Օբաման, Պուտինը և Օլանդը հանդես են եկել ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները, հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ: Նրանք խոր ափսոսանք են հայտնել, որ հակամարտող կողմերը բանակցային գործընթացում չեն կարողացել խնդրի լուծման ուղի գտնել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Rian.ru գործակալությունը:
«Մենք մեր խոր ափսոսանքն ենք հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փորձեն լուծում գտնել՝ հիմնված փոխադարձ շահերը հաշվի առնելու վրա, շարունակում են ձգտել միակողմանի ելքի»,-ասված է երեք երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարության մեջ։
«Համոզված ենք, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը, որը կարող էր խաղաղ կարգավորման հանգեցնել, անընդունելի է, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա»,-ասված է փաստաթղթում։
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան վստահություն են հայտնել, որ վերջին 4 տարիների ընթացքում այդ թեմայով իրենց հայտարարությունները պետք է հիմք դառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման համար։
Երեք երկրների առաջնորդների կարծիքով՝ այդ դրույթները պետք է հաշվի առնվեն որպես մեկ ամբողջություն, ինչպես նաև նշվել է, որ որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը։
«Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի և սպառնալիքի անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք»,-ասված է համատեղ հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում