Սևան լճում ձկնային պաշարների կտրուկ անկում գոյություն ունի. Վլադիմիր Մովսիսյան

Սևան լճում ձկնային պաշարների կտրուկ անկում գոյություն ունի, ինչը չափազանց բացասական երևույթ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Panorama.am-ի փողանցմամբ նման մտահոգություն է հայտնել ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Նա տեղեկացրել է, որ էնդեմիկ տեսակների առումով աշխատում են երկու ուղղության: Առաջին՝ արհեստական վերարտադրության ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ըստ Վ. Մովսիսյանի, տալիս են դրական արդյունք. մանրաձուկը աճեցվում է ուրիշ տեղ, այնուհետև լցվում է Սևանա լիճը: Վերջին յոթ տարիների ընթացքում 1 միլիոն 800 հազար մանրաձուկ է լցվել Սևանա լիճ: Իրականացվում է նաև ցանցավանդակային ճանապարհով պիլոտային ծրագիր:

Նա նաև մտահոգություն  է հայտնել, որ բնական վերարտադրության առումով հսկայական թերություններ կան. ձկները բնական վերարտադրության են գնում դեպի գետերը, քանի որ լճում չեն կարող ձվադրել: Սևան լիճ է թափվում 28 գետ, ձվադրման համար պիտանի են 9-ը: «Խնդիրներ ունենք՝ գետերի մաքրության ապահովում, հուների կարգավորում: Հիմա ծրագիր ենք մշակում այդ գետերի վրա կառուցված հիդրոկայանների հետ կապված: Խումբն աշխատում է և առաջարկությամբ կմտնենք կառավարություն, որ այն ՀԷԿ-երը, որոնք գետերի հուների վրա են կառուցված, պետք է աշխատեն այնպիսիս ռեժիմով, որպեսզի ձկները գնան ձվադրման»,- մանրամասնել է Վ. Մովսիսյանը:

Նա նաև որպես ձկնային պաշարների նվազման պատճառ նշել է անօրինական որսը. «Քանի դեռ չենք կարգավորել ձկան անօրինական որսը, էական արդյունքների չենք կարող հասնել»: Վ. Մովսիսյանն առաջարկել է, որ պետք է արդյունագործական ձկնորսությունը երեք տարով արգելվի, սակայն մինչև հիմա այդ առաջարկությունը քննարկման փուլում է. «Երեք տարով, քանի որ ձկները սեռահասուն են դառնում երեք տարեկան հասակում ու կարող են ձվադրել»:

ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահն դիտարկմամբ, որսագողության դեմ պետք է պայքարի բնապահպանության նախարարությունը, Սևան ազգային պարկը և վարչական համապատասխան մարմինները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում