեղծած երաժշտությունների նմուշներ։ Կոնկրետ օրինակների վրա բացատրվել է, թե ինչ տարբերություններ կան իրական և արհեստական մեղեդիների միջև։ Ընդ որում, հետաքրքիր էր, որ ներկաներից շատերը կարողացել են զանազանել համակարգչի ստեղծած երաժշտությունն ու իրականը և դա բացատրել են նրանով, որ համակարգչի ստեղծածը զուրկ է զգացմունքայնությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում