Մենք ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն. Իշխան Զաքարյան

«Ի՞նչ է ասել կառավարությունը, որի հետ Վերահսկիչ պալատը համաձայն չէ։ Մենք ասում ենք, որ գնումների համակրգում կան լուրջ խնդիրներ, ես այսօր դեռեւս չեմ կարող պնդել, որ ամեն ինչ շտկված է, ամեն ինչ լավ է, բայց չեմ էլ կարող ասել, որ ամեն ինչ շատ վատ է»,-  2012 թվականի ՎՊ-ի տարեկան հաշվետվության քննարկման ավարտին’ իր եզրափակիչ ելույթում, Haynews.am-ի փոխանցմամբ ասել է Իշխան Զաքարյանը’ տեղեկացնելով, որ ուրբաթ օրն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետի հետ, գնումների գործընթացի խնդիրների հետ կապված։

Նա նշել է, որ որեւէ խնդիր չի տեսնում Վերահսկիչ պալատի գործառույթների ուժեղացման եւ ընդլայնման առումով, եւ իրենց փոխհարաբերությունները կառավարության հետ գործընկերային է. «Խնդիրներ դեռեւս կան, գուցե մեր առաջարկները շատ լավը չեն, բայց մենք երբեք չենք փորձել սեւը սպիտակ դարձնել կամ լավը չտեսնել»։

Նա պաշտոնապես նաեւ հայտարարել է, որ դատախազության վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել, ինչպես պնդում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, այլ տեղեկացրեց, որ այդ տարիների ընթացքում Վերահսկիչ պալատը դատախազություն է ուղարկել 30 գործ, բոլորի առթիվ հարուցվել են քրեական գործեր։

Հիշեցնենք, սակայն, որ նա իր ելույթում նշել էր, որ հիասթափված են Գլխավոր դատախազությունից, քանի որ իրենք իրենց բացահայտումների արդյունքները ուղարկում են դատախազություն եւ այլեւս չեն կարողանում իմանալ, թե ինչ ճակատագիր են ունենում այդ գործերը։

«Ինչու Վերահսկիչ պալատն ավելի շատ գործեր չի ուղարկում դատախազություն։ Այո, ՎՊ-ն կշտկի իր սխալը, մենք ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն եւ թող որեւէ մեկը չկասկածի։ Արդեն ժամանակն է’ ավելի խիստ մոտեցումներ ցուցաբերել այն կառույցների եւ անհատների նկատամամբ, ովքեր սխալ պատկերացում են կազմել պետբյուջեի ծախսերի վերաբերյալ», – եզրափակեց Իշխան Զաքարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում