Ցուցադրվեցին բացառիկ նմուշներ` Թումանյանի ինքնագրերով գրքերն ու Կոմիտասի նոտաները

Ցուցադրվեցին բացառիկ նմուշներ` Թումանյանի ինքնագրերով գրքերն ու Կոմիտասի նոտաները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում բացվել է Հովհաննես Թումանյանի ինքնագրերով գրքերի և Կոմիտասի նոտաների ցուցադրություն, որին հաջորդեց գրադարանավարի օրվան նվիրված տոնական միջոցառում` Project LA խմբի մասնակցությամբ: Դասական ստեղծագործությունները հնչեցին Project LA-ի մեկնաբանությամբ, իսկ գրադարանավարները պարգեւատրվեցին:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Ազգային գրադարանի հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանը, թեեւ գրադարանը մեծ շուքով անդրադարձել է Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյաններին, սակայն որոշեցին նաեւ փոքրիկ ցուցադրություն ունենալ. «Ներկայացված են Թումանյանի ինքնագրերով գրքերը, որոնք պահվում են Հայաստանի ազգային գրադարանում եւ Կոմիտասի նոտաներն ու գրականության լավագույն նմուշները: Բնագրերով գրքերը տեղ են գտել անձեռնմխելի գրականության բաժնում: Սա հազվադեպ ցուցադրություն է, եւ այս նմուշները միշտ չէ, որ դրվում են ցուցադրության»:

Սյուզան Չիչակյանը հավաստիացրեց, որ նախորդ տարվա համեմատ իրենք ընթերցողների կտրուկ աճ են գրանցել, ընթերցասրահում երբեք ազատ տեղ չի լինում այս տարի էլ ներդրվել է գրքերի ստացման նոր մեթոդ` գրականությունը ձեռք են բերում մրցութային եղանակով եւ ավելի մատչելի գնով:

Գրադարանների աշխատավարձերին էլ անդրադարձանք: «Այնպես չէ, որ բարձր է աշխատավարձը այն աշխատանքի համեմատ, որ անում, են գրադարանավարները առավոտից երեկո: Գրադարանը միայն գիրք տրամադրող չէ, գրադարանը գիտահետազոտական կենտրոն է, որտեղ կատարվում է թվայնացում, հետազոտություններ: Այն գումարը, որ ստանում են գրադարանավարները, թերեւս վերանայման կարիք ունի, որովհետեւ մարդիկ օրնիբուն աշխատում են եւ գրադարանավար ունենք, որ 30, 45 տարի աշխատում են: Լավ կլիներ, որ գրադարանավարները լինեին կառավարության կենտրոնում»,-ասաց Չիչակյանը: Հայտնեց, որ Հայաստանի ազգային գրադարանը կապեր ունի Մոսկվայի համալսարանի գրադարանի հետ, արդյունքում, եթե որեւէ գիրք չեն գտնում, Հայաստանի ազգային գրադարանը կարող է պատվիրել Մոսկվայից:

Հարցրինք օտարերկրացիները հատկապես ինչ տեսակ գրականություն են պատվիրում: Սյուզան Չիչակյանն ասաց, որ հիմնականում մասնագիտական գրականություն են պատվիրում, եւ նրանք մեծ մասամբ բժշկական համալսարանի ուսանողներն են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/10/07/1070475/

© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հետևեք մեզ նաև Telegram-ում