Եղիշե Չարենց․ Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու
07/10/2019 21:11
Նմանատիպ
Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու –
Սի՜րտս գիտե միայն` արշալույս է գալու:
Սիրտս գիտե հիմա` պիտի իջնի գիշեր,
Պիտի մեռնի, մարի ամեն կարոտ ու սեր:
Մութը պիտի իջնի ու աշխարհը այս հին
Պիտի ցնո՜րք դառնա, պիտի գգվի մահին:
Պիտի ցնդի, մարի, որպես հեռու մի հուշ –
Մինչև կարմիր վառվի արշալույսը անուշ:
Մինչև վառվի մուժում արևը հուր, հզոր –
Ու նո՛ր փայլով խնդա հորիզոնը բոսոր:
Սիրտս գիտե հիմա, որ արևը մեր այս –
Փայլ է ուրի՛շ կյանքի, ուրիշ կյանքի երազ:
Պիտի իջնի, մարի երկինքներում բոսոր –
Որ արթնանա նորից` հեռավոր ու հզոր:
1919-1920
Հետևեք մեզ նաև Telegram-ում