Աստվածաշնչյան աֆորիզմները 18 լեզվով. Լույս է տեսել Արշակ Սարգսյանի նոր բառարանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից ռուսաց լեզվում հաճախ կիրառվող աստվածաշնչյան ավելի քան հարյուր թևավոր խոսք և աֆորիզմ 18 լեզվով տեղ են գտել «Աստվածաշնչյան իմաստության ավանդը» (Лепта библейской мудрости) բառարանում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի համահեղինակ, Հայ-ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Արշակ Սարգսյանն ասաց, որ սա իր յոթերորդ բառարանն է: Հուսով է՝ դեռ նորերը կլինեն:
«Կարծում եմ՝ Աստվածաշնչի իմաստությունն աշխարհիս երեսին ոչ մի գիրք չունի և դժվար էլ ունենա: Ցավոք, երիտասարդներն այսօր չեն օգտագործում թևավոր խոսքեր, չգիտեն դարձվածքները, իսկ դրանք լեզվի հարստությունն են: Ինչո՞վ է մի լեզուն տարբերվում մյուսից. միայն դարձվածքներով: Այս գրքում աֆորիզմները և թևավոր խոսքերը ներկայացվել են սլավոնական, ռոմանական լեզուներով, հայերենով և վրացերենով: Աստվածաշնչի թևավոր խոսքերը ամեն լեզվով յուրատիպ են հնչում: Տեքստը նույնն է, բայց թևավոր խոսքը՝ այլ: Դա շատ գրավիչ է ու հետաքրքիր»,-շեշտեց Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ Աստվածաշնչից 130 թևավոր խոսքն ընտրել են գիտական խորհրդի հետ երկու տարի համատեղ աշխատանքի արդյունքում: «Ըստ իս՝ կարելի էր 230-ը առանձնացնել, բայց որոշեցինք ավելի քիչ»,-ասաց համահեղինակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում