«Թարգմանչաց տոնը» կմիջազգայնանա և Հայաստանում կհյուրընկալի տասը արտասահմանյան ներկայացուցիչների
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ առաջին անգամ «Թարգմանչաց տոնը» նշվելու է որպես միջազգային տոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 10-15-ը: Տոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալելու է գրողների, թարգմանիչների աշխարհի տարբեր երկրներից, մարդկանց, որոնք հայ գրականության ինքնատիպ նմուշները թարգմանել են իրենց լեզվով` նպաստելով մեր գրականության հանրահռչակմանը:
Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այս տարի դնում են տոնի միջազգայնացման հիմքը: «Մենք հյուրընկալելու ենք գրողների, թարգմանիչների արտերկրից: Նրանցից են Վահիդ Նադերը Գերմանիայից, Ղավամեդդի Ռազավիզադեն և Վարանդը Իրանից, Կալինա Իզաբելա Զիոլան Լեհաստանից, Ալան Ուայթհորնը Կանադայից, Նինա Գաբրիելյանը Ռուսաստանից, Մաղվալա Գոնաշվիլին, Բաղաթեր Արաբուլին, Մանանա Գոգիաշվիլին Վրաստանից, Վարդան Հակոբյանը Արցախից և Օլեքսանդր Բոժկոն Ուկրաինայից: Հրավիրվածների մի մասը հայ գրականության նմուշները թարգմանել են իրենց լեզվով և Հայաստանում ներկայացնելու են իրենց աշխատանքը»,-տեղեկացրեց Միլիտոնյանը:
Նրա խոսքով` տոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին Հայաստանի գրողների միությունում: Հոկտեմբերի 12-ին հյուրերը և փառատոնի մասնակիցները կայցելեն Օշական, կմասնակցեն «Թարգմանչաց տոնի» միջոցառումներին, որտեղ կանցկացվի «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Փառատոնի մյուս օրերին հյուրերը կլինեն Գյումրիում, կհանդիպեն Շիրակի մարզի գրողների հետ, կծանոթանան տեղի մշակութային կենտրոններին:
Խոսելով «Թարգմանչաց տոնի» կարևորության մասին` Միլիտոնյանը շեշտեց, թե յուրաքանչյուր հայ մարդ գիտի, որ այն դարերի պատմություն ունի: «Դեռ 5-րդ դարում, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց գրերը, անմիջապես սկսեցին թարգմանություններ իրականացնել Սահակ Պարթևը, Մաշտոցը, Կորյունը և այլք: Թարգմանվեց Աստվածաշունչը. եզակի իրադարձություն է, երբ գրերի գյուտից անմիջապես հետո երկրում նման մեծ ձեռնարկ են իրագործում, ինչը դարձավ մեր ժողովրդի ոչ միայն ինքնության պահպանման, այլև պետականության հիմքը»,-ընդգծեց միության նախագահը:
Նա կարևորեց այն փաստը, որ վերջին 15 տարում մեր և՛ դասական, և՛ ժամանակակից թարգմանական գրականության այլ երկրներում տպագրումն ու հրատարակումը բարձր ալիքի վրա են:
Միլիտոնյանի հավաստիացմամբ` դրան նպաստել է այն, որ հայ գրականության բազմաթիվ նմուշներ թարգմանվում են օտար լեզուներով, ներկայացվում միջազգային ցուցահանդեսներում, փառատոններում, արդյունքում մեր գրականության նկատմամբ օտարների հետաքրքրությունը գնալով մեծանում է:
«Մենք գրական ամուր կապեր ունենք մի շարք երկրների հետ, որոնց թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Սերբիան, Գերմանիան, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը, Իրանը: Վերջին չորս տարվա ընթացքում կապերն ամրապնդվել են նաև Ղազախստանի, Լիտվայի, Լեհաստանի, Չինաստանի հետ:
Համագործակցության լայն շրջանակը նպաստեց, որ որոշվեր «Թարգմանչաց տոնը» միջազգայնացնել: «Այդ գաղափարը քննարկել ենք նաև Վեհափառի հետ: Ծրագիրը ներկայացրել ենք մրցույթի և ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհը»,-ասաց նա:
Գրողների միությունը վերջին 20-30 տարվա ընթացքում «Թարգմանչաց տոնը» նշել է միջազգային մակարդակով, տարբեր երկրներից Հայաստան են հրավիրվել գրողներ, թարգմանիչներ: Վերջին տարիներին հիմնվել է «Կանթեղ» անունով մրցանակ, որը տրվում է Սփյուռքի և Հայաստանի լավագույն թարգմանիչներին:
«Թարգմանչաց տոնը» Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: «Թարգմանչաց տոնը» նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում