Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում հոկտեմբերի 5-ին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ տեղի է ունեցել հայտնի հայ գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանի արձանի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։
Սահակ եպիսկոպոս Մաշալյանն իր խոսքում նշել է, որ Պարոնյանը հայ գրականության զարթոնքի շրջանի գրողներից է, նրա գլխավոր գործն է եղել դիտել, քննել, ուղղել։
«Լավը գնահատել է, իսկ տեսած թերությունները երգիծանքի միջոցով քննադատել է։ Ընդհանարապես, նրա շրջանի մարդիկ այնքան էլ չեն հանդուրժել նման ոճը, բայց իր հաջորդները մեծ հիացմունքով են ընթերցել նրա գործերը։ Մենք մեր արժեքները միշտ մեր աչքերի առաջ պետք է ունենանք, որպեսզի չմոռանանք նրանց։ Պարոնյանի արձանը պետք է հիշեցնի իր ներկայությունն ու այցելուները այստեղ պետք է հիշեն Պարոնյանի երգիծանքը»,- ասել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասում գտնվում է հայկական գերեզմանատունը։ 1830 թվականին Օսմանյան կայսրության պաշտոնական հրովարտակով գերեզմանատան տարածքը տրամադրվել է Ստամբուլի հայերին: Սկսել է գործել 1865 թվականից։ Կառավարվում է և պահպանվում Թուրիքայի հայկական համայնքի կողմից: Գերեզմանատունը 1930 թվականին ընդունված օրենքով փոխանցվել էր Ստամբուլի քաղաքապետարանին, սակայն 2015 թվականին սեփականության իրավունքը վերադարձվել է և 80 տարի ժամկետով պատկանում է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին: Ունի մոտ 41,950 քմ մակերես, մոտավորապես 700 միլիոն թուրքական լիրա արժեք։ Գերեզմանատանը թաղված է հայտնի հայ մտավորականներ, արվեստագետներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում